Դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են

Դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են

Հայհիդրոմետը հայտնում է.

«Մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։

Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։

Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։