Զինագործ Մինասը

Զինագործ Մինասը

Ցեղասպանությունից հետո ողջ մնացած սասունցի տղամարդիկ, որոնք հանգրվան գտան Թալինի լեռնաշխարհում, կորցրածը վերագտնելու համար շենացրին իրենց տունը, հայրենիքը, իսկ ամենակարեւորը՝ առաջին հերթին պետք էր շատ երեխա ծնել ու մեծացնել: Այդ գիտակցությամբ էին ապրում բոլորը: Վերին Սասնաշենում հաստատված սասունցի Հայրապետը 14 երեխա ունեցավ: 10-ը ողջ մնացին, տղաներից Մինասը երկաթագործ դարձավ: Դա նախորդ դարի 60-ական թվականներն էին, երբ վարպետի մտքով բնավ չէր անցնում, որ իր մասնագիտությունը 88-ին այդքան պահանջված կլինի, երբ տանկի ու ինքնաթիռի դեմ հայ ազատամարտիկը դուրս կգա որսորդական հրացանով: Ու եթե որսորդական հրացան, ուրեմն՝ այն կատարելագործել էր պետք: Մինասն ամեն օր մի հրաշք էր գործում: Նրա տունը դարձել էր բազմատեսակ զենքերի արտադրամաս՝ հրացան, ական, նռնակ, որոնք, ինչպես ինքն է ասում, փորձարկում էին Պռոշյան գյուղի այգիներում, ընտանիքի անդամների հետ միասին:



 



«Ես գիտեի, որ իմ պատրաստած զինատեսակները գործելու են անթերի ու անվրեպ, դրա համար էլ ընտանիքիս անդամների հետ էի փորձարկում, որից հետո դրանք օգտագործվում էին մարտի դաշտում:



 



Մենք շատ ծանր գնով անկախություն ունեցանք, կարելի է ասել՝ նվաճեցինք: Եթե ԽՍՀՄ մյուս հանրապետությունները հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակեցին, ապա մեզ մոտ հանրաքվեն երկրորդական երեւույթ էր, քանի որ պարտադրված Արցախյան պատերազմ կար, Սպիտակի երկրաշարժն ու դրա հետեւանքները կային: Պատկերացրեք ինչ կլիներ, եթե Արցախյան պատերազմում պարտվեինք, կամ երկրաշարժը մեզ հոգեբանորեն այնքան նսեմացներ, որ գլուխներս կորցնեինք: Այդ դեպքում ոչ մի տեսակ անկախության հանրաքվե մեզ չէր փրկի»,- ասում է Մինասը:



 



4 երեխաների հայր է: Ասում են՝ երկրաշարժից հետո գնացել է աղետի գոտի, որպեսզի ծնողազուրկ երեխաներ որդեգրի: Դժգոհում է Հրանուշ Հակոբյանից, ով հանձնաժողովի նախագահ է եղել ու ընդամենը մեկին է տվել Մինասին՝ 13-ամյա Անուշիկին:



 



«Իմ չորս երեխաներից շատ եմ սիրում,- ասում է,- պահեցի, մեծացրի, ամուսնացրի: 10 թոռ ունեմ, որից 3-ն Անուշիկիս երեխաներն են: 10 թոռն ի՞նչ է: Հայրս 70 թոռ ու ծոռ ուներ: Երբ հավաքվում էինք, տունը չէր բավարարում: Հիմա համ քիչ ենք ունենում, համ էլ արտագաղթում ենք: Էսօր արտագաղթողը պետք է Արցախ գնար: Դա պետական քաղաքականություն պետք է լիներ: Հիմա այնտեղ ժողովրդի, հայի շատությունից ասեղ գցելու տեղ չպետք է լիներ: Ասում ենք մարտունակ, հզոր բանակ ունենք: Դա՝ հիմա: Ես կուզեի հիմա էլ, հետո էլ ասեինք, որ ազատագրված Արցախը տարածաշրջանի ամենահզոր ու զարգացած պետությունն է: Բոլոր ժամանակներն էլ իրենց առաջադրած խնդիրներն ունեն: 88-ը պատերազմի ժամանակաշրջան էր, պատերազմից հետո՝ վերելքի: Ցավոք դա՝ վերելքը, այնքան էլ նկատելի չէ»:



 



Հիմա էլ պաշտպանության նախարարությունում խիստ պահանջված մասնագետ է Մինասը: Բոլոր նախարարների հետ անձամբ առնչվել է, հարգում են: «Զինվոր եմ,- ասում է,- առաջին հերթին՝ իմ ընտանիքի զինվորը: Կռված տղերքի հետ ընկերություն եմ անում, զոհվածներն առավել եւս իմ ընկերներն են: Ավելի շատ նրանց արյան հանդեպ պարտք ունենք: Պարտքը կկատարենք, եթե համախմբվենք հայրենիքի շահի շուրջ, այդպես միայն կհասնենք վերջնական հաղթանակի»:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ