Երբեք չպետք է տվածի համար ափսոսալ, որովհետև այն առաջին հերթին երջանկացրել է քեզ

Երբեք չպետք է տվածի համար ափսոսալ, որովհետև այն առաջին հերթին երջանկացրել   է քեզ

Տարիներ առաջ էր: Բժշկական ստուգման պիտի գնայի, իսկ դրա համար, գիտեք, լուրջ գումար է պետք: Ձեռքումս շոշափեցի էնզե 10 հազար դրամս ու նա ուռռա ճանապարհվեցի հիվանդանոց: Ստուգումից առաջ, էլի գիտեք, ոչ մեկի մտքով լավ բան չի անցնում: Ես էլ ձեզանից մեկը, մինչև հիվանդանոց հասնելը 10 անգամ ինձ հորիզոնական դիրքով պատկերացրի, հետո բարձրացա: Երբ պիտի մտնեի հիվանդանոց, մուտքի մոտ ձեռքը մեկնած մի պառավ կին տեսա.



-Բալա ջան, Աստված քեզ երկար կյանք տա, մի քիչ, թե կարող ես, օգնիր ինձ:



Մեխանիկորեն շոշափեցի տաս հազարանոցս ու նայեցի ծեր կնոջը: Ճերմակ մազերը, որոնք անխնամ թափած էին, սիրտս մռմռացրեց: Մայրս նոր էր մահացել,  շատ դյուրազգաց ու խոցելի վիճակում էի: Հենց այնպես, ոնց որ մեկը ձեռքս բռներ ու մեկներ վերջին էնզես այդ ծեր կնոջը.



-Վերցրու, մայրիկ ջան,- ասացի ու մեկնեցի 10 հազարանոցս:



Ծեր կինը նայե՜ց, նայե՜ց ու ասաց՝ գիտե՞ս, որ մեծ փող է, ինձ կյանքում այդքան փող չեն տվել: Ու օրհնանքների հեղեղ թափեց՝ ոտքդ կյանքում քարի չդիպչի: Այն է, ուզում էի ետ դառնալ՝ պարտադի՞ր է իմանալ, թե ինչից ես մեռնում, երբ մեկը ձեռքս բռնեց.



- Ի՜նչ լավ է , որ քեզ տեսա,- հիվանդանոցի տնօրենն էր: - Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:



Ո՞նց ճանաչեց ու հիշեց,- մտածեցի,- ընդամենը մի անգամ եմ հանդիպել ինչ որ հարցազրույցի համար: Այն ժամանակ տնօրեն չէր, կարգին բժիշկ էր:



-Եսիմէ՜,- ասացի,- ուզում էի ստուգվել, բայց մեկ էլ վախենում եմ:



Երեխու պես ինձ առաջն արեց ու ասաց՝ գնացինք: Պարզվեց, որ ոչ մի լուրջ բան չկա: Թեթևակի նշանակումներ ու վերջ: Ստուգումները բավականին թանկ էին, բայց ինձ ինչ:  



Երբ դուրս եկա, արևը մի ուրիշ ձևով էր ժպտում, ամեն ինչ ուրախ էր: Փաստորեն իմ էնզե 10 հազարից մի տաս անգամ շատ գումար էին բաշխել ինձ: Բայց ես ոչ թե ստացածիս  համար էի ուրախ, այլ այն գումարի, որը ես էի տվել: Այդ օրը հասկացա, որ տալը, շռայլելն է ուրախությունը, վերցնելը մի տեսակ խեղճացնում, պարտադրում է մարդուն: Իհարկե, Մարդուն: Ու երբեք չպետք է տվածի համար ափսոսալ, որովհետև այն առաջին հերթին երջանկացնում  է քեզ: Եթե սրտով ես տվել: Եթե դու չես տվել, այլ խիղճդ բռնել է ձեռքդ ու ասել՝ տուր: Իսկ Աստված Մեծ է, փոխհատուցում է, տվողին միշտ ավելիով է տալիս: Շահեք Աստծո բարեհաճությունը:



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ