Կառավարությունն ինչո՞ւ թայմաութ վերցրեց

Կառավարությունն ինչո՞ւ թայմաութ վերցրեց

Շրջանառության նոր հարկը կասեցնելու կառավարության երեկվա որոշումից ՓՄՁ-ների շարժման վրա հույս դնող ընդդիմությունը եւ հատկապես հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպիչները շփոթության մեջ են: Բայց ցույց չեն տալիս՝ եղածը համարելով իրենց հաղթանակը: Տեւական ժամանակ ՓՄՁ-ների ու կառավարության բանակցություններն ապարդյուն էին անցնում: Սակայն նախօրեին Հովիկ Աբրահամյանի հետ «տղավարի» հանդիպումից հետո ցանկալի ելքի մասին հայտարարություն արվեց: Ասվեց, որ օրենքը մի քանի ամսով կասեցվում է, եւ հետագայում փոփոխություններ են արվելու օրենքում: Որոշ տեղեկություններով, քառյակը կառավարության հետ բանակցությունների ժամանակ փորձել է հստակ պահանջներ չներկայացնել, ձգել մինչեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, որպեսզի հրապարակ բերի նաեւ առեւտրականներին, բայց իշխանությունը, վտանգը կանխազգալով, առաջ է ընկել, եւ առեւտրականների շարժման լիդերությունն ստանձնած անձանց հետ պայմանավորվածության արդյունքում օրենքի կասեցման որոշում է կայացվել: Չէ՞ որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կետը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգային հարցերից է, բայց կառավարությունն այսպիսով գնաց մեղմացման՝ ֆինանսների նախարարությանը հանձնարարելով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով եռօրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի՝ գույքագրման պահանջը կկիրառվի ոչ թե սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից, այլ 2015 թվականի փետրվարի 1-ից:
«20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձեւանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման եւ այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ»: Քանի որ, առեւտրականների պարզաբանումների համաձայն, խնդիրները հիմնականում պայմանավորված են մինչեւ պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով, իսկ նշված ժամկետը գերազանցելու դեպքում հետեւելու են տույժ-տուգանքներ, եռօրյա ժամկետում նոր նախագծով գույքագրումը, փաստորեն, կհետաձգեն, իսկ փաստաթղթավորումը, որոշ տեղեկություններով, կփորձեն դանդաղ ամրապնդել՝ առանց տույժերի եւ տուգանքների:



Կարելի է ասել, որ կառավարությունը «թայմաութ» է վերցնում՝ որոշակի ժամանակ, բայց արդյո՞ք այն բանի համար, որպեսզի տեսնեն օրենքի բացերը ու ըստ այդմ փոփոխեն օրենքը, թե՞ այն վերցվեց հոկտեմբերի 10-ին ընդառաջ: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը դժվարանում է պատասխանել այս հարցին: «Ժամանակը կգա՝ կտեսնենք,- ասում է նա ու հավելում:- Քանի որ կառավարությունն այդ հետաձգումն օրենքի տեսքով է բերելու ԱԺ, մենք անպայման առեւտրականների օգտին առաջարկներ կմատնանշենք»:
Մելքումյանը վրդովվեց, երբ հետաքրքրվեցինք կառավարության եւ ՓՄՁ-ների «վճռական» հանդիպմանը իրենց բացակայության եւ այն մասին, որ օրենքի կասեցման հարցում քառյակի ջանքերն արդյունք չտվեցին: «Չհասկացա, բա էդ ո՞ւմ շնորհիվ եղավ, մենք չգեներացրեցի՞նք այդ քննարկումները, առեւտրականները բոլորը զանգում՝ մեզնից շնորհակալություն են հայտնում»,- փոխանցեց նա: