Պուտինի և Էրդողանի պրոբլեմատիկ տարին

Պուտինի և Էրդողանի պրոբլեմատիկ տարին

Անցնող 2014 թվականը հայաստանցիներից յուրաքանչյուրի մասնավոր կյանքում թերեւս սովորական կամ անսովոր էր նույնքան, որքան պատմության ցանկացած տարին աշխարհի ցանկացած ծայրում ապրող անհատի կյանքում: Չինացիները մի քանի հազարամյակ առաջ ստեղծեցին իրենց առաջին գրավոր կոթողը` I Ching-ը, թարգմանաբար` «Փոփոխությունների գիրքը», եւ այդ ժամանակներից ի վեր բոլոր փոփոխություններն անհատի կյանքում՝ yin-ի եւ yang-ի (ստվերի եւ լույսի) հավերժական հակադրությամբ, ամփոփված են I Ching-ի 64 հեքսագրամաներում: Չկա անհատի կյանքի ոչ մի ելեւէջ, որ 64 հեքսագրամաներից մեկով նկարագրված չլինի, բայց հանրագումարում I Ching-ի խորհուրդը բնության անընդհատ հոլովույթի, լույսի եւ ստվերի հավերժական հերթագայության ամրագրումն է:



Բոլորովին այլ պատմություն են հասարակական-քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումները: Դրանք ենթակա չեն բնության օրենքներին, այլ՝ մարդկային հավաքական կամքին, ուժին եւ տրամաբանությանը: Եվ պատմության մեջ լինում է այն, ինչ լինում է:
Արդյոք 2013-ի տարեվերջին Ռուսաստանում որեւէ մեկը պատկերացնո՞ւմ էր, որ 2014-ն այդ երկրի համար կդառնա ամենասեւ տարին` 1991-ի ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Նախագահ Պուտինն ինքը 2013-ի տարեվերջին զառանցանք էր գնահատում Ղրիմ ներխուժելու հնարավորությունը: Բայց արի ու տես, որ հենց ինքն էլ այդ զառանցանքը դարձրեց իրականություն եւ Ռուսաստանը կանգնեցրեց միջազգային մեկուսացման ու ճնշումների արահետին: 2014-ի մարտի Ղրիմի արկածախնդությունից հետո արդեն, ինչպես Հովիկ Աբրահամյանը կասեր` մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ Ռուսաստանի երգը երգվելու է: Հետեւողականորեն խստացվող պատժամիջոցները Ռուսաստանի ֆինանսական եւ էներգետիկ սեկտորների հանդեպ մի քանի ամսում արդեն տպավորիչ արդյունք տվեցին, չնայած դեռ ողջ ծավալով չեն էլ կիրառվել:



Դարձյալ 2013-ի տարեվերջին ո՞վ էր պատկերացնում, որ տասը տարի Թուրքիայի «խորունկ պետականության», այսինքն` զինվորականության դեմ պայքար մղող, դա գրեթե իր կյանքի գործը դարձրած վարչապետ Էրդողանը մեկ տարում կհասնի իր հոգեւոր հորը` Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու սանկցիա տալուն, հանուն Բաշար Ասադի տապալման DAESH-ի (ISIS) զինյալներին կհովանավորի եւ, ի վերջո, այնքան կխճճվի թե երկրի ներսում, թե դրսում իր վարած քաղաքականության զիգզագներում, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի իր վստահելիությունը գրեթե թեական կդարձնի: ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր Թուրքիան երբեք այսքան լարված իրադրության մեջ չէր հայտնվել Արեւմուտքի հետ իր հարաբերություններում: Այսպես շարունակվելու դեպքում, հատկապես քրդերի ակտիվացման համատեքստում, դժվար է պատկերացնել, թե այդ երկրի ինքնիշխանությունը որքան ժամանակ կտարածվի իր ներկա տարածքի, հատկապես Արեւելյան Անատոլիայի վրա:



Իսկ Հայաստանի համար դժվար է ավելի բարենպաստ զարգացում պատկերացնել, քան Ռուսաստանի եւ Թուրքիայի միջազգային մեկուսացումը, ճնշումներն ու Արեւմուտքի հետ խնդիրները: Ի վերջո, մեկ դար առաջ այդ երկու երկրների իրավանախորդները հավասար պատասխանատվությամբ իրականացրին արեւմտահայության տեղահանությունը եւ Արեւմտահայաստանի բռնագրավումը: Եվ դեռ հարց է, թե որն էր ավելի մեծ հանցագործություն` արեւմտահայերին դեպի Դեր-Զոր աքսորե՞լը եւ նրանց կյանքերը չպահպանե՞լը, թե՞ Աթաթյուրքի «բոզկուրտների» զորախմբերը զինելը, Կարմիր բանակով Հայաստան ներխուժելն ու Սեւրի պայմանագիրի գործադրումն արգելափակելը:



Այնպես որ, Թուրքիայի եւ Ռուսաստանի հանդեպ հիմք չկա տարբեր վերաբերմունք ունենալու, եւ, իհարկե, նրանց ռազմավարական ձախողումները, մեկուսացումն ու պատիժները ոչ միայն բեկումնային եւ աննախադեպ զարգացում են Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգում, այլեւ վերջնահաշվում բարենպաստ զարգացում են Հայաստանի համար: Մնում է տեսնել, թե 2014-ին սկիզբ առած բեկումնային գործընթացներն ինչ ընթացք կունենան 2015-ին: