«Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»․ Փաշինյան (տեսանյութ)

«Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»․ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով ԱԺ-ում հավասար պայմաններ ապահովել:



«Նախորդ քառօրյային, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց դավաճանության մեջ, նրա խոսափողն անջատեցիք՝ պատճառաբանելով, թե այդ ելույթը չի տեղավորվում հարցի շրջանակներում, իսկ երբ հանրապետական Հայկ Բաբուխանյանն արդեն ընդդիմությանը մեղադրեց դավաճանության մեջ, նրան թույլատրվեց խոսքը մինչև վերջ ավարտել: Կոչ եմ անում հավասար կանոններ ապահովել և սկզբունք որդեգրել՝ կանոնակարգի երկու րոպեները չսահմանափակելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:



Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե, իր կարծիքով, պատգամավորներն իրենց տեսակետներն արտահայտելու համար շատ միջոցներ ունեն ու դա միայն ԱԺ ամբիոնը չէ:



«Այլ բան է, որ պատգամավորները պետությանը վարկաբեկում են, և ես չեմ կարծում, որ այստեղ պետք է հնարավորինս հավասար պայմաններով դիտել հարցին։ Օրինակ, ձեր ելույթը, որքան էլ այն ինձ դուր չգա, չի ընդհատվում։ Բարեկրթության սահմանները չպետք է խախտենք: Ամենալավ բանը հասարակության, մարդու համար, դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է տալիս, հենց էլեկտրաէներգիան չի գործում: Ես կոչ եմ անում բարեկիրթ վերաբերվել, քննադատությունը կարող ենք խորացնել, բայց զերծ մնալ անձնավորումից»,-ասաց ԱԺ նախագահը:



Նիկոլ Փաշինյանն «արձանագրեց» ևս մեկ դեպք, երբ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախորդ նիստում խոսեց ընդդիմության՝ ալիևյան նավթադոլարներից ֆինանսավորվելու մասին։



«Ես զարմացած եմ, որ համապատասխան մարմինները չեն հետաքրքրվել այդ հայտարարությամբ։ ԱԱԾ-ին կոչ եմ անում պարոն Բաղդասարյանին հրավիրեն, տեսնենք՝ ովքեր են այդ նավթադոլարներից սնվողները, իսկ եթե դա սուտ է, ուրեմն պարզ է դառնում, որ Ալիևը ծածկույթ է, որով մարդկանց ուշադրությունը ուզում են շեղել իշխանությունները»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ոմանք հայտնվում են այն կարգավիճակում, որի մասին դեռևս 18-րդ դարում խոսել է ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը, ով ասել է ՝«հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»:



Արտահայտությունն անարձագանք չթողեց ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը՝ ուղղելով Փաշինյանին. «Ջոնսոնն է ասել, Ֆրանկլինը չի ասել»։