Գագիկ Ծառուկյանի «Թուղթ փրկության»-ը

Գագիկ Ծառուկյանի «Թուղթ փրկության»-ը

Փաստորեն չեբուրաշկաներն էլ են լինում երկու տեսակ՝ իշխանական և այլընտրանքային: Իշխանականները Սերժ Սարգսյանին են գովերգում, այլընտրանքայինները՝ Գագիկ Ծառուկյանին: Հավանաբար իշխանափոխությունները հենց չեբուրաշկաներից են սկսվում, իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե իշխանափոխություն անելու համար մեծ խելք է պետք:



Հիմա արդեն, երբ Գագիկ Ծառուկյանը որոշ ԲՀԿ-ուհիների կողմից հռչակվել է եռյակի առանցքային լիդեր և, համեստությունից չիմանալով ինչ ասել, ընդունել է, որ ինքն է այս համաժողովրդական շարժման թիվ մեկ պատասխանատուն, Եռյակի մյուս ուժերը լրջանալու խնդիր ունեն: Նրանցից երկուսը՝ Լևոն Զուրաբյանն ու Արմեն Մարտիրոսյանը չեն կարողացել թաքցնել իրենց նեղվածությունը: Զուրաբյանն ասել է, թե իրենք ավելի ուշ կխոսեն, իսկ Մարտիրոսյանն էլ, ինչպես միշտ, հայտարարել է, թե իրենք «Ժառանգությունում» քննարկում են հետագա համագործակցության հարցերը: Բայց մենք հո տեսնում ենք, որ Լևոն Զուրաբյանը նոկաուտի մեջ է, Արմեն Մարտիրոսյանը՝ նոգդաունի:



Թե ինչու այսպես եղավ, հնարավոր չէ միանշանակ ասել: բայց հստակ է, որ ԲՀԿ գործադիր մարմնի նիստը տեղի ունեցավ մի գաղտնի հանդիպման մասին լուրերի տարածումից հետո: Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի գաղտնի հանդիպման լուրը ոչ Կոնյաչնին հերքեց, ոչ էլ Բաղրամյան 26-ը: Թե ինչի շուրջ կարող էին խոսել ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարները, դժվար չէ կռահել: Բնականաբար՝ ներքաղաքական այս զարգացումների շուրջ, բայց որ այդ մեկ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը այսքան կոպիտ կվարվեր Եռյակի իր գործընկերների հետ, ոչ ոք չէր սպասում:
Մենք չենք շտապի պնդել, որ ԲՀԿ-ն, հավանաբար, նախագահից ստացավ իր ուզածն ու անցավ շարժումն արգելակելու գործին, բայց այս իրավիճակը շատ նման է դրան: Չի բացառվում նաև, որ այդ հանդիպումը ոչ թե երկկողմ է եղել, այլ առնվազն եռակողմ և դրան ներկա է եղել նաև այն մարդիկանցից մեկը, որի նախագահական թեկնածության առաջադրման դեպքում Գագիկ Ծառուկյանը կպաշտպաներ:



Արտառոց չէ՞, երբ այսպես կոչված համաժողովրդական շարժման թունդ պահին, այդ շարժման կուսակցություններից մեկը կուսակցական ժողով է անում, միայնակ որոշումներ կայացնում շարժման ընթացքի մասին, ինքն իրեն հռչակում շարժման առանցք ու առանցքային լիդեր և այդ ամենը բոլոր հնարավոր միջոցներով տարածում ի լուր աշխարհի: Սովորաբար, իշխանափոխություն անող, հեղափոխություն անող ուժերը չխոսկան են լինում, աշխատում են չբացահայտել իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը: ԲՀԿ-ն գնում է հակառակ ուղղությամբ՝ դույզն- ինչ չմտածելով, որ եթե կան քայլեր, ապա, կարող են լինել նաև հակաքայլեր իշխանությունների կողմից: Ո՞վ չգիտի, որ իշխանության համար պայքարը բազկամարտ չէ, և այդ պայքարում հաղթում է նա, ով ավելի շատ անակնկալներ է մատուցում հակառակորդին: ԲՀԿ-ի պարագայում, պարզվում է՝ չգիտեն:



Ակնհայտ է, որ իր10 կետանոց փաստաթուղթով ԲՀԿ-ն ժողովրդին արդեն գրավոր կերպով ասաց՝ գնա տուն: Մինչ այս Գագիկ Ծառուկյանը դա անում էր բանավոր, հանրահավաքի հարթակից, քայլերթի կեսից հեռանալով և այլ ժեստերով: Բանավոր որոշումները, ինչպես ոտքի վրա ընդունվում, այնպես էլ մոռացվում են: Բոլորովին այլ է գրավոր, ստորագրված և կնքված տեքստը: Այստեղ ուզում եմ խելոք մարդկանցից հարցնել՝ ի՞նչ բառով կարելի է բնորոշել իշխանափոխության ամենաարդիական գործիքներից մեկը՝ բազմահազարանոց հանրահավաքները, մի թղթի կտորով փոխարինելու ԲՀԿ առաջնորդի որոշումը: Նա չգիտե՞ր, որ հանրահավաքները գնալով կմեծանային, չէ՞ր տեսնում, որ հանրահավաքի օրերին շարժմանը միացող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների թիվն ավելաանում է օրեցօր: Ավաղ չունենք հավաստի տեղեկություն այն մասին, թե ովքեր են մասնակցել այն խորհրդավոր հանդիպմանը, որից հետո մեջտեղ եկավ Ծառուկյանի այս թուղթը: Այլապես կարելի կլիներ նաև միանշանակ գնահատական տալ դրան էլ, Ծառուկյանի քայլին էլ:



Խուսափելով որևէ որակումից, ասենք միայն, որ ժողովրդին հիասթափեցնելու գործընթացներում միշտ էլ ճարվում է մեկը, որին վերջում փչացնում են: Այս շարժում կոչվածը ևս բացառություն չի կազմելու, և մեկը պետք է փչանա: Ո՞վ… Չգիտեմ: Կարող եմ միայն ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանի ձեռքը տված այս թուղթը նաև նրա փրկության թուղթն է: Նա իրոք հետդարձի ճանապարհ չունի և, ինչպես այդ թղթի տողատակերում է գրված, մինչև 2018 թվականը զբաղվելու է շտաբաշինությամբ, իսկ գյուղատնտեսական սեզոնին էլ այդ շտաբներից ձրի սերմացու բաժանաելով:



Հարց կարող է ծագել՝ իսկ եռյակի մյուս ուժերը ունե՞ն շանս չփչանալու: Այնտեղ ևս դեմքերի պակաս չկա՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան… Կարծում ենք նրանց համար անկեղծ մտահոգվողները քիչ չեն: Շտապենք ուրախացնել նրանց: Մեր կարծիքով՝ ձեր կումիրները նույնիսկ երկու ճանապարհ ունեն չփչանալու: Մեկը՝ գնալ Ծառուկյանի շտաբներում նստել և սերմացու բաժանել իշխանափոխություն պահանջող գյուղացիներին, մյուսը՝ Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել և Գագիկ Ծառուկյանին ուղարկել Արթուր Բաղդասարյանի հետևից:



Ո՞ր ճանապարհը կընտրեն՝ էական չէ, միայն թե երկուսով տարբեր ընտրություն չանեն: