Մարզպետների համար միևնույնն է՝ կուրատորն ուժայի՞ն կլինի, թե՞ ոչ

Մարզպետների համար միևնույնն է՝ կուրատորն ուժայի՞ն կլինի, թե՞ ոչ

Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների միավորումն ինչպե՞ս կանդրադառնա մարզային կյանքի բարելավման, խնդիրների լուծման վրա, մեկ օրինակ կարո՞ղ եք նշել՝ հետաքրքրվեցինք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից: «Չեմ կարծում, որ այդ միավորումը որեւէ ձեւով կխանգարի»: Իսկ ինչո՞վ կնպաստի: «Էդ առումով՝ կնպաստի, թե չէ, դա ընթացքը ցույց կտա, բայց որ չի խանգարի, ես դրանում վստահ եմ»:



Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե այսպիսով իրենց ավելի կառավարելի են դարձնում՝ նոր նախարարության ղեկավար նշանակելով գեներալ Արմեն Երիցյանին, ասաց. «Ես կարծում եմ, որ բոլոր մարզպետները միշտ էլ կառավարելի են եղել, եւ նման խնդիր ոչ մի անգամ տարածքային կառավարման նախարարությունում չի ծագել»:



Սակայն ի՞նչ կփոխվի Արմեն Գեւորգյանի տիպի ղեկավարից հետո ուժային ոճի ղեկավարի նշանակմամբ, պատասխանեց. «Մարզպետները բարեխիղճ կատարում են իրենց պահանջները, ինչպես պարոն Գեւորգյանի, այնպես էլ պարոն Երիցյանի օրոք մարզպետներն իրենց գործառույթները կատարելու են պատշաճ: Ես չեմ կարծում, որ որեւէ բան կփոխվի: Մարզպետները երբեք ինքնագործունեությամբ չեն զբաղվել, այլ՝ տարածքային կառավարումով, հիմա էլ նույն գործով, իրենց գործառույթներից դուրս ոչնչով չեն զբաղվում»: Արթուր Նալբանդյանը հույս է հայտնում, որ երկու նախարարությունների միավորումից խոշորանալու է բյուջեն, որն էլ իր անդրադարձը կունենա մարզի վրա: Սակայն 2015 թվականի բյուջեն արդեն բաշխված է, եւ, բնականաբար, երկու գերատեսչությունից իրենց փայ չէին հանելու:



Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով ՀՀԿ-ական հնաբնակներից է, զգուշորեն խոսեց հարցի մասին: Սկզբում, թե «կմիավորվի, նոր կիմանանք», իսկ հետո դժվարացավ նշել դրական ու բացասական կողմերը. «Ես դեռ չեմ քննարկել, հիմա քննարկումները կավարտվեն, երբ որ հստակ կանոնադրություն կլինի, արդեն ավելի արդյունավետ կարող է լինել…»: Որտե՞ղ կարտահայտվի դա: «Ես գիտեմ իմ անելիքները, մարզպետի աշխատանքը կանոնակարգվելու է նախագահի հրամանով, հիմա ես չգիտեմ…»: Գրիգորյանն ասաց, թե համամիտ չէ, որ ԱԻՆ-ին միավորելով՝ փորձում են ուժեղացնել մարզային կառավարումը. «Ես նորից եմ կրկնում՝ մարզպետների աշխատանքը կանոնակարգում են նախագահի հրամանագրով: Մարզպետները գիտեն իրենց անելիքները, իսկ կանոնակարգումն ինչքան արդյունավետ՝ էնքան լավ»: Ըստ Գրիգորյանի, տարբերություն չկա՝ ուժային ղեկավար կկառավարի իրենց, թե ոչ ուժային: «Ով լավ կկառավարի, փառք ու պատիվ իրեն»,-եզրափակեց նա: