Նոր սահմանադրությունը կանխարգելում է նարնջագույն հեղափոխությունը

Նոր սահմանադրությունը կանխարգելում է նարնջագույն հեղափոխությունը

Հոկտեմբերի 15-ին հրապարակվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակ դեռ չկա: Այս պահի դրությամբ փաստաթուղթը կազմված է 47 էջից: Ապրիլի սկզբին հրապարակվածի համեմատ, որը 45 էջ էր, այն ավելի ծավալուն է, բայց նվազ հստակ: Նման է կառավարության ծրագրի, որը ներառում է ամեն ինչ եւ կոնկրետ ոչինչ: Օրինակ, նախնական տարբերակը նախատեսում էր, որ նախագահն ընտրվում է ԱԺ կողմից՝ 7 տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նոր հայեցակարգում 7 տարվա ժամկետը հանված է եւ դրա փոխարեն ընդամենը նշված է. «Խորհրդարանի լիազորությունների ժամկետը գերազանցող ժամկետով»: Արդեն բավական խոսվել է այն մասին, թե գործող Սահմանադրության որ թերություններն են ցանկանում շտկել իշխանությունները: Ասենք, քաղաքական համակարգի «գերանձնավորվածությունն» ու գերկենտրոնացումը կամ քաղաքական մենիշխանութան վտանգը: Ըստ հայեցակարգի, նախագահը լինելու է «վերկուսակցական արբիտր», այսինքն՝ չի պատկանելու որեւէ կուսակցության, իսկ վարչապետը պետք է լինի ամենաուժեղ քաղաքական կուսակցության ղեկավարը: Առաջին իսկ պատկերացումը, որ առաջանում է այս նկարագրությունից, Քոչարյան-նախագահ, Սերժ Սարգսյան-վարչապետ երկյակն է, որոնք հաշտ եւ համերաշխ, առանց երկվությունների, ապահովում են «երկրի կայուն զարգացումը»: Մեր տեղեկություններով, հայեցակարգում անդրադարձ կա Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի փորձին, որտեղ նարնջագույն հեղափոխություններ են կատարվել, եւ եզրակացություն է արվում այն մասին, որ մեր երկիրն ընտրության առջեւ է կանգնած. «Քաղաքական փոխհամաձայնությամբ ու բարեփոխումների միջոցով երաշխավորել երկրի կայուն զարգացումը կամ գնալ նշված երկրների ճանապարհով` լրջորեն վտանգված հեռանկարով»: Այս փաստաթղթի վերաբերյալ զրուցեցինք ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ:



- Պարոն Պողոսյան, փաստաթղթի նախնական տարբերակը ենթադրում էր, որ հանրապետության նախագահը 7 տարով է ընտրվելու, սակայն նոր տարբերակում, որքան տեղյակ ենք, սա հանված է: Ինչո՞ւ:



- Իսկապես, հիմա ֆիքսված չէ 7 տարվա ժամկետ եւ ընդամենը ասված է, որ պետք է լինի ավելի երկար ժամկետ, քան պառլամենտի լիազորությունների ժամկետը: Պատճառը պարզ է՝ ցանկությունը կայանում է նրանում, որպեսզի հետագայում սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման փուլում մեկ անգամ էլ հստակ քննարկվի, թե որ ժամկետն է ավելի նպատակահարմար: Բայց սկզբունքը մենք ֆիքսում ենք՝ նրանում է, որ պառլամենտն ու նախագահը չպետք է նույն ժամկետներն ունենան, եւ այդ պարագայում արդեն միշտ չի լինելու, որ հանրապետության նախագահն ու ԱԺ-ն նույն քաղաքական մեծամասնությանն են պատկանելու: Իսկ ժամկետը հանված է, որովհետեւ չի բացառվում, որ, օրինակ, 6 տարի ժամկետ նախատեսվի: Հետո՝ վերջնական պարզություն չկա, թե ԱԺ լիազորությունների ժամկետին մենք անդրադառնալու ենք, թե չէ: Տեսական եմ ասում, դա դառնա 4 տարի, էդ դեպքում, երեւի, 7 տարին նախագահի լիազորությունների համար բավականին երկար է լինում: Այս դեպքում կարելի է մտածել 6 տարվա մասին: Բայց սրանում ինչ-որ սկզբունքային նկատառումներ չկան: Պարզապես ճկունություն է դրանով մտցվում, ոչ ավելի:



- Ստեղծվել է մի փաստաթուղթ, որը երաշխավորում է «երկրի կայուն զարգացումը» հեղափոխություններից, այլ կերպ ասած, պաշտպանում է իշխանություններին ժողովրդավարական գործընթացների՞ց:



- Զարմանալի չի, որ ցանկացած սահմանադրական կարգ ցանկանում է կայուն լինել: Իսկ կայուն սահմանադրական կարգն առաջին հերթին նախատեսում է սահմանադրության կանոններով պետական մարմինների գործունեությունը, իշխանության անցնելն ու իշխանությունից հեռանալը: Բնականաբար, որեւէ սահմանադրության նպատակ չի կարող ինքն իրեն ոչնչացնելը լինել: Իսկ հեղափոխությունը հենց դա է ենթադրում:



- Ընտրական համակարգը հայեցակարգում հստակ չի նկարագրվում, այնպես չէ՞:



- Կարծում եմ, որ հայեցակարգը հստակ է այն մասով, թե ինչ է ցանկանում ամրագրել: Բայց համամասնականի եւ մեծամասնականի այլընտրանքի հետ կապված՝ պատասխան չի տալիս: Ասում է, որ հենց սահմանադրության մակարդակով է պետք ընտրական համակարգի հիմնական գծերն ամրագրել, որպեսզի այն կայուն լինի եւ քաղաքական կոնյուկտուրայից կախված չլինի: Իսկ թե հետագայում սահմանադրական փոփոխությունների քննարկման ընթացքում ինչի վրա ընտրությունը կանգ կառնի, դժվարանում եմ ասել: Ես ինքս գոնե միշտ համարել եմ եւ ասել եմ, որ եթե պառլամենտական համակարգի ենք անցնում, ապա լավագույն ընտրակարգը համամասնականն է: Բայց դա հետագա փուլի խնդիր է: Կարեւոր փոփոխությունն այդ առումով այն է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է լինի սահմանադրական օրենք, ինչն էլ իր հերթին նաեւ ենթադրում է, որ ընտրվի որակյալ մեծամասնությամբ: Այսինքն՝ առնվազն 3/5-ով կամ 2/3-ով: Իսկ որակյալ մեծամասնությունը նաեւ նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը պետք է փորձի համաձայնության գալ փոքրամասնության հետ: Այլապես այդ օրենքը կարող է ընդհանրապես չընդունվի: Իսկ եթե մի անգամ էլ ընդունվեց, սա նշանակում է, որ հետագայում դա փոխելը, առանց փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու, շատ բարդ է լինելու: Մենք արդեն հրապարակված տարբերակում նշել էինք, որ ԿԸՀ կարգավիճակը պետք է սահմանադրորեն ամրագրվի: Այսօրվա դրությամբ հայեցակարգում նաեւ անդրադարձ կա նրան, որ ԿԸՀ նախագահի ընտրությունը նույնպես պետք է լինի որակյալ մեծամասնությամբ, որպեսզի էլի փոքրամասնության կարծիքը հաշվի առնվի:



- Երկու երրորդո՞վ:



- Չէ, գրված է երեք հինգերորդով: Այնպես, ինչպես այսօր ՄԻ պաշտպանի ընտրությունն է ամրագրված՝ 3/5-ով: Նաեւ ԿԸՀ եւ Վերահսկիչ պալատի նախագահի համար է հիմա դա ամրագրված այս պահի դրությամբ:



- Ամենաէական փոփոխությունը ապրիլին նախագահի սեղանին դրված տարբերակի համեմատ ո՞րն եք համարում:



- Իմ կարծիքով, ամենաէականը վերաբերում է ընդդիմության իրավունքներին՝ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու եւ դրանցում նախագահելու: Կառավարության կայունության հետ կապված շեշտադրումներ կան, կոնստրուկտիվ անվստահության քվեի վերաբերյալ: Հատուկ նշում կա, որ վարչապետին փոխարինելը կարող է միաժամանակ իրականացվել մի այլ վարչապետի ընտրելու միջոցով, այսինքն՝ չի կարող այն իրավիճակը լինել, որ վարչապետ չլինի, բացառիկ դեպքերը՝ մահ, հրաժարական եւ այլն, չհաշված: