Գրառումներ «Ոսկե ծիրանից». Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը

Գրառումներ «Ոսկե ծիրանից». Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը

Խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներառված է ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը, որը ցուցադրվեց երեկ: 2010-ին Ռոտերդամի կինոփառատոնի «Հյուբերտ Բալս» հիմնադրամից Սլաբոշպիտսկին դրամաշնորհ է ստացել իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Ցեղի» վրա աշխատելու համար: «Ցեղը» ֆիլմը թեպետ երկար ճանապարհ դեռ չի անցել, բայց հասցրել է մրցանակներ ստանալ («Քննադատների շաբաթ» ծրագրի Մեծ մրցանակ, France 4-ի «Հայտնություն մեծ մրցանակ», GAN-ի աջակցություն ֆրանսիական կինովարձույթում, Nespresso, Կաննի ՄԿՓ, 2014):



 



Այս ֆիլմի հատկանշականությունն ի սկզբանե փոխում է եւ ֆիլմի մասին պատկերացումները, եւ ֆիլմում պատմությունն ընկալելու գործառույթը: Իսկ ֆիլմը հատկանշական է իր լռությամբ: Լռությունը դա պատմողի ձայնն է: Խուլ ու համար հերոսները հարաբերվում են նշանների ու ժեստերի լեզվով: Ունկնդիրների համար ռեժիսորը ոչինչ չի թարգմանում: Գլխավոր հերոսը՝ Սերգեյը, ընդունվում է խուլ ու համրերի մասնագիտացված գիշերօթիկ դպրոց, որն ապրում է օրենքից դուրս, սաների կողմից ստեղծված պիղծ աշխարհի կանոններով:



 



Ուղղիչ աշխատանքային գաղութ կամ բանակային համանման զորամաս հիշեցնող գիշերօթիկում ակտիվորեն գործում է «ցեղը»՝ գումարային, նաեւ առնային հարցերը կարգավորող կազմակերպված հանցախումբը, որն իր հիմնական շահույթն ստանում է կավատությունից: Սերգեյը քայլառքայլ ընտելանում է, ներթափանցում հանցախմբի մեջ, փորձում է հաստատվել, դաժան արարքներով նույնանալ իր հասակակիցների կյանքին: Նա, ինչպես եւ ընթացքում կանխատեսելի է դառնում, սիրահարվում է մարմնավաճառ աղջիկներից մեկին` Աննային, որով հիմնովին խախտում է «ցեղի պարտադիր ավանդապահությունը»:



 



Այս ֆիլմի ձգձգված դրվագների միջեւ շարժման ցուցանյութը դառնում է բռնությունը… Ծեծը, խոշտանգումը, ստորացումը բնավ Միրոսլավ Սլաբոշպիտսկու ֆիլմի փոխաբերությունները չեն: Սրանք գործող պատմությանը դրամատիկ կարեւորություն հաղորդելու խորամանկորեն նետված հիմնական խայծերն են… Բռնությունը՝ որպես մարդկային կեցության մեջ հաստատապես տեղ գտած վերջնական աղետ...



 



Սլաբոշպիտսկու ֆիլմում բռնության տեսարանները գերազանցում են ֆիլմին` մոռացության մատնելով մյուս բոլոր իսկությունները: Ռեժիսորի չափի էսթետիկական զգացողության բացակայությունը մի պահ պատմությունը վերածում է տաղտկալի էպոտաժի (օրինակ՝ տնային հեքիմի կողմից Աննայի վիժեցումը): Բայց եթե ֆիլմից հանենք բռնությունը, դժվար է ասել, թե արդյունքում դրանից ինչ կմնա, քանզի հենց դրա վրա է ռեժիսորական հիմնարար խաղադրույքը:



 



Աննայի հանդեպ Սերգեյի գզացմունքները, որ ոչ մի կերպ ընդունելի ու ընկալելի չեն հանցախմբի մյուս անդամների կողմից, վճռում են եւ իրենց, եւ ֆիլմի ճակատագիրը:



 



Միրոսլավ Սլաբոշպիտսկին գուցե շատ է խորհել, թե նման անելանելի իրավիճակում  հայտնված հերոսն ինչ քայլի կգնա, եւ, ի վերջո, եկել է այն եզրահանգման, որ հերոսին ոչինչ չի մնում, քան հերթով մտնել իր բախտակից ընկերների սենյակներն ու մեկառմեկ ջարդել նրանց գլուխները:



 



Այս ֆիլմում ուկրաինացի ռեժիսորի պատկերած աշխարհն այլեւս աննախադեպ աշխարհ չէ: Երբ ամեն օր ապրում ես բռնության մեջ, նրան տեսնելու ավելորդ ջանքերն անիմաստ են թվում:



 



Միրոսլավ Սլաբոշպիտսկին ֆիլմ չէր նկարահանել: «Ցեղը» պարզապես բռնության հերթական ցուցահանումն էր` ֆիլմի տեսքով:



 



Արամ ՊԱՉՅԱՆ