Ֆեյսբուքյան կարծիքներ լրագրողի արձանի շուրջ

Ֆեյսբուքյան կարծիքներ լրագրողի արձանի շուրջ

Լրագրողի արձանի շուրջ խոսակցությունները չէին դադարում: Սկզբում մեղադրանքներ էին հնչում այն տեղադրելու վայրի հետ կապված՝ ինչո՞ւ է կանգնեցվում Երեւանի ծայրամասում, իսկ բոլշեւիկ Միկոյանի արձանը՝ կենտրոնում: Հետեւում թողնելով տեղի ընտրության հարցը, նշենք, որ հոկտեմբերի 12-ին «Կառլեն եւ Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ բացվեց Լրագրողի արձանը: Այն գտնվում է Նոր Նորքում, իսկ ցուցատախտակին գրված է. «Լրագրողի արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը եւ մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988թ. հայտնի իրադարձություններից»: Արձանը նվիրվել է Արցախյան հերոսամարտում մասնագիտական պարտականությունները կատարած, ինչպես նաեւ ներկայում լրագրողի պատիվը եւ մասնագիտական հատկանիշները բարձր պահող լրագրողներին: Այն աչքի է ընկնում մտահղացման յուրօրինակությամբ՝ պատ քանդող լրագրողն անվարան գնում է իրադարձության ու իսկության հետեւից: Նմանատիպ «պատ քանդող» քանդակներ աշխարհի տարբեր կետերում կտեսնեք. օրինակ, Փարիզի Մարսել Էմեի փոքրիկ հրապարակում տեղադրված է աշխարհահռչակ դերասան Ժան Մարեի քանդակած «Մարսել Էմե» արձանը: Շատերին այդ մտահղացումը եւ ընդհանրապես արձանը դուր չի եկել: Ֆեյսբուքում արձանի շուրջ լայն քննարկում է սկսվել, յուրաքանչյուրն արձանի նկարը դնում է իր պատին եւ կարծիք հայտնում: Նրանք այն համոզման են, որ արձանը Երկրորդ աշխարհամարտին է նվիրված, իսկ շատերն էլ այն ուղիղ իմաստով են հասկացել՝ լրագրողներն ամենուր են, պատի միջով էլ կանցնեն:



«Մտքի պարզունակությունն էլ բնորոշ է մանկապատանեկան տարիքին՝ դլյա ասոբո տուպիխ մասսաների համար անպայման պետք է ֆոտոապարատ լիներ ձեռքը, որ պարտադիր հասկանային, թե այն ֆոտոլրագրության մասին է: Մեկ-մեկ մտածում ես, որ իրոք ցանկացած տեսակի ու ոլորտի առաջադեմ միտքը երկրում մեռել է: Համատարած միջակության արտացոլում է: Էխ, եսիմ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփան Սաֆարյանը:



Իսկ Սոնա Մկրտչյանին արձանի տեսքը կարծես թե դուր է եկել. «Իսկ ինձ դուր եկավ, ուրիշ քաղաքում լիներ, կկանգնեինք կողքին՝ նկարվելու… իսկ այդպիսի արձաններ ուրիշ քաղաքներում էլ կան, բայց չգիտեմ միտքն ումն է եղել: Հետո էլ՝ ի՞նչ անենք, որ մի քիչ զինվորի է նման, լրագրողն էլ զինվոր է, օրենքով շատ պիտի աշխատի՝ քիչ վարձատրվի»:



Շատերն արձանը նմանեցնում էին Գագիկ Շամշյանին, պատճառը ձեռքի տեսախցիկն է. «Երեւի Շամշյանի խաթրն են սրանով ուզում առած լինեն, կամ էլ ինքն է պատվիրել: Մի խոսքով, Շամշյանի արձանն ա», «Էս ոնց որ Գագիկ Շամշյանի «գյոռնափշտիկը» լինի»: