Բժիշկներից մեկը տեսնելով մեր տան պայամանները մեզ հորդորեց, որ գնանք հիվանդանոցում ապրենք | լուսանկարներ

Բժիշկներից մեկը տեսնելով մեր տան պայամանները մեզ հորդորեց, որ գնանք հիվանդանոցում ապրենք | լուսանկարներ

«Կարիճներն ու առնետները դարձել են իմ բարեկամները, նրանք ինձ հետ ապրում են մի տան մեջ, որը օրերից մի օր փուլ է գալու գլխիս»,-ասում է Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի 71 տան բնակչուհի Նինա Վերմիշյանը։ Անձրևաջրերը ամբողջությամբ տուն է լցվում, պատերը բորբոսնել են և կամաց-կամաց քանդվում են։ Տիկին Նինան ապրում է հայրական տանը՝ միայնակ, մեկ ամիս առաջ մայրը մահացել է. «Մինչև մայրիկիս մահանալը մենք միասին էինք պայքարում, որ քաղաքապետը մեզ  որջից դուրս բերեր, բայց մեզ ոչ ոք բանի տեղ չէր դնում։ Ախր չեք պատկերացնի, ինչ պայմաններ է, երբ դուռ, լուսամուտ բացելուց վախենում ես, մտածում, որ պատերը շուռ կգա վրեդ»։ Տիկինը քաղաքապետին, թաղապետին առաջարկում է իր տան ամբողջ տարածքը վերցնել և իրեն մի փոքր սենյակ տրամադրել մի վայրում, որտեղ խոնավ չի լինի։ «Խոնավությունից ինչ հիվանդություն ասես ձեռք եմ բերել, մամաս, որ հիվանդ էր բժիշկներից մեկը տեսնելով մեր տան պայամանները մեզ հորդորեց, որ գնանք հիվանդանոցում ապրենք, մենք ամբողջ երեք ամիսը հիվանդանոցում էինք, իսկ հիմա մամաս չկա, ես միայնակ եմ մնացել խոնավ պատերի մեջ»,-ասաց տիկին Նինան։



Կնոջ խոսքով՝ 15 տարի ինքը բոլոր նոր նշանակված թաղապետերին, քաղաքապետերին նամակ է գրել, ներկայացրել խնդիրը, սակայն ոչ մի լուծում չի տրվել:



«Որտեղ քաղաքապետը ելույթ պետքա ունենա գնում եմ, որ խնդրի մասին անձամբ ասեմ, թե չէ նամակներս անպատասխան են մնում։ Բայց դա էլ է ապարդյուն, մենակ ցուցադրական լրատվամիջոցների ներկայությամբ ասում ա ձեր հարցով կզբաղվեն մենակ դիմեք, դիմում եմ՝ չեն ընդնունում, կամ էլ ընդունում են ու նորից ասում են նամակ գրեք մանրամասն  կուսումնասիրենք, նամակը գրում ես ու որևէ պատասխան չկա, տարիներով ձգձգում են ու ձգձգում»։



Տիկին Նինայի խոսքով ինքը այլևս անմարդկային պայմաններում ապրել չի ցանկանում, նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել։ «Էլ ապրել չեմ ուզում, ինձ մնացել է ընդամենը մի քանի տարվա կյանք ուզում եմ էդ կյանքը գոնե բարվոք պայմաններում ապրեմ, ես ինչ անեմ, որ թոշակով միայն կարողանում եմ կումունալ ծախսերը մեկ էլ ուտելիքի հետ կապված հարցերը լուծել,որ փող հետ չեմ կարողանում գցել, որ տունը սարքեմ, մենակ կին եմ օգնող ձեռք էլ չունեմ»։



Նրա խոսքով հեռուստատեսությամբ տեսնում է թե ինչպես է քաղաքապետը բնակարաններ հատկացնում այս կամ այլ խավի ներկայացուցիչներին, իսկ իրեն օգնության ձեռք չի մեկնում։ «Ախր ձրի չեմ ուզում, 200 քմ տարածքը կտամ, թող մենակ մի սենյակ տա, որը խոնավ չի լինի»։