Ի՞նչ է ստորագրելու Մինսկում Հայաստանը, եթե…

Ի՞նչ է ստորագրելու Մինսկում Հայաստանը, եթե…

Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների միջև ստորագրված ՄՄ-ի հաջորդ փուլին անցման ԵՏՄ պայմանագիրն առայժմ միայն Ռուսաստանի խորհրդարանն է վավերացրել և միայն Ռուսաստանի նախագահն է ստորագրել այդ պայմանագրի վավերացման մասին օրենքը:



Ղազախստանի երկպալատ խորհրդարանի միայն ստորին պալատն է վավերացրել այն և դեռ պետք է նույնն անի Վերին պալատը, որից հետո այն պետք է ստորագրի նախագահ Նազարբաևը: Կհասցնե՞ն:



Ժամանակացույցից հետ է ընկել նաև Մինսկը: Բելառուսի խորհրդարանի կանոնակարգը, ինչպես հայտարարել են առանձին մասնագետներ, նույնպես թույլ չի տալիս մինչև հոկտեմբերի 7-ը վավերացնել ԵՏՄ պայմանագիրը, իսկ Լուկաշենկոն էլ վերջերս սկսել է հայտարարություններ անել Ուկրաինայում և Ղրիմի հարցույմ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին, որոնք, մեղմ ասած, չեն տեղավորվում ՌԴ արտաքին քաղաքականության տեսահորիզոնում:



Հետևաբար հասկանալի են ԵՏՄ ֆունկցիոներների ան հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հայաստանը Մինսկում, հոկտեմբերի 10-ին, հնարավոր է ստորագրի ԵՏՄ պայմանագիրը և արդեն 2015 թվականին հունվարի 2-ից համարվի ԵՏՄ անդամ, եթե ոչինչ չխանգարի գործընթացին: Ի՞նչ նկատի ունեն նրանք՝ ասելով՝ հնարավոր է, եթե ոչինչ չխանգարի:



Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է խոսել այդ մասին և հայտարարել, որ ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել պայմանագրին և Հայաստանն ամենայն հավանականությամբ Մինսկում կստորագրի պայմանագիրը: Ի՞նչ է ստացվում՝ նույնիսկ Պուտի՞նն է խոսում «եթե»-ով:



Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ վարչապետը վստահ հայտարարում, որ Հայասանը Մինսկում ստորագրելու է ԵՏՄ-ին միանալու Հայաստանի պայմանագիրը:



Ըստերևույթին, այո, ՄՄ եռյակի ջրերը սկսել են նույն առվով չհոսել: Եթե դա Աստանայում ի հայտ եկավ Նազարբաև-Ալիև նամակագրության ֆոնին, ապա այժմ այդ մասին են խոսում իրենց նոր աթոռներին հարմարվել փորձող ԵՏՄ պաշտոնյաների երկիմաստ հայտարարությունները և ՌԴ նախագահ Պուտինի փութկոտությունը, որով նա աճապարեց ստորագրել Դումայի վավերացրած փաստաթուղթը՝ ԵՏՄ-ի ստեղծման մասին:



Հնարավոր է, որ Մինսկում որևէ բան, այնուամենայնիվ ստորագրվի, իսկ թե ի՞նչ, կարծում ենք, կախված կլինի այն բանից, թե այս երկու օրում ի՞նչ կանցնի-կդառնա Ղազախստանի և Բելառուսի հետ Ռուսաստանի հարաբերություններում, և որքանով կկարողանա Վլադիմիր Պուտինը հարթել այդ հարաբերություններում եղած կնճիռները: Ակնհայտ է, որ Ղազախստանն ու Բելառուսը ձգտում են առավելագույնը կորզել Ռուսաստանից՝ այդ պայմանագրին միանալու իրենց վերջնական համաձայնությունը տալու համար: