Գրառումներ «Ոսկե ծիրանից». Էդվարդ Բերգերի «Ջեքը»

Գրառումներ «Ոսկե ծիրանից». Էդվարդ Բերգերի «Ջեքը»

Կիմ Կի Դուկի «Պիետայի», Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղի» արյունանախանձ, բռնության համար կռիվ տվող եւ հանդիսատեսի զարմանահրաշության զգացողության վրա աշխատող ֆիլմերից հետո գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Ջեքը» ֆիլմը շունչ քաշելու եւ կինո վերադառնալու հնարավորություն տվեց:



 



Բերգերը 1994 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ ստանալով կինոռեժիսորի կրթություն: Նրա առաջին խաղարկային ֆիլմը նկարահանվել է իր «Գոմես» գրքի հիման վրա: Բերգերը նաեւ «Բեռլինի քրեական ոստիկանություն» հեռուստասերիալի մի շարք մասերի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է: 2012 թվականին «Լավ ամառ» ֆիլմի համար նա արժանացել է «Գրիմե» հեռուստատեսային մրցանակին: Արդեն տարիներ է, ինչ Բերգերն աշխատում է Նելե Մյուլլեր-Շտյոֆենի հետ: «Ջեքն» ստեղծվել է համատեղ գրված սցենարի հիման վրա:



 



Փոքրիկ Ջեքն ու նրա եղբայրը՝ վեցամյա Մանուելը, ապրում են իրենց միայնակ մոր հետ, ով կրկին փորձ է անում կազմակերպել իր կյանքը ու երեխաների խնամքի համար շատ ժամանակ չունի: Ջեքն ինքնակազմակերպվում է, խնամում փոքր եղբորը, աշխատում է օրվա մեջ ավարտին հասցնել իր վրա դրված պարտականությունները: Այս ամենի արանքում է մայրը հպանցիկ ուշադրության արժանացնում երեխաներին: Էդվարդ Բերգերն իր պատմությունը նկարագրում է անընդհատ շարժման (վազքի) միջով: Համարյա ողջ ֆիլմի ընթանցքում Ջեքը վազում է, որպեսզի հասցնի նաեւ վերահաստատել կեցության սահմանած առաջադրանքները: Շարժումը, որ հմայում է իր տագնապով ու լարվածությամբ, կարծես Բերգերի ֆիլմի հերոսն է: Այստեղ զգացողությունները մարմնավորվում են երեխաների վազքով: Բերգերի ֆիլմի ամուր կազմությունը, դինամիկ ընթացքը, արտաքնապես պարզ դրամատուրգիան ֆիլմն ավելի ընկալելի ու բովանդակալի են դարձնում: Բերգերը սին քառիմաստությունների մեջ չի էլ մտնում: Ռեժիսորական մտահղացումը պատմության բեկորները վազքի մեջ ճիշտ համադրելն ու հանդիսատեսին նրբորեն փոխանցելն է:



 



Ջեքին վերցնում են գիշերօթիկ դպրոց, որտեղից նա փախչում է, գտնում եղբորը, ապա երկուսով սկսում են փնտրել իրենց կորած մորը: Այս ֆիլմը մի փոքր հիշեցրեց մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրանում» ցուցադրված Վալոնցի Դարդեն եղբայրների «Հեծանիվով տղան» սոցիալական դրաման, որտեղ հերոսը ՝ 11-ամյա Սիրիլը, անընդհատ փախչում է մանկատնից ու փնտրում իրեն լքած հարազատ հորը: Արվեստում մայրեր-որդիներ, հայրեր-որդիներ անսպառ, նաեւ վտանգավոր թեման՝ իր խնդիրներով եւ նոր հարցադրումներով, ինքնատիպ տպավորություն է թողնում այն ժամանակ, երբ թոթափվում են հնարավոր կլիշեները: Այս առումով «Ջեքը» հետաքրքրական է, քանի որ Բերգերը պարզ լեզվով է խոսում եւ կարողանում է պահել թեմայի արդիականությունը:



Բերգերի «Ջեքը» ֆիլմը մյուս ֆիլմերից առանձնանում է նաեւ այս աշխարհի համար գուցե արդեն հնացող մի բանով՝ կարեկցանքով:



Իսկ «Ոսկե ծիրանը» դեռ շարունակվում է:



 



Արամ ՊԱՉՅԱՆ