Առաջ մորթիս, հետո որդիս

Առաջ մորթիս, հետո որդիս


Գալուստ Սահակյանը երկու կրակի արանքում է: Առաջ է նայում՝ դեպի լուսավոր սահմանադրական բարեփոխումները, սուր է, ետև է նայում, սահմանադրական փաթեթից հրաժարվելը, ջուր է: Ի՞նչ անի: Շատ էլ թե նախագահի խոսքը նրա համար օրենք է, շատ էլ թե անտարբեր տեսքով ասում է՝ բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց սիրտը կրակն ընկած խորովվում է: Ի՞նչ անի: Էդ բարեփոխում կոչվածը նժույգի նման ուղիղ գալիս է իր պաշտոնի վրա: Ով ինչ ուզում է ասի, բայց որ սահմանադրական բարեփոխումներից հետո երկրի նախագահը պիտի կռիվ տա իր պաշտոնի համար, դա նրան հյուծվածության է հասցնում: Ո՞նց պայքարի, ու՞մ դեմ պայքարի կամ էլ ո՞նց չպայքարի… «Դարավոր իր երազանքը» աչքի առաջ փշուր- փշուր է լինում: «Հայկական ժամանակ»-ն էլ դանակը առած ուղիղ նրա սրտին է խփում՝ Ճի՞շտ է, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանն է դառնալու ԱԺ նախագահ։Լա՜վ էլի: Ախր ամեն ախտորոշում չի, որ պիտի կանգնել ու մարդու երեսին շրմփացնել: Մեղմ հարցրեք: Թեկուզ այսպես՝ չնայած բացառում ենք նման բան, բայց բան է՝ եթե անցնենք խորհրդարանական համակարգի… Անձի ներքին ոգևորության ու սրտապնդության համար կարելի է մի երկու շտրիխ էլ եռյակից խոսել՝ կարծում ենք եռյակը դա թույլ չի տա: Գալուստ Սահակյանը մտքումը կասի՝ տո ես այս պարագայում եռյակի ցավն էլ տանեմ, կասի մտքումը, բայց չի բարձրաձայնի: Հենց այդպես էլ պատասխանում է «Հայկական ժամանակին». «.. Եվ երկրորդը՝ ոչ ոք չգիտի, թե ինչ համագործակցություններ կլինեն, ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, ինչ իրավիճակ կլինի աշխարհում, ինչպիսի փոփոխություններ կլինեն»։Սա ի՞նչ է նշանակում: Որ ԱԺ նախագահը ինչ որ փոփոխությունների հետ հույս է կապում, որը կխանգարի սահմանադրական բարեփոխումներին: Ըստ իրեն՝ նաղդ մինչև 2018 թվականը ինքը կլինի ԱԺ նախագահ. «Սերժ Սարգսյանը դեռևս մինչև 18 թվականը ՀՀ նախագահն է, և պատշաճ էլ չէ այդ ուղղությամբ խոսել»: Սա այսպիսի երանգով է հնչում՝ ինձ դեռ «ապրելու ժամանակ ունեմ», մինչև այդ էլ մի բուժում կգտնվի: Նման վիճակների համար ժողովուրդը մի լավ ասացվածք ունի՝ առաջ մորթիս, հետո որդիս: Սահմանադրական այդ փոփոխությունների դեմը առնել է պետք, թե չէ ուրբաթը կարող է ավելի շուտ գալ:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ