Տարոն Մարգարյանը թաղ առ թաղ նշեց ասֆալտապատած փողոցները

Տարոն Մարգարյանը թաղ առ թաղ նշեց ասֆալտապատած փողոցները

Երեկ Պատկերասրահի միջնադարյան որմնանկարներից նայող սրբերի աչքի ներքո տեղի ունեցավ «Հին քաղաք՝ նոր հեռանկարներ» խորագրով «Երեւան-2025» միջազգային կոնֆերանսը, որն անցկացվում էր «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունների շրջանակում: Ողջույնի խոսքով նախ հանդես եկավ Տարոն Մարգարյանը, ում ելույթն ուղղված էր ոչ թե 2025-ի Երեւանին, այլ ավելի շատ հիշեցնում էր իր պաշտոնավարման 3 տարիների համառոտ հաշվետվությունը: Մասնավորապես նա նշեց, որ վերջին 3 տարում բարեկարգվել է բակային տարածքների 40 տոկոսից ավելին, նորից ու նորից մեծ աշխատանքներ են տարվել բակային տարածքների վերականգնման, ինչպես նաեւ բակային լուսավորության, ասֆալտապատման ուղղությամբ: Քաղաքապետն այնքան էր խորացել ասֆալտապատման թեմայի մեջ, որ միջազգային կոնֆերանսի ժամանակ, օտարերկրյա հյուրերի առաջ, արդեն թաղ առ թաղ, փողոց առ փողոց էր ներկայացնում ասֆալտապատած տարածքները: Տարոն Մարգարյանը հպարտորեն նաեւ նշեց, որ քաղաքային իշխանություններին հաջողվել է 21-րդ դարում 2796-ամյա քաղաքի 70%-ին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ 30%-ի պարագայում տալ 17-23 ժամ ջրամատակարարում:



Ընդհանրապես բանախոսներից շատերին լսելիս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ խոսքը ոչ թե հազարամյակների պատմություն ունեցող մի քաղաքի մասին է, որի համար մինչեւ 2025 թվականը զարգացման տեսլականներ պետք է գծագրել, այլ նորաստեղծ մի քաղաքի, որի կառուցապատման նախագիծը նոր-նոր է հաստատվում: Քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանի զեկույցն էլ նվիրված էր քաղաքի աղբահանության, աղբի կառավարման, ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրներին: Նա նշեց քաղաքում առկա սանիտարական ոչ մաքուր վիճակի, աղբահանության ցածր որակի, շահագործվող տեխնիկայի ֆիզիկական մաշվածության, ոչ մասնագիտացված աշխատակազմի, աղբի վերամշակման կենտրոնների բացակայության եւ այլ հարցերի մասին, որոնք գերխնդիր են քաղաքային իշխանությունների համար: Եվ համոզմունք հայտնեց, որ փորձելու են հաղթահարել այս մարտահրավերները մինչեւ 2025 թվականը, ըստ այդմ նախատեսվում է աղբավայրի կառուցում, անձրեւաջրերի համակարգերի ստեղծում, կոյուղի չունեցող թաղամասերի կոյուղացում, 24-ժամյա ջրամատակարարման ապահովում, կեղտաջրերի մաքրման աերացիայի կառուցում, Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան աղբամանների տեղադրում:
Կոնֆերանսի ժամանակ խոսվեց նաեւ կինոթատրոնների բացակայության, առանձնահատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար մատչելի միջավայրի ստեղծման անհրաժեշտության, հասարակական տրանսպորտի բարեփոխման, քաղաքի հավասարաչափ զարգացման, պատմական միջավայրի եւ մշակութային հուշարձանների պահպանման եւ մի շարք այլ հարցերի մասին, որոնք քաղաքային իշխանությունները փորձելու են հաղթահարել մինչեւ 2025-ը:



Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետի խոսքում այդպես էլ չլսեց հին քաղաքի նոր հեռանկարների մասին որեւէ բան. «Քաղաքապետն ընդամենը ասեց, թե 3 տարում ինչ է եղել, բայց թե այդ որ անելիքներն են, որ պետք է 2025թ. Երեւանը տարբերեն այսօրվա Երեւանից, ես չլսեցի: Հիմա կասեն՝ իր տեղակալներն ասեցին, բայց ես կուզենայի, որ քաղաքապետն ինքն ասեր, թե ինչ քայլեր պետք է անի, ինչ տեսլական ունի, որ պետք է հրամցնի մեզ»: Ըստ Բախշյանի՝ աբսուրդ է, բայց փաստ, որ 2796-ամյա Երեւանի համար դեռ մարտահրավեր է մնում աղբահանության, ջրամատակարարման, ջրահեռացման հարցը: Ինչ վերաբերում է քաղաքի մշակութային եւ ճարտարապետական հեռանկարներին, ապա. «Ավելի լավ է դրա մասին չխոսենք: Նախկին ճարտարապետները, հատկապես նրանցից մեկը, թե ինչ օրը գցեցին Երեւանը, ինչպես աղճատեցին այդ դեմքն ու դա շարունակում են մինչ օրս… Աչքիս առաջ են գալիս քաղաքի բոլոր այն սիրուն պատշգամբներով հին հուշարձան-շենքերը, որ գնացինք-կանգնեցինք-գոռացինք, ամեն ինչ արեցինք, որ չքանդեն, բայց քանդեցին, դե արի, վարդապետ, ու մի խենթացի»: