Ուրիխանյանի մեկնաբանությունը` ՀԱԿ-ի որոշման վերաբերյալ

Ուրիխանյանի մեկնաբանությունը` ՀԱԿ-ի որոշման վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել մեկնաբանությամբ`  կապված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության հետ։



«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը:



ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:



Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին»,-աված է Ուրիխանյանի մեկնաբանությունում:



Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հետևյալ հայտարարությամբ էր հանդես եկել.

«1. Ս.թ. նոյեմբերի 6-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարեւոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձեւավորելու մասին։

2. Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։

3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։

4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»։