Ծանենք զմեզ

Ծանենք զմեզ

ԵԽ ԽՎ-ում Իլհամ Ալիևը վերստին կրկնել է «ադրբեջանական հողերի վրա  Ռուսաստանի կողմից հայկական պետություն կառուցելու»  մասին հիմարությունը: «Հայոց աշխարհ»-ի մեկնաբան Վարդան Գրիգորյանն էլ զայրացել է, թե ինչու՞ Հայաստանի պատվիրակները ցեխը չեն կոխել նացիստ Իլհամին:



 



Ադրբեջանի բռնապետն, իրոք, պետք է իր տեղը դրվեր` գամվեր անարգանքի սյունին: Բայց այստեղ մի շատ էական հարց է առաջանում. երբ Երևանում ռուսաստանցի լրագրողն ասում էր, որ «աշխարհում հայկական պետականության միակ երաշխավորը Ռուսաստանն է, ինչո՞ւ էր լռում նույն «Հայոց աշխարհը»:



 



Ըստ էության, Իլհամ Ալիևը նույնն է ասել, ինչ` Դիմա Կիսելյովը. «Եթե Ռուսաստանը չկամենար, աշխարհում հայկական պետություն չէր լինի»: Տարբերությունն այն է, որ Իլհամը դրա համար Ռուսաստանին մեղադրում է, իսկ Կիսելյովն` ակնարկում, որ «հայերը պարտավոր են ծնկաչոք աղոթել հանուն Ռուսաստանի արևշատության, թե չէ աշխարհի քարտեզից Հայաստանը կջնջվի»:



 



Բայց մեծ հաշվով ոչ Իլհամն է մեղավոր, ոչ` Դիմա    Կիսելյովը: Նրանք միայն յուրովի սրությամբ փոխանցում են այն, ինչ գրեթե ամենժամյա հաճախականությամբ մենք ենք ասում: Ընդ որում` «անհիշելի ժամանակներից» սկսած:



Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ խորհրդային Վրաստանը կամ Ադրբեջանը նշեին ՙՌուսաստանին միանալու որէ «հոբելյան»: Չի եղել, տոնակատարություններ անցկացվել են միայն ՀԽՍՀ-ում` 1978-ին` ի նշանավորումն «Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու» 150-ամյակի: Բոլորն սպասում էին, որ Երևան կգա Բրեժնևը, բայց եկավ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովը: Ակնարկը թափանցիկ էր, Մոսկվայի համար դա Թուրքմենչայի պայմանագրի հոբելյան էր, Պարսկաստանի դեմ ռուսական զենքի հաղթանակի, ոչ թե` Հայաստանի ազգային տոն:



Վրաստանում կամ Ադրբեջանում կա՞ ռուս զինվորի արձան: Չկա: Իսկ Հայաստանում կա, և ռուս պաշտոնյաները, երբ այցելում են մեր երկիր, պարտադիր հարգանքի տուրք են մատուցում «հանուն հայ ժողովրդի ֆիզիկական գոյության» նահատակված` իրենց հայրենակիցների հիշատակին:



 



Ադրբեջանում խելացի են գտնվել և չեն կանգնեցրել գեներալ Ցիցիանովի արձանը: Թեև հայտնի է, որ վրացական ծագմամբ այդ ռուսաստանցի զինվորականը դավադրաբար սպանվել է Բաքվի պարիսպների տակ, նրա դիակն անարգել, գլուխն անջատել` ուղարկել են Պարսկաստան, իսկ մարմինն, ասում են, հողին են հանձնել Բաքվի հայերը:



 



Անցյալ տարի Ռուսաստանի նախագահ Պուտինը Բաքվում էր: Իլհամ Ալիևը նրան ուղեկցել էր «պատմական կենտրոն», որտեղ նախագահները «թոնրի խորոված էին ճաշակել` ադրբեջանական ազգային լավաշ-հացով»: Փաստացի նախագահական կերուխումը տեղի էր ունեցել… ռուսական բանակի գեներալի «ոսկորների վրա», որովհետև հենց «Իչերի շեհեր»-ում է գտնվել այն հայկական մատուռը, որի բակում թաղվել է Ցիցիանովի անարգված մարմինը:



 



Մեր հողում ռուս զինվորական եթե սպանվել է, ապա միայն` թուրքի ձեռքով: Անգամ 1991-ի «Կոլցո» դաժանագույն գործողությունը մեր սրտում ատելության չեմ ասում, կասկածի իսկ նշույլ չի արթնացրել ռուս զինվորականության հանդեպ: Ես հիշում եմ, այդ օրերին փորձում էինք ռուսական պատժիչ ուժերի հետ ինչ-ինչ «համաձայնությունների գալ»: Հերթական «բանակցության» սեղանին կապիտանի ուսադիրներով մեկը, որ ազգությամբ լատիշ էր, զայրացած նետեց. «Ի՞նչ եք ամեն լակոտի առաջ վիզ ծռում: Ահա ես անզեն եմ եկել ձեզ մոտ, իսկ Աղդամ մտնում եմ ավտոմատով, թե չէ կտան` կսպանեն, հասկանու՞մ եք»:



 



Նա ճշմարտությունն էր ասում: Եվ, ցավոք, ղարաբաղյան պատերազմից հետո էլ մենք «ամեն լակոտի» առաջ վիզ ենք ծռում: Իսկ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին խորոված է հյուրասիրում գեներալ Ցիցիանովի գերեզմանին: Դրա համար էլ Դիմա Կիսելյովն ասում է, որ «աշխարհում հայկական պետականության միակ երաշխավորն Ռուսաստանն է», իսկ Իլհամ Ալիևը` երկրորդում է նրան:



 



Այ, եթե Քանաքեռի բարձունքում կանգնեցվեր Աբովյանի հերոսի` Աղասու արձանը, և ռուս պաշտոնյաները, երբ Երևան այցելեին, պետական պատիվներով մեծարեին հանուն ռուսական զենքի հաղթանակի նահատակված հայ աշխարհազորայիններին, Դիմա Կիսելյովը չէր հանդգնի մեր տանը մեզ Ռուսաստանի «հովանավորյալ» անվանել: Եվ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն Իլհամ Ալիևին ցույց կտար իր «պատմական հայրենիքի» տեղը…



 



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ