ՌԴ-ում վավերացրել են երկրին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը

ՌԴ-ում վավերացրել են երկրին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը

Ռուսաստանի դաշնային խորհուրդը լիագումար նիստում վավերացրել է արձանագրություն, որը նախատեսում է Թուրքիայի պարտքի վերաձևակերպում։
 
ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը  նշել է, որ  մինչև 2022 թվականը Անկարան ժամանակին լրիվ ծավալով կատարել է իր պարտավորությունները, սակայն արևմտյան հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո թուրքական կողմը չի կարողացել կատարել 111 մլն դոլարի չափով վճարումները 2022 և 2023 թվականներին։
 
Ըստ ռուսական կողմի՝ քանի որ Թուրքիան վճարումները չկատարելու հարցում «մեղք չունի», երկու երկրների կառավարություններն ստորագրել են թիվ 2 արձանագրությունը, որը նախատեսում է ժամկետանց պարտքի մարում 60 օրվա ընթացքում դրա կիրառումը սկսելու օրվանից․ եթե վճարումը կատարվի սահմանված ժամկետում, ապա տուգանքային տոկոսներ չեն հաշվառվի: Սազանովի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին թուրքական կողմն ամբողջությամբ մարել է ժամկետանց պարտքը, իսկ արձանագրությունը նախատեսում է տուգանքային տոկոսների պարտքի ներում՝ 17 մլն դոլարի չափով։
 
Խորհրդարանականների կարծիքով՝ արձանագրության վավերացումը կնպաստի ռուս-թուրքական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: