Զարուհի Փոստանջյանը դիմել է կառավարությանը՝ Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկով

Զարուհի Փոստանջյանը դիմել է կառավարությանը՝ Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկով

Պարոն Հովիկ Աբրահամյանին



ՀՀ վարչապետ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն



Դիմում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝



Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկով



Իրաքում շուրջ 200 000 եզդիներ կանգնած են ոչնչացման վտանզի առջեւ։ «Իրաքի եւ Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումից հետո Շանգալ մարզի եզդի բնակչությունը տեղահանվել է եւ այս պահին 70 000 եզդիներ շրջափակված են մնում Շանգալի լեռներում և նրանց համար անհասանելի է ջուրն ու սննդամթերքը։



Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության՝ կան սովից մահացածներ, իսկ 3000-ից ավելի եզդիներ սպանվել են ահաբեկիչների կողմից: Այս պահին անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ կառավարությունը իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի փախստական եզդիներին։ Նաեւ, եթե կան միջոցներ, ընդունել փախստական կանանց և երեխաներին, որոնց կացարանների հարցը հնարավոր կլինի լուծել եզդի համայնքի հետ համատեղ։



Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային հարթակներում պետք է բարձրացնի Իրաքի եզդիների խնդիրը, ինչպես նաև դատապարտվի եզդիների նկատմամբ իրականացվող վայրագ գործողությունները։



Հարգանոք՝



Զարուհի Փոստանջյան



ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր