Գոտեպնդված նավարկողի ընթացքը

Գոտեպնդված նավարկողի ընթացքը

Տանջող ծանր ու գորշ թախիծը ստիպեց գրել այս պատմվածքը, որպես իրենից ազատվելու փրկագին: Մեկ օր անց իմացա, որ մահացել է մեր ժամանակների ամենատաղանդավոր պոետներից մեկը, իմ տեսած թերեւս ամենահետաքրքիր մարդը եւ իմ ավագ ընկերը՝ Ռոմիկ Սարդարյանը: Երբ երկու ամիս առաջ բանաստեղծ Գոհար Գալստյանի կազմակերպած ընթերցման ժամանակ առաջին անգամ լսեցի Ռոմիկ Սարդարյանի պոեզիան հեղինակի կատարմամբ, ցնցված էի: Այդքան տարի ճանաչել էի իրեն, բայց իր կատարմամբ չէի լսել իր պոեզիան: Ասացի՝ այսօր հայտնաբերեցի քեզ, պիտի բոլոր գրքերդ կարդամ: Համբուրեց, ասաց՝ կնվիրեմ, կկարդաս: Հիմա համացանցում փնտրում եմ այն ամենը, ինչ կա իր ստեղծագործություններից, անհեթեթ ջանադրությամբ փորձելով կտոր-կտոր հավաքել, տողեր կպցնելով՝ ամբողջացնել Ռոմիկ Սարդարյանին, ասես ճգնեմ կարճ ժամանակով հետ բերել նրան: Որքան խաղաղ էր վերջին շրջանում, ինչ ներքին լույս ուներ հայացքում, ինչ հանգիստ ու քաջ էր գրում իր մահվան մասին.

Պատրաստ եմ ահա
Գոտեպնդվում եմ
Ես երկար ճամփա ունեմ անցնելու…
Ես պիտի բազմեմ մի շքեղաշուք
Մահվան աստղանավ
Ու ճամփաս ելնեմ…
Անմահությունը պատիժ էր դաժան:
Արդեն քսան դար
Գամված եմ հողին,
Եվ ահա, հիմա,
Շնորհապարտ եմ ես
Արարողին
Առագաստս բաց
Ինձ վեր է տանում…



Հավաքում եմ նրա տողերն ու իրենով ջերմացած հիշողություններս՝ թափված մանրադրամի նման, կանգ եմ առնում՝ գիտակցելով, թե ինչ անիմաստ է փորձել ամբողջացնել նրան, չէ՞ որ մահը փշրում է կյանքի գավաթը, բայց ոչ երբեք մարդուն: Մարդու ամբողջացումն է մահը, կտավի տակ դրվող ստորագրությունը, կտավի, որ մարդը նկարել է ողջ կյանքում եւ իր ողջ կյանքով: Մահվան ստորագրությունն ավարտուն է դարձնում յուրաքանչյուր կտավ, անգամ եթե վրձինը գեթ մեկ անգամ է դիպել ու թողել իր գույն-հետքը: Ռոմիկ Սարդարյանն այլեւս ամբողջական երեւույթ է եւ արժեք: Նրա կտավն ամբողջական ու ավարտուն էր դեռ կյանքի օրոք: Հազվագյուտ երեւույթ: Ժպտուն ու խաղաղ էր իր հրաժեշտի մեջ, այնքան բարի ու խաղաղ, որ հրաժեշտը բարեւի պես էր:
Բացել էր առագաստը, քաջալերվել էր ու սպասում էր քամուն: Հիմա, երբ մահվան աստղանավը տանում է իրեն դեպի Արարողը, բարի ու անփոթորիկ նավարկում մաղթենք մեր ընկերոջը, մինչ խաղաղ հանգրվան, ուր լույսը ստվեր չի գցում, ուր երկրային ժամանակավոր տաժանքի կսկիծը լիուլի հատուցվում է երկնքի հավիտենական սփոփանքով: Թող մեր աղոթքները լցնեն իր առագաստը նոր շնչով, որ չլինի թե մենակ զգա իրեն ճանապարհին եւ թախծի՝ կարծելով, թե մոռացվել է:
Իր համար հանգիստ եմ ու խաղաղ: Ցավում եմ միայն այն մարդկանց համար, ովքեր իրեն չեն ճանաչել, չեն տեսել, թե ինչպես են ժպտում նրա ներքին խաղաղությամբ ճառագող աչքերը, որ կարծես հասկանում էին ամեն բան, եւ հաճախ խոսքերի կարիք չէր լինում, ափսոս, որ չեն լսել, թե ինչպես էր նա խոսում, եւ ականատես չեն եղել, թե որքան հետաքրքիր էր Ռոմիկ Սարդարյանն իր լռության մեջ, որը տեւելու է մեր ներսում, դեռ ամբողջանալու է, քանի դեռ կանք, քանի որ կանք, քանի դեռ հիշում ենք… Բարի նավարկում քեզ, իմ ավագ ընկեր, եւ խաղաղ հանգրվան:



Բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի հիշատակին



Երջանիկ մարդկանց ամենալավ օրը



Ոչ ոք չգիտի՝ երբ կամ ինչպես սկսվեց, եւ ով դրեց այդ բարի ավանդույթի սկիզբը, երբ տարվա մեջ մեկ օր բոլորը սիրով ու հոգատարությամբ են վերաբերվում իրենց հարազատին եւ անգամ օտարին: Ասում են, թե վաղուց ապրած մի մանչուկի աղոթք այնքան սրտառուչ եւ անկեղծ է եղել, որ բարեգութ Աստված անսացել է նրա խնդրանքին: Այդ օրվանից ամեն մարդ տարվա մեջ մեկ օր արթնանում է յուրահատուկ զգացողությամբ, հստակ գիտակցմամբ, որ այդ օրն իրենն է: Հարազատներն այդ օրը լվանում են նրա ոտքերը, համբուրում ձեռքերը, խոնավացնելով դրանք արցունքներով, կատարում նրա բոլոր ցանկությունները, գնում ամենալավ հագուստները, մատուցում նրա ամենասիրած ուտեստները, տանում այնտեղ, ուր կցանկանա: Երջանիկ մարդու խոսքն այդ օրը օրենք է բոլորի, անգամ օտարների համար: Երջանիկ մարդու տեսքն այդ օրը արտառոց լուսավոր է, եւ բոլորի համար պարզ է, որ դա հենց իր օրն է: Ամեն ինչ այդ օրն իր համար ձրի է: Ոչ ոք իրեն թույլ չի տա այդ օրը երջանիկ մարդուց գումար վերցնել կամ մերժել նրա խնդրանքը: Անգամ խանութի փնթփնթացող վաճառողուհիները, տեսնելով երջանիկ մարդուն, ժպտում են, սիրով ու պատրաստակամությամբ տալիս նրան, ինչ կցանկանա, վերջում հավելելով՝ Ձեզ համար անվճար է, սա մեր կողմից: Թշնամիներն այդ օրը այցելում են երջանիկ մարդուն, արցունքաթոր աչքերով ներողություն խնդրում նրանից, գրկում են անակնկալի եկած երջանիկ մարդուն եւ դառնագին արտասվում: Այն, ինչ պիտի ասվեր, բայց չէր ասվել, այդ օրն ասվում է, այն, ինչ պիտի արվեր, անպայման արվում է այդ օրը: Անգամ փողոցի կատուներն ու շները այդ օրը լիզում են երջանիկ մարդկանց ոտքերը, իսկ փողոցի ուռենիներն ավելի են խոնարհվում նրանց առաջ: Ձմեռ լինի, թե ամառ, տապ լինի, թե հորդ անձրեւ տեղա, բոլորն այդ օրը երջանիկ են, բոլոր հարազատները, բոլոր օտարները, որ տեսնում են երջանիկ մարդու բարեփոխումը, նրա լուսավոր դեմքը, նրա խաղաղությունը:
Այդպես, դարեր առաջ ապրած, մորը կորցրած մի մանչուկի աղոթքին անսաց բարեգութ Աստված եւ Իր անչափ բարերարությամբ բոլոր հանգուցյալներին շնորհեց իրենց մահվան օրը մեկ օրով հառնելու իրավունք, սփոփելու համար նրա հարազատներին եւ թույլ տալու հանգուցյալին անելու կամ ասելու այն, ինչ այդպես էլ չէր հասցրել: Մանչուկի հետ կնքած պայմանի համաձայն, քանի դեռ աշխարհում կա գեթ մեկը, որ հիշում է հանգուցյալին, նա հարություն կառնի իր մահվան օրը եւ չի հիշի ոչ իր ննջելը, ոչ իր հոգու անցումը թախծի ու կսկիծի հովիտներով, ուր երկրի վրա մնացած սիրելիների հառաչանքներն ու լացը ուղեկից են իրեն անվերջ թվացող օրերում: Նրանք արթնանում են անկողնում, ասես երկար քնից հետո, եւ աչքերը բացելուն պես տեսնում են իրենց սիրելիներին, տեսնում աշխարհն ու աշխարհի լույսը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ:
Բարի լույս ձեզ, երջանիկ մարդիկ, որ թանկ եք մեզ այսօր, ինչպես երբեք: Բարի վերադարձ, մեր սիրելիներ, որ այնքան հաճախ ցանկացել եք լսել մեզանից այն, ինչ այդպես էլ չասացինք: Մենք սիրում ենք ձեզ ու կարոտում: Մենք կլվանք ձեր ոտքերն ու կհամբուրենք ձեր ձեռքերը, միայն թե ներեք մեզ եւ ձեր լուսավոր տեսքով հիշեցրեք, որ օրը մեկն է բոլորի համար եւ չկա հետո, երբ ամեն օր վերջինն է: Առավոտից մինչեւ գիշեր ձեզ հետ կլինենք, ձեզ կծառայենք եւ ննջելուց առաջ կհամբուրենք ձեր ձեռքերը, մաղթելով ձեզ հանգիստ քուն ու բարի արթնություն մեկ տարի անց, խոստանալով ձեզ սպասել ու կարոտել, միայն թե հանգիստ ննջեք, միայն թե խաղաղ, վստահ, որ մենք ձեզ սիրում ենք…




Մհեր ԲԵՀԼԵՐՅԱՆ