Ոչ մեկը չի կարող նախագահին փոխել․ Հովիկ Աբրահամյան

Ոչ մեկը չի կարող նախագահին փոխել․ Հովիկ Աբրահամյան

Այսօր ԱԺ հարցուպատասխանից հետո մի քանի լրագրողներով վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք անհանգստացա՞ծ չէ այն փաստով, որ ոչ իշխանական եռյակը իշխանափոխություն է պահանջում։ 



«Բայց դա ուղղակի ինձ է վերաբերում»,- ասաց վարչապետն ու հարցը կարծես ավելի հստակ ընկալելուց հետո շարունակեց․ «Հանրահավաքի՞ համար։ Բա ժողովրդավար երկիր ենք, պետք է հանրահավաքներ էլ լինեն»։



Այնուհետև Աբրահամյանն ասաց, որ իշխանափոխության համար ինքը որևէ հիմք չի տեսնում, և իշխանափոխությունը միայն ասելով չէ, պետք է դրա համար հիմքեր լինեն՝ ավելացնելով, որ ինչ վերաբերում է այդ 12+1 կետերին, ապա դրանց իրենք գրավոր պատասխանել են։



Ըստ վարչապետի՝ կառավարությունն այսօր ակտիվորեն աշխատում է և պետք է էլ ավելի ակտիվ և արդյունավետ աշխատի։



«Ես որևէ ճգնաժամ չեմ տեսնում, հակառակը՝ ես տեսնում եմ ավելի ընդգրկուն համագործակցություն քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանական խմբակցությունների հետ։ Ես նրանց այսօր էլ եմ կոչ արել, որ միասին աշխատենք։ Եթե իրենց նպատակն է մեր ժողովրդի, մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին տալ լուծում, ապա ես դա տեսնում եմ միայն միասնական ձևով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ոչ թե իրեն են ցանկանում փոխել, այլ երկրի նախագահին, Աբրահամյանն ասաց․ «Ոչ մեկը չի կարող նախագահին փոխել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ