Եթե իմանար, որ լուսատտիկներն էլ մեզ բավ են, երկնքի աստղերով չէր զբաղվի

Եթե իմանար, որ լուսատտիկներն էլ մեզ բավ են, երկնքի աստղերով չէր զբաղվի


Գիտության բնագավառում ծանր վաստակ ունեցող մեկը երեկ գրել էր ինձ. «Մեր գիտնականներից ամեն օր հիվանդանում էլ են, ինֆարկտ էլ են ստանում, ամուսնանում, բաժանվում էլ են, հազար ու մի խելոք բաներ էլ են ասում, հանրությանը դա պետք չի: Լրագրողներն էլ են ըմբռնումով մոտենում՝ ոչ գրում, ոչ արձագանքում են: Արձագանքելուց մի երկու ընթերցող էլ չեն ունենում: Հանրության հետաքրքրությունը մեր աստղային թիթեռնիկներն են: Ով օֆ արեց, ում գլուխը պտտվեց, ում սիրտը խառնեց, որ սկանդալ անեն՝ հղի է: Մեր երկրում գնահատանքը հասել է այս մակարդակին ու երբ հանրությունը դուրս գա այս մակարդակից,ավելի լուրջ արժեքներ ընդունի, մի բան կփոխվի: Գիտության ու արվեստի համար սև մղձավանջային շրջան է, որի պատճառը պետական մակարդակով աջակցությունն է ոչ մնայուն արժեքներին»:
Դառը ճշմարտության դեմ ոչինչ ասել չէի կարող: Մանավանդ երբ գիտեի, որ հայտնի գիտնականը ծանր հիվանդ է ու նրան հարազատներից բացի ոչ մեկը չի հիշում: Բայց ինքը, այդ վիճակում էլ, կնոջ օգնությամբ, շարունակում է աշխատել: Երբ ասացի, որ կգրեմ իր մասին, խնդրեց՝ լռել ու ասաց՝ ես չեմ կամենում թիթեռնիկների հետ շուրջպարի մտնել:
Երբ ցանկացա ծանոթանալ օրվա լրահոսին, իմացա, որ մեր աստղերից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Աստված բոլորին առողջություն տա: Ընթերցողներից մեկն էլ ստատուս էր գրել. «Իսկ այժմ էլ վատ լուր …...-ի մասնակցությամբ»: Փակ- փակ էր գրել, որպեսզի լիքը բարիներ չհարձակվեին նրա վրա ու ասեին՝ ի՜նչ չարն ես…
ՀԳ Իսկ գիտնականը դեռ շարունակում է գրել. «Վիկտոր Համբարձումյանը եթե իմանար, որ լուսատտիկներն էլ մեզ բավ են, երկնքի աստղերով չէր զբաղվի»:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ