Ֆրուստրացիա – 2

Ֆրուստրացիա – 2

Սեպտեմբերի սկզբին Երևանի մամուլի կրպակներում հայտնվեց «Անդին» ամսագրի հերթական համարը` #07.07.2014: Առանձնահատուկ ուշադրություն գրավեց 1999-2004թթ. և 2011-2013թթ. Երևանի գլխավոր ճարտարապետ, այժմ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ «Արևային քաղաքի լույսն ու ստվերը» խորագրով հարցազրույցը:



Նախարարը տագնապած է. 1998-ից սկսած Հայաստանի բնակավայրերի քաղաքաշինական քաոսի, հատկապես` մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակման շուրջ աղմուկը ոչ միայն չի մարում, այլև պարբերաբար ավելի ու ավելի է ահագնանում: Այս առումով տրամաբանական է, որ հարցազրույցը սկսվել է հետևյալ հռետորական հարցով. «Երևանը Հռոմից հին քաղաք է, սակայն քանի՞ տարեկան է Երևանն առանց պատմության դասագրքերի, հենց այնպես` անզեն աչքով»: Ցանկացած ոք այս հարցին պատասխանելու համար պիտի առաջնորդվի Երևանի պատմությունից անտեղյակ, առաջին անգամ Երևան ժամանած զբոսաշրջիկի զգացողություններով, երբ նա կանգնած է Մաշտոցի պողոտայի որևէ ավտոկանգառի տաղավարում ու կենտրոնի եռաչափ հատակագիծն է ուսումնասիրում: Զբոսաշրջիկը կհամոզվի, որ Երևանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի նմանակն է` անցյալի հետքեր չունեցող, միայն ապագա ենթադրող նորածին տիպարային քաղաք: Ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի Երևան-գյուղաքաղաքը պետք է դառնար քաղաք, ապա` մայրաքաղաք:



Սակայն Նարեկ Սարգսյանի համար գյուղաքաղաք եղած փաստը Երևանի անցյալի ամենաամոթալի էջն է, ուրեմն` գյուղաքաղաքի հետքերը պետք է վերացնել: Այլ բան, որ Երևանը լիներ Փարիզի, Թիֆլիսի, Բաքվի նման բազմաֆունկցիոնալ ուրբանիզացված կենտրոն և պայթեր հարյուրամյակների ընթացքում կառուցված պատմամշակութային ինքնատիպ կառույցների առատությունից: Այսինքն ժամանակագրական առումով Երևանի դեպքում ունենք երեքհազարամյա Էրեբունու բլուր համալիրը, այնուհետև վակուում է մինչև 1760թ. Կապույտ մզկիթը: Հետևում է մեկ այլ վակուում, որին էլ` խորհրդային շրջանի թամանյանական Երևան-մայրաքաղաքը, իսկ մեր օրերում` նարեկսարգսյանական կառուցապատվող Երևան-մայրաքաղաքը: Որքանո՞վ տրամաբանական կլինի զբոսաշրջիկի համար երևանյան այս «հուշամատյանային» սխեման, առավելևս, երբ շեշտվում է, որ Երևանը Հռոմից հին քաղաք է: Պատմությունն էլ մի կողմ դնենք: Որքան էլ Երևանը գյուղաքաղաք է եղել, այդուհանդերձ նշված մայրաքաղաքների պատմաճարտարապետական աշխարհիկ նմուշներին համարժեք կոթողներ Երևանն ունեցել է և ունի որոնք, ցավոք, ցրված փշրանքներ են: Խորհրդային տարիներին այդ «փշրանքները» պակասել են, սակայն եղածը ստացավ պատմական հուշարձանի կարգավիճակ` պատերին ամրակցվեցին թիթեղյա վկայագրեր, սակայն պահպանման, վերանորոգման ծրագրեր գործնականում չիրականացվեցին:



Անկախ Հայաստանի պետականության ձևավորման տարիներին, պետականության առջև ծառացած գերխնդիրների առկայության պայմաններում` ղարաբաղյան հակամարտություն, անկախ պետականության ժողովրդավարական ինստիտուտների կայացում, ատոմակայանի վերագործարկում և այլն, քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրները դեռևս չէին հստակեցվել: Կային միայն աղետի գոտու վերականգնման հետ կապված շարունակական բնակարանաշինական ոչ մեծ ծրագրեր: Անկախ պետության կացութաձևում քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը դեռ չէին գտել իրենց համապետական նշանակությունն ու սոցիալական գործառույթները:



1998-ի իշխանազավթումից հետո, երբ իշխանությունների հետ սկսեց սերտաճել հանկարծահաս հարստացող խավը, ձևավորեցին կլանաօլիգարխիկ համակարգեր ... և դրանց սպասարկող, կոռուպցիայի մեջ թաթախված արբանյակ հայաստանյան կառույցները, քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտը հայտնագործվեց որպես փողաբեր երակ: Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ձևավորվող քրեաօլիգարխիան իսկույն զավթեց այն ու սկսեց հատկապես Երևանի ճարտարապետական նկարագրի այլանդակման գնով մեծ բիզնես ծավալել: Հյուսիսային պողոտան ձեզ օրինակ: Իզուր չէ, որ հենց 1999-ին Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակեց Նարեկ Սարգսյանը: Ձևավորվեց արքունական ճարտարապետների «տանիքավոր» խավը` Նարեկ Սարգսյան, Սամվել Դանիելյան, Ռուզան Ալավերդյան, Լևոն Իգիթյան, Սեմյոն Բարսեղյան ...: Սրանք և նմանակները արշավեցին մայրաքաղաքի կենտրոնի վրա` սկսեցին քանդել ու կառուցապատել ամեն ծակ ու ծուկ, բակ ու մուտք, այն էլ` միայն էլիտար, ասել է թե` թանկ ու կրակ շենքերով անտեսելով սոցիալական կամ էկանոմ դասի բնակարանաշինությունը: Բում հիշեցնող այս գործընթացը դեռ շարունակվում է: Իսկ Երևանի կենտրոնը ավելի ու ավելի է նմանվում Ասատանային: Այդպիսով` անցած 16 տարիների ընթացքում քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտը գերեվարվեց քրեակլանաօլիգարխիկ 40 գերդաստանների կողմից և մարդակենտրոն կողմնորոշումը սահուն կերպով վերափոխվեց օլիգարխիակենտրոնի:



Այնուամենայնիվ անդրադառնանք «Անդինում» նախարարի հետ հարցազրույցին: Նախարարը Երևանի քաղաքաշինական հյուսվածքի սկիզբը համարում է 17-18-րդ դարերը, իսկ քաղաքային կառուցվածքի ձևավորումը, ըստ նրա, սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսից: Համաձայն ենք: «Այդ ժամանակ էր, որ 1854թ. առաջին անգամ Երևանում գլխավոր հատակագիծ մշակվեց, ձևավորվեցին այսօրվա հիմնական փողոցները` Աբովյան փողոցը, Ալավերդյանի մի հատվածը, Տերյան փողոցը, կառուցվեցին սև տուֆե շենքեր», ազնվորեն մանրամասնում է նախարարը: Այնուհետև անդրադառնում է 1850-1868թթ. Փարիզի պրեֆեկտ բարոն Հաուսմանի գործունեությանը, որին իր կենդանության օրոք հալածել են: Պատճառը` «Մայրաքաղաքի նրա մտատիպարը (իդեալը) բացարձակ չէր համընկնում քաղաքի մարդկանց պատկերացումներին», եզրահանգում է նախարարը և շարունակում. «Ի դեպ, դա միշտ է այդպես, նա, ով փորձում է որևէ բան առաջ տեսնել, կանխատեսել, այնպայման հալածվում է»: Ակնհայտ է, որ այս եզրակացությամբ նախարարը հուշում է հայ հանրությանը, որ իրեն ճանաչի որպես հայաստանյան բարոն Հաուսման: Չզարմանանք, նախարարն այդ խոսքը նոր չի արտահայտել: Դեռևս 2004թ-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական հովանավորությամբ տպագրվող «Հարթակ» եռօրյա թերթի նոյեմբերյան թիվ 35(62) համարում (չշփոթենք ՕԵԿ-ի նորածին «Հարթակ» թերթի հետ) ընդարձակ ներկայացրել էր այն, ինչ մենք ամփոփ տեսքով կարդացինք «Անդինում»:



«Հարթակի» և «Առավոտի» (27.07.2004թ.) էջերում գլխավոր ճարտարապետի արտահայտած մտահոգություններում մենք անդրադարձել էինք «Հարթակի» նույն տարվա թիվ 36 (63) համարում` «Ֆրուստրացիա» հոդվածով: Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը այսօր էլ համոզված է, որ Հաուսմանը «քանդել» է միջնադարյան քաղաքաշինությամբ ձևավորված Փարիզը: 12-13 տարիների ընթացքում Փարիզը ենթարկեց «մասսայական քաղաքաշինական վիրահատումների»: Այդ ընթացքում Հաուսմանին անվանարկեցին, հալածեցին, սակայն գտնվեցին մտավորականներ (Ֆլոբեր, Զոլա, Մոնե, Պիսարո և այլք), որոնք ոգևորված էին «մասսայական վիրահատումներով»: Մենք չենք զարմանում, բայց 150 տարի անց Երևանը վիրահատող ճարտարապետը զարմացած է, թե ինչու՞ մեր մտավորականները ոգևորվելու փոխարեն «հետաքրքրված են միայն օբյեկտատերերի ինքնությունը պարզելով» («Առավոտ» 27.07.2004թ.):



Հաուսմանի ծրագիրն ուներ դարակազմիկ նշանակություն, որը կամ հասու չէ հայ ճարտարապետին կամ էլ` հասու է, սակայն 10 տարի շարունակ շրջանցում է: «Վիրահատման» անհրաժեշտությունը, իսկապես, հասու էր 150 տարի առաջ ապրող մի խումբ մտավորականների, որովհետև նրանք մի քիչ էլ պայծառապես էին: Կանխատեսվում էր համաշխարհային տեխնիկական հեղաշրջում` ծնվում էր  ավտոմոբիլաշինությունը, որն իսկույն կլանեց աշխարհը: Այդ գլոբալ վերազինմանը անհրաժեշտ էր նախապատրաստվել: Առաջին քայլն արեց Փարիզը ի դեմս` բարոն Հաուսմանի: Փարիզի և միջնադարյան այլ քաղաքների ձիավորների, կառքերի, սայլերի համար նեղ ու մութ, առանց մայթերի, ծուռումուռ փողոցները բացարձակապես պիտանի չէին ավտոմոբիլի համար: Պարզ չէ՞, որ միջնադարյան քաղաքների «վիրահատումները» պայմանավորված էին ավտոմոբիլային բումով: Սակայն Հաուսմանը չքանդեց Փարիզը, քաղաքաշինական վիրահատումներն էլ «մասսայական» չէին: Միջնադարյան և ժամանակակից Փարիզն այսօր էլ հմայում է իր բազմաշերտությամբ: Պահպանված են նեղ ու մութ փողոցները և ծառայում են հետիոտնի, հեծանիվի, մոպեդի երկկողմ, փոքրածավալ մարդատար ավտոմեքենաների միակողմանի երթևեկին:



Կայացած Երևանի պարագայում քաղաքաշինական նոր հայեցակարգը բարդ չէ. մայրաքաղաքը դարձնել ժամանակակից` պահպանելով նրա կենտրոնի արդեն ձևավորված ճարտարապետա-քաղաքաշինական ազգային կոլորիտը, հարկայնությունը, կանաչ գոտիները … Այսինքն` հավատարիմ մնալ քաղաքաշինական ձևավորված բանաձևին, որում տրանսպորտային ուղիների ցանցի, բնապահպանական խնդիրների գործող հայեցակարգն այսօր էլ կենսունակ է: Իսկ Երևանի կենտրոնի սահմաններից դուրս` խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված թաղամասերում, ինքնատիպ քաղաքաշինական բանաձև չկա, նույնիսկ էկլեկտիզմ է: Կարելի է ազատ մտածողություն դրսևորել, քաղաքաշինական նոր բանաձևեր իրականացնել:



Երևանի կենտրոնի վիրահատումներն, իրոք, զանգվածային են, արդեն խեղաթյուրել են` նրա մասամբ ձևավորված ու իր տրամաբանական ավարտը հայցող նկարագիրը, հարկայնության համամասնությանը ... Առաջացել են տրանսպորտի խոշոր կուտակումներ, կանաչ տարածքների հաշվին բնակեցումը գերխտացել է, կոպտորեն խախտվել են բնապահպանական և տարհանման նորմերը, հոշոտվել են փողոցների մայթերը, հին ու մաշված շենքերը ծանրաբեռնվել են կարկատան ձեղնահարկերով: Պատմական հուշարձանները խեղվել, վերաձևել են «կիրթ» սեփականատիրոջ զուտ բիզնես շահերի թելադրանքով (Փակ շուկա և այլն): Ի դեպ` գլոբալացումը համաշխարհային երևույթ է, տարածաշրջանային է, տնտեսական է, քաղաքական է, որոնց համատեքստում քաղաքաշինությունը և ճարտարապետությունը ածանցյալ (սպասարկող) գեղագիտա-ճարտարապետա-տեխնիկական խնդիրներ լուծող լծակ է, դասական առումով` հիմնված ազգային նկարագրի պահպանման և խելացի զարգացման վրա:



Եվ ամենագլխավորը` փոխվում է Երևանի կենտրոնի դեմոգրաֆիկ կազմը: Հյուսիսային պողոտայի նախադեպում կատարվել է կենտրոնի բնակչության հարկադիր դեպորտացիա: Եթե Հաուսմանը տեսներ, թե ինչ է կատարվում Երևանում, կասեր` ոչնչացվում է և՛ Երևանը, և՛ երենացին: Ի՞նչ կաներ Հաուսմանը: Նա զարմանքով այսօր կբացահայտեր փաստեր` Երևանում առկա է չբնակեցված ահռելի բնակֆոնդ, որի ճշգրիտ ծավալները քողարկվում են: Եթե եվրոպական երկրներում բնակարանաշինության մեջ սոցիալական բնակարանաշինության բաժինմը հասնում է մինչև 40 տոկոսի, ապա ինչու՞ Հայաստանում այն կազմում է 2.5 տոկոս: Նա դարձյալ զարմանքով կհայտնաբերեր շինարարության մեջ ներդրված աստղաբաշխական գումարների որ մասն է շրջանառու միջոցներ դարձել, որ մասը` մեռյալ կապիտալ: Հետո` բարոն Հաուսմանը մատը թափ կտար ու կասեր. «Ռեժիմը ռեժիմ չի, փոխեք ռեժիմը, դուք էլ հետը փոխվեք»: Եթե 150 տարի առաջ Փարիզում շատերը չէին պատկերացնում ավտոտրանսպորտի մոտալուտ ներխուժումը իրենց կյանք, ապա այսօր հայ մտավորականությունը չի պատկերացնում, թե ովքե՞ր են երևանյան էլիտար շենքերի օբյեկտատերերը, երբ այդ էլիտարները հայտնվում են Երևանի գլխավոր հատակագծով չնախատեսված տեղերում, կառուցվում նրանց իսկ թելադրած հարկայնությամբ ու ճաշակով: Էլ ինչու՞ զարմանանք, երբ գրեթե դատարկ ու կիսադատարկ էլիտար շենքերի «արքունական» ճարտարապետներն էլ վերածվել են տեխնիկ-գծագրողների` ճաշարանի կարգավիճակով մատուցողների: Իսկ թե ինչու են ճաշարանի մատուցողի կարգավիճակով տեխնիկ-գծագրողները հանդուրժում այդ ստորացումը` թողնենք ձեր երևակայությանը:



Հանրությանը հետաքրքրում է նաև, թե ովքեր են լինելու այդ դատարկությունների բնակիչները: Կասեք` նույն պատվիրատուները, օտարերկրացիներ, սփյուռքահայեր, իշխանավորներ … Արդյո՞ք նրանք ապրելու են այդ տներում, թե մի օր վերավաճառելու են ու մեկ այլ` շահութաբեր քաղաքում բիզնես անել: Չէ՞ որ անշարժ գույքը ամենահուսալի կապիտալն է, որի շրջանառությունը հաճախ աննկատելի է, իսկ շահույթի նոր աղբյուրներ հետապնդելը ախորժաբեր է: Այդպիսով լուծվում է նաև հույժ կարևոր խնդիր` վերակառուցել մայրաքաղաքի կենտրոնը` օտարելով այն երևանցիներից: Ուրեմն` քանդվում է Երևանի կենտրոնը, որպեսզի կառուցվի ժամանակակից քաղաք, որը սակայն, Երևան չի լինի, այլ ընդամենը շրջապատված կլինի գյուղաքաղաք Երևանով: Սա է երևանյան բումի պատկերը: Եվ եթե Երևանի քաղաքաշինական գործընթացներում չկան անբարո գաղտնիքներ, անազնիվ գործարքներ և ոչ մի պատվիրատու (օբյեկտատեր) չի թելադրում իր կամքն ու ճաշակը, ապա այդ դեպքում հայաստանյան մտավորականության շարքերում էլ կհայտնվեն Ֆլոբերներ, Զոլաներ, Մոնեներ, պիսարոներ …
Ի դեպ` Նարեկ Սարգսյանն ասել է. «Ես կարողանում եմ զգացմունքներս կառավարել»: Վատ կարգախոս չէ: Միայն այս դեպքում կարելի է ականջալուր լինել Նարեկ Սարգսյանին:

Մարտին Ասլանյան
Արամայիս Ասլանյան
ճարտարագետ նախագծողներ



Հ. Գ. Հիշեցման կարգով` ֆրանսիացի գյուտարար Նիկոլա Ժոզեֆ Կյունոն 1769-70թթ. ստեղծեց շոգեշարժիչով առաջին ավտոմեքենան: Այն կարելի է տեսնել Փարիզի Արվեստների և արհեստների թանգարանում: 1885-86թթ. գերմանացի գյուտարարներ Գ. Դայմլերը և Կ. Բենցը ստեղծեցին ներքին այրման շարժիչով առաջին ավտոմեքենան: