Սա Հայաստա՛նն է… «Ու վերջ»

Սա Հայաստա՛նն է… «Ու վերջ»

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի «Ու վերջ» բառակապակցությունը շատերին է հունից հանել ու քննարկման առարկա դարձել: Շարքային քաղաքացին դժգոհում է. «Էն նախագահները որ խոսում էին, մեզ համա՞ր էին խոսում: Բա մեզ մի ցավ չունեի՞նք, որ մեր ցավից խոսեիք: Լուկաշենկոյի վառ խոսելը հայի մեջքը տաքացրե՞ց, թե՞ մեր ազգային խնդիրները ներկայացվեց: Էնպես էլ մի ասում եք՝ «Այսպիսի վառ ելույթից հետո...», ասես այդ վառ ելույթը մեզ համար էր անում: Տեսա՞ք՝ ինքն էլ ոնց վրա տվեց. «Էլ ելույթ ունենալ չես ուզում, չէ՞»:



Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված և Սերժ Սարգսյանի «Ու վերջ» բառակապակցությունն ինձ հույս է ներշնչում: Անկախ այն բանից որ տեսախցիկներն արձանագրել են դահլիճում գտնվող լրագրողների զարմանքն ու տարակուսանքը, երբ Սերժ Սարգսյանը շնորհակալական խոսքից հետո «Ու վերջ» է ասել, բայց ինձ այդ համառոտ նախադասությունը դուր է եկել: Ես դա Եվրոպային ուղղված մեսիջ եմ համարում՝ խոսելս էլ չի գալիս, ինչ խոսեմ: Վերջներս եկել է: Եվ հետաքրքիր է, որ ուշադրություն գրավելու այդ ձևը աննկատ չի անցել:



Եթե նկատի ունենաք, որ նախագահը «Ու վերջ» արտահայտությունը նաև տեղը տեղին օգտագործել է նաև Հայաստանում, ամեն ինչ պարզ կլինի: Մեջբերում եմ. «Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ: Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ: Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ: Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է եւ վերջ: Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է եւ վերջ: Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաեւ հնոտիքն իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է եւ վերջ: Կեցցե՛ Հայաստանը:



Առաջ դեպի ապահո՛վ Հայաստան»: Հիմա ասեք՝ «Ու վերջ» չեղա՞վ: Կարգին էլ կանխատեսում էր, մեր վերջը մոտենում է: Նույնը նաև Մոսկվայում է ասում՝ «Ու վերջ»: Վերջներս եկել է, գլխներիդ ճարը տեսեք, ես ի՞նչ ասեմ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ