Եթե Աստված հաջողի, թող Ծառուկյանը դառնա նախագահ

Եթե Աստված հաջողի, թող Ծառուկյանը դառնա նախագահ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանի հետ փորձեցինք զրուցել վերջին ներքաղաքական իրադարձություններից, վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից եւ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու հավակնություններից: Պարզվեց՝ ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ, որ Ծառուկյանը դառնա նախագահ: Եթե Աստված հաջողի, իհարկե:



- Պարո՛ն Մարկոսյան, եռյակն իշխանափոխություն է ուզում իրականացնել, հանրահավաքներ է կազմակերպում, միասնական շտաբներ է ձեւավորում: Այս ամենը Ձեզ չի՞ մտահոգում:



- Ոչ, չի մտահոգում:



- Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ եռյակին իրականացնել իշխանափոխություն Հայաստանում:



- Չգիտեմ, չեմ կարող պատասխանել: Արդյունքը ցույց կտա: Ո՞վ կարող է հստակ ասել՝ կլինի՞, թե՞ չի լինի, կամ ժողովրդին օգուտ կբերի՞ էդ իշխանափոխությունը...



- Կարծում եք որեւէ օգուտ չի՞ տա իշխանափոխությունը:



- Ժողովուրդը միշտ էլ քննադատելու ա իշխանությանը՝ ով էլ լինի, ԲՀԿ լինի, ՀՀԿ լինի, ժողովուրդը միշտ պիտի քննադատի, որովհետեւ աղքատությունը շատ ա մեր երկրում:



- Այդ դեպքում լավ չի՞ լինի, որ ԲՀԿ-ն կամ մեկ ուրիշը գա, ու իրեն քննադատեն, ոչ թե ձեզ:



- Թող գան:



- Այսինքն՝ կո՞ղմ եք, որ իրենք գան:



- Կողմ եմ:



- Կողմ եք նաեւ, որ Գագիկ Ծառուկյա՞նը, օրինակ, դառնա նախագահ:



- Եթե Աստված հաջողի, կողմ եմ:



- Անդրադառնանք տնտեսության վիճակին: Այսօր ոչ միայն փոքր տնտեսվարողները, այլեւ խոշոր գործարարներն են դժգոհում երկրի վիճակից, որ այս պայմաններում չեն կարողանում այլեւս պահպանել իրենց բիզնեսները: Ձեր բիզնեսն ի՞նչ վիճակում է:



- Ես բիզնեսներ չունեմ, ընդամենը ունեցել եմ տպարան... նորմալ է: Բայց խոշոր բիզնեսմեններից ոչ մեկն էլ իրավունք չունի բողոքելու:



- Դուք խոշոր հարկատու եք, չէ՞, համարվում: Կառավարության կողմից Ձեր բիզնեսներին նպաստող որոշակի քաղաքականություն նկատե՞լ եք այս ընթացքում: Բիզնես միջավայրն առհասարակ ինչպիսի՞ն է Ձեզ համար:



- Այո, խոշոր հարկատու եմ: Դե, գնալով էս տնտեսական ճգնաժամի պայմաններում այս տարի պակասություն կա աշխատանքի, կոնկուրենցիան՝ մեծ, աշխատանքը՝ քիչ, կառավարությունն այստեղ ի՞նչ պիտի անի:



- Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է խոշորներից սկսել, նրանց նախ բերել հարկային դաշտ: Այստեղ Դուք մտահոգվելու առիթ չունե՞ք:



- Ինձ մտահոգող հարց չկա, որովհետեւ մեզ մոտ, ցավոք սրտի, բոլորը փոխանցումներով ա, կանխիկ մենք առեւտուր չունենք:



- Եթե համեմատենք նախորդ ու ներկա կառավարությունները, տնտեսական առումով ի՞նչ կարձանագրեք, ո՞րն էր ավելի լավ աշխատում, ո՞ր վարչապետի վարած քաղաքականությունն է ավելի ճիշտ:



- Ներկայինն ավելի լավն է:



- Ինչո՞վ է ավելի լավը:



- Որ ավելի լավ գիտի տնտեսությունը:



- Բայց նա այդպես խորը տնտեսագետ չէ, իսկ Տիգրան Սարգսյանը փորձառու տնտեսագետ է, բանկիր է եղել երկար ժամանակ:



- Ի՞նչ անենք... բանկիր էր, բայց չէր ղեկավարել ոչ մի կազմակերպություն:



- Ինչո՞ւ այդ ժամանակ ոչ մի անգամ հարց չբարձրացրիք, որ լավ չի աշխատում Սարգսյանը, ու Ձեր դժգոհությունը չարտահայտեցիք կառավարությունից, հիմա նոր եք սկսել արտահայտվել:



- Հարց չէին տվել, չեմ բարձրացրել... ես չեմ ասում՝ նա լավ չէր, ես ասում եմ՝ Հովիկ Աբրահամյանն ավելի լավն ա, էն առումով, որ նա սկսել ա փոքր ձեռնարկությունից ու զրոյից աճել ա, նա ավելի լավ գիտի տնտեսությունը, երկրի վիճակը, ժողովրդի վիճակը:



- Կարծում եք միայն տնտեսությունը լավ իմանալը բավակա՞ն է, որ երկիրն այս վիճակից դուրս բերվի, թե՞ նաեւ քաղաքական կամք է պետք դրա համար:



- Իհարկե, քաղաքականն էլ ա պետք, բայց տնտեսությունն իմանալ ա պետք: Մարդ պիտի իր ընտանիքի հոգսն իմանա, որ իմանա նաեւ, թե ընտանիքն ինչպես ղեկավարի: Նույն ձեւ էլ՝ հիմա մեր վարչապետը...



- Շատերի, մանավանդ ընդդիմության կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը մեր տնտեսությունը քանդեց ու գնաց:



- Ես չեմ կարող ասել, թե քանդեց, բայց ուղղակի նրա թերությունն այն է, որ, ասենք, կով կթողին պիտի սովորեցնեին ոնց կով կթել: Ես նորից եմ կրկնում՝ նա տնտեսությունը չգիտեր, մարդ պիտի կոլեկտիվ ղեկավարած լինի...



- Հովիկ Աբրահամյանն ասում է, որ նախ ինքն իրենից ու իր շրջապատից է սկսելու, բայց նա եւ նրա ընտանիքը եւս բիզնեսներ ունեն: Դուք վստա՞հ եք, որ ինքն իսկապես կսկսի իր բիզնեսներից:



- Չէ, ես կարծում եմ, որ ինքը հենց իրենից էլ սկսել ա: Ես խորը չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ ինքն արտահայտվեց, որ իրենից պիտի սկսի:



- Այսինքն, ինքն իրենից սկսելով՝ հատկապես ի՞նչ պետք է անի:



- Այսինքն, եթե ունի ստվերային, էդ ստվերը համեմատաբար կկրճատի:



- Ձեր իմանալով՝ վարչապետն ունի՞ ստվերային բիզնես, կամ ինքն իր բիզնեսներին կպե՞լ է: Եղբոր բիզնեսներին, կարծես թե, դեռ ձեռք չեն տալիս:



- Ես չեմ կարող ասել, չգիտեմ, ինձ չի հետաքրքրել էդ հարցը, որ հետաքրքրվեմ՝ կպե՞լ ա, թե՞ չի կպել:



- Թերեւս վերջին հարցը. Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը խնամիներ են: Այդ դեպքում ԲՀԿ-ի կողմից իշխանափոխության հարցը Դուք ինչպե՞ս եք պատկերացնում:



- Ավելի լավ: Եթե խնամի են, բարեկամ են, մեկը մյուսին օգտակար կլինի՝ ի շահ ժողովրդի:



- Իսկ կարո՞ղ է վարչապետն օգտակար լինել խնամուն իշխանափոխության հարցում:



- Չեմ կարծում: