Նալբանդյանի անվան ինստիտուտը կարող է հպարտանալ այսօրվա ուսանողությամբ

Նալբանդյանի անվան ինստիտուտը կարող է հպարտանալ այսօրվա ուսանողությամբ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Գյումրու Մանկավարժական ինստիտուտի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը ողջունել է ներկաներին և նշել.



«Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտունն այսօր տոնում է իր 80-ամյա հոբելյանը` հասնելով խոհունություն և իմաստություն խորհրդանշող տարիքի: Հիմնադրվելով Հայաստանի պատմության այն տարիներին, երբ մեր հայրենիքը դեռևս խարխուլ տնտեսություն ուներ, այս ԲՈՒՀ-ը կարողացել է ոչ միայն կայանալ, այլ նաև տարեցտարի զարգանալ և ընդլայնվել` ավելացնելով դասավանդվող մասնագիտությունների թիվը, ուսանողների և գիտա-դասախոսական անձնակազմի քանակը: Նալբանդյանի անվան ինստիտուտը կարող է հպարտանալ ոչ միայն նախկինում այստեղ սովորած ուսանողներով, այլ նաև այսօրվա ուսանողությամբ, որոնց թվում վստահ եմ տաղանդաշատ Շիրակ աշխարհի բազմաթիվ արժանավոր զավակներ կան:



Ես, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ուրախությամբ ցանկանում եմ հատկապես առանձնացնել այս ԲՈՒՀ-ի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի գործունեությունը: Նախարարությունը տարիներ շարունակ համագործակցում է ԲՈՒՀ-ի հետ և ֆիզ-դաստիարակության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ համալրում են սպորտի ոլորտում աշխատող մասնագետների շարքերը: Եվ նրանց շարքերում կան նաև մարզական հաջողություններ գրանցած մարզիկներ, ինչպես նաև հետագայում չեմպիոններ պատրաստող մարզիչներ:



Մենք համատեղ մի գործ ենք անում` ի նպաստ մեր հայրենակիցների առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի բարձրագույն նվաճումների:
Հարգելի ներկաներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին, և իհարկե, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այսօր այստեղ գտնվելուս և բոլորիդ հետ միասին Գյումրու մայր ԲՈՒՀ-ի 80-ամյա հոբելյանական նիստին մասնակցելուս առիթով:



Վստահ եմ, որ այս ԲՈՒՀ-ը շարունակելու է իր բարեհաջող երթը դեպի իր հետագա հոբելյանները և բոլորիս ուրախացնելու է իր շրջանավարտների ձեռքբերումներով»: