ՀՀ-ում մեղադրյալին ստորացնում են այնպես, ինչպես Ռուսաստանում՝ մեր հայրենակցին

ՀՀ-ում մեղադրյալին ստորացնում են այնպես, ինչպես Ռուսաստանում՝ մեր հայրենակցին

Երբ Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով հիվանդանոցից տեղափոխեցին դատարան, մեզանում արդարացիորեն  բողոքի ալիք բարձրացավ, բայց երբ նման խոշտանգումներ են տեղի ունենում մեր երկրի ներսում, նման երեւույթները որպես օրինաչափություն են ընկալվում: ՀՀ իրավապահների թիրախում է հայտնվել մայիսի 17-ին ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի փեսայի կրակոցներից տուժած, ապա մեղադրյալի կարգավիճակ ստացած Վալերի Հովհաննիսյանը, ում հուլիսի 4-ին կալանավորել էին: Երեկ կալանքի միջնորդությունը քննելու համար նրան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան են տեղափոխել ստորացուցիչ պայմաններում, անմարդկային ձեւով: Ըստ նրա պաշտպան  Լեւոն Բաղդասարյանի,  իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել անգիտակից վիճակում ու դատարան են տեղափոխել պատգարակով՝ «աղին կախված» վիճակում: Հովհաննիսյանը ներքին օրգանների հրազենային վիրավորում էր ստացել եւ գտնվում էր «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում, նրա  վիճակը տեւական ժամանակ գնահատվում էր ծանր:



 



Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ, Վարդանանց փողոցում վիճաբանություն էր ծագել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի՝ Գոռ Առաքելյանի եւ Վալերի Հովհաննիսյանի ու Ներսես Մելքոնյանի միջեւ: Ըստ ոչ պաշտոնական վարկածի, երբ Գոռ Առաքելյանը կնոջ ու երեխայի հետ մեքենայով ցանկացել էր դուրս գալ «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից, Հովհաննիսյանը եւ  Մելքոնյանն իրենց մեքենայով փակել էին ճանապարհը, ինչն էլ դարձել էր վիճաբանության եւ կրակոցների պատճառ: Գոռ Առաքելյանը կրակ էր բացել նրանց ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել էր ոչ միայն Վալերի Հովհաննիսյանը, այլեւ պատահական անցորդներ: Դեպքից հետո  կալանավորվեց կրակողը` Գոռ Առաքելյանը, սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով, ավելի ուշ՝ հունիսի 9-ին, Ներսես Մելքոնյանը: Իսկ հուլիսի 4-ին՝ արդեն Վալերի Հովհաննիսյանը: Վերջինիս մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն): Ըստ փաստաբանի, քննիչը հաշվի չի առել ոչ իր հորդորները, ոչ էլ հիվանդանոցի հերթապահ բժշկի գրավոր եզրակացությունը, որ «տվյալ պահին քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել»: Թե ինչով են պայմանավորված  դատարանի եւ քննիչի անմարդկային պահվածքն ու  կալանավորելու շտապողականությունը, Բաղդասարյանը դժվարանում է պատասխանել, քանի դեռ չի ավարտվել նախաքննությունը:



 



Փաստաբանի հավաստմամբ` վարույթն իրականացնող մարմնի «անօրինական» գործողությունները սկսվել են կալանավորման նախորդ օրվանից։ Հուլիսի 3-ին Վալերի Հովհաննիսյանին ձերբակալելու արձանագրություն է կազմվել, գրվել է, որ Կենտրոնի քննչական բաժնում նրան ձերբակալել են, այնինչ Հովհաննիսյանը եղել է հիվանդանոցում։ Հետո քրեական հետախուզության աշխատակիցները, հակառակ բժշկական ցուցումներին, բերման են ենթարկել։ Փաստաբանը կատարվածը համեմատեց անցած տարի Հրաչյա Հարությունյանին խալաթով Մոսկվայի դատարան տանելու միջադեպի հետ. այսօր նույնկերպ մարդուն ստորացնում են հայաստանյան քննչական մարմինները՝ հայաստանյան դատարանում. «…Այսօր մեր համաքաղաքացուն մեղադրանք են առաջադրում, ինքը չի կարողանում գիտակցի, թե ինչում են իրեն մեղադրում։ Պատկերացրեք՝ դատական պրոցես, պատգարակով պառկած է, իսկ կատարվածը հակասում է Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին»: Առողջական ծանր վիճակում գտնվող Վալերի Հովհաննիսյանին կալանավորելու շտապողականության վերաբերյալ մեզ հետ զրույցում մեկնաբանություն ներկայացրեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության պետ  Արսեն Այվազյանը:  «Քրեական գործով ձեռք բերված տվյալները հիմք ընդունելով եւ կալանքի միջնորդություն հարուցելու բավարար հիմքեր ունենալով՝ նախաքննական մարմինը Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է հարուցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ինչը  քննարկվել է դատարանի կողմից, եւ բավարարվել է այն: Արդյունքում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է կալանավորում»,-ասաց Արսեն Այվազյանը: Հիշեցնենք, որ երբ 4 հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանի նկատմամբ կալանքի սանկցիա կիրառվեց եւ մեղադրանք առաջադրվեց, նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը ենթադրեց, որ դրանով նպատակ են հետապնդում մեղմացնել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի արարքը։ «Եթե պատգամավորի փեսա չլիներ, կարծում եմ, շատ բան այլ կերպ կլիներ, կարող է եւ այս դեպքն էլ չլիներ»:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]