Նախագահը գնալու է, երկրում էլ նոր իշխանություն է լինելու

Նախագահը գնալու է, երկրում էլ նոր իշխանություն է լինելու

Գյումրիում ավարտվեց ոչ իշխանական երեք ուժերի իրազեկման հերթական հանրահավաքը: Չէ, ինչո՞ւ հերթական: Կարելի է ասել գլխավոր ստուգողական հանրահավաքը Երևանում կայանալիք համապետական հանրահավաքից առաջ: Կրկին ծանուցենք՝ այդ հանրահավաքը տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 10-ին: Եկեք բոլորդ: Եկեք և կհամոզվեք, որ Եռյակը սուտ չի ասում, այլ պահանջում է իշխանափոխություն:



Գյումրիի հանրահավաքը՝ ձեզ օրինակ: Ասում էիք ԲՀԿ-ն չի՞ պահանջում իշխանափոխություն: Պահանջեց: Էլ ի՞նչ եք ուզում, որ անի ԲՀԿ-ն, որպեսզի հավատաք, որ իշխանափոխություն է պահանջում:



Ահավասիկ Տիգրան Ուրիխանյանն ասում է. «Իշխանափոխություն ենք պահանջելու»:



ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանը, նույնիսկ Սերժին կպավ՝ հայտարարելով՝ «Նախագահը գնալու է, երկրում նոր իշխանություններ են ձեւավորվելու»:



ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ կրկնեց Վանաձորում արած իր հայտարարությունը. «Այս իշխանությունը պետք է հեռանա»:



Այսպիսով՝ ԲՀԿ-ին մի բան է մնում ասելու՝ ե՞րբ: Նրանց հայտարարությունների թույլ կողմն այն է, որ դրանք բոլորը ապառնի ժամանակով են և այնպիսի գործընթաց են մատնանշում, որ առանց իրենց էլ լինելու է: Ո՞վ չգիտի, որ նախագահը գնալու է և նոր իշխանություն է գալու, ո՞վ չգիտի, որ այս իշխանությունը պետք է հեռանա, ո՞ւմ համար է գաղտնիք, որ որ այսպես կարելի է անվերջ հայտարարություններ անել իշխանափոխության մասին՝ չհստակեցնելով՝ ե՞րբ. 2018-ի՞ն, թե՞, ենթադրենք, 2014թ. հոկտեմբերի 11-ին:



Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը ստիպված բեմից հայտարարում է «Պետք չէ սպասել մինչեւ 2018 թվականը եւ իշխանափոխության պահանջը պետք է իրականացնել հիմա: Համակարգը պետք է փոխվի, այդ համակարգը մենք պետք է ձեւավորենք»: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ են ուղղված Արմեն Մարտիրոսյանի այս խոսքերը՝ ժողովրդին: Ոչ Իհարկե: Ժողովուրդը հասկանում է, որ եթե Գյումրիից գալու է Երևան, քարկտիկ խաղալու չի գալու: Նա հենց 2018 թվականից շուտ կատարվելիք իշխանափոխության կողմնակիցն է, մինչդեռ ԲՀԿ-ն ասում է՝ նախագահը գնալու է: Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ին է հուշում՝ տղերք, նախագահը պետք է 2018-ից շուտ գնա, այլապես այս ամենը խեղկատակության է նման:



Դե իսկ Տիգրան Ուրիխանյանի Գյումրվա բոցը ոսկի տառերով կգրվի հայ հեղափոխական պայքարի պատմության մեջ: Նա բարեհաճեց ժողովրդին մեծարել՝ նսեմացնելով հեղափոխության լիդերների դերակատարությունը: Ըստ Ուրիխանյանի՝ կարևորն այն չէ՝ եռյակի լիդերները կմասնակցե՞ն հանրահավաքին, թե՞ ոչ: Ավելի կարևոր է այն՝ ժողովուրդը գալո՞ւ է, թե՞ ոչ: Մեկնաբանություններն ավելերդ են, բարեկամներ:



Մեր կարծիքով՝ Երևանի Ազատության հրապարակում ժողովուրդ կլինի: Եվ շատ ժողովուրդ: Մնում է հասկանալ՝ եռյակն այս կազմով ու այս որակով ո՞ւր է ուղեկցելու կամ ինչի է կոչելու այդ ժողովրդին: Դա, ի դեպ, լինելու է հոկտեմբերի 10-ին և այդ օրը, պարոնայք, արդեն հնարավոր չի լինի ապառնի ժամանակով իշխանափոխություն պահանջել: Կարող է նույնիսկ հրապարակ եկած ժողովուրդը ձեզ տփի: Սա ես ձեզ համար եմ ասում, մանավանդ, որ լիդերներն էլ զբաղվածության պատճառով հարթակին չեն լինելու: