Վերևում նոր պսակ է սպասվում, աչքներս լույս լինի

Վերևում նոր պսակ է սպասվում, աչքներս լույս լինի

Պետական աթոռներ կան, որոնց տերը գնացել ու այլևս չի վերադարձել: Դրանցից մեկը ԱԽՔ-ի աթոռի տերն է: Խաչատուր Աբովյանի նման առավոտ կանուխ խորհրդավոր տնից դուրս եկավ ու մինչև հիմա գլխի չենք՝ ինչու դուրս եկավ, ուր գնաց, ինչի համար գնաց, ով կանչեց, ինչի կանչեց… Բոլորը վարկածներ են: Վարկածներից մեկն էլ այն է, որ աթոռը անդավաճան սպասում է տիրոջը: Երեկ «Չորրորդ իշխանություն»- ը մի բան է ասել, որ, անկեղծ ասած, աթոռի պատվին կպնում է: Հեշտ չէ անդավաճան սպասողին ասել՝ շուտով նորը կգտնի: Ախր աթոռն ու տերը այնպես էին ձուլվել, մերվել իրար, այնպես էին միաձույլ ԱԽՔ դարձել, որ ո՞վ կհավատար, թե նրանք կարող էին առանց իրար ապրել, առավել ևս՝ ինչպե՞ս կարող է աթոռը տրվի ուրիշին: Բայց ՉԻ-ն պնդում է. «Նախագահը որոշել է իր կողմից «դատարկ դհոլ» որակված, բայց ժամանակին իրեն ամենայն հայոց ընդդիմություն հռչակած Արտաշես Գեղամյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղարի թափուր մնացած պաշտոնում»: Բա հո ԱԽՔ-ի աթոռը տա՞նը չի մնալու: Պիտի իր նմանին գտնի: Վերևում նոր պսակ է սպասվում, աչքներս լույս լինի: ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «սաբաբ»: Հիմա նախագահը «սաբաբ»-ի դեր է կատարում, միջնորդում է, որ ԱԽՔ-ից ոչ պակաս ԱԽՔ-ին արժանացնի կանաչ-կարմիր պսակի: Ինչի՞ եք մրմռում, դրանից լավ, արժանի թեկնածու կա՞: Որ ասում էին՝ չար եք, չէի հավատում…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ