Մեր զինանշանի առյուծը ճաղատ է ու հիվանդ

Մեր զինանշանի առյուծը ճաղատ է ու հիվանդ

Մեր պետական խորհրդանշանների, իսկ ավելի կոնկրետ՝ մեր զինանշանի վրա ունենք բավականին թերություններ, որոնք շտկման կարիք ունեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ բարձրաձայնեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: Ավելին՝ բազմաթիվ պետական կայքերի վրա զինանշանը սխալ է ներկայացված, ունեինք զինանշան, որը չէր համապատասխանում օրենքին կից հավելվածին, որոշ դեպքերում այդ սխալն ուղղվել է, բայց խնդիրը դեռ մնացել է:



Քննարկմանը ներկա Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ զինանշանն ուսումնասիրելիս նկատել է նշաններ, որոնք կարծես արվել են զինանշանն ընդունելուց հետո: Նա չգիտի, թե ովքեր են դա արել, բայց որոշակի փոփոխություններ են մտցրել զինանշանի վրա եւ կարողացել են դա տարածել: Այսօր Հայաստանում օգտագործվում է 3-4 տարբեր զինանշան, ինչը պատահականություն չէ՝ ըստ նրա:
Հերալդիկայի օրենքների համաձայն, մեր գերբի վրա հայկական չորս թագավորությունների՝ Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ եւ Ռուբինյաններ, զինանշաններն են, բայց որոշ զինանշանների վրա այդ թագավորությունների կերպարները ձեւախեղվել են: Նա մատնանշեց Արտաշեսյանների զինանշանի վրա պատկերված արծիվները, որ, չգիտես ինչպես, աղավնիներ են դարձել: Մինչդեռ երկրի հերալդիկան, այս տեսակ բոլոր «մանրուքներն» ազդում են երկրի ճակատագրի վրա:



Ըստ Աղամյանի, շատ զինանշանների վրա անգամ խախտված է այն, ինչն օրենքով ամրագրում է, թե թագավորություններից որ մեկի զինանշանն ինչ գույնի պետք է լինի: Օրենքում գրված է նաեւ, որ Արարատ լեռը նարնջագույն պետք է լինի, բայց այդպես չէ, հետո, զինանշանի վրա վահանից դուրս պետք է նաեւ թուրը երեւա: «Շատ տարօրինակ բաներ կան մեր գերբի վրա, օրինակ՝ առյուծն անպայման ժանիքները բացած պետք է լինի եւ լեզուն հանած, որը խորհրդանշում է այն, որ կենդանին կարող է պաշտպանել այն հիմքը, որ ունենք: Հիմա մեզ մոտ առյուծ է, որ չունի անգամ բաշ, ճաղատ է ու հիվանդ, մինչդեռ հզոր պետք է լիներ, որը չենք տեսնում»,-նշեց նա՝ հավելելով, որ պետք է խորհուրդ լինի, որը մասնագիտական եզրակացություն տա, հակառակ դեպքում ամեն մի բնակավայր կարող է մի գերբ նկարել եւ ասել՝ սա է:



Աղամյանը նկատեց, որ Վրաստանը վերջերս փոխեց իր դրոշը եւ վերցրեց մեր Կիլիկյան թագավորության դրոշը, այսինքն՝ այստեղ էլ մենք ուշացանք եւ ոչինչ չենք կարող անել այլեւս:
Նկարիչ, դիզայներ Հարություն Սամուելյանն էլ նշեց, որ պետական խորհրդանիշներն ազդում են պետության ճակատագրի վրա, եւ պետք է ազատել մեր զինանշանը բացասական էլեմենտներից:
Նա կանգ առավ մեր զինանշանին պատկերված առյուծի կերպարի վրա, որը փակ երախով է, մինչդեռ պետք է բաց երախով պատկերվեր, լեզուն դուրս. «Իսկ մենք փակ բերանով ենք պատկերել՝ ցույց տալու համար, որ մենք խաղաղասեր ազգ ենք, բայց դա հակասում է հերալդիկայի օրենքներին եւ բերում է որոշ հետեւանքների. եթե դու քեզ ներկայացնում ես խաղաղասեր, բայց անում ես ոչ պատշաճ ձեւով, քեզ կարող են ընդունել որպես թույլ երկիր»: Հարություն Սամուելյանը հիշեց նաեւ մի դեպք. երբ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելուց հետո երդում էր տալիս, հետեւի ֆոնին տեղադրված զինանշանի արծիվն արծաթագույն էր, իսկ առյուծը՝ ոսկեգույն:



Պավել Սարգսյանի դիտարկմամբ, յուրաքանչյուր խորհրդանշան պատմության ընթացքում շտկվել է, եւ իրենք առաջարկում են շտկել դրանք՝ դարձնել ավելի գրագետ, հերալդիկ օրենքներին համապատասխան. «Մենք դեռեւս 2010թ.-ից առաջարկել ենք, որ ստեղծվի պետական ազգային խորհրդանշանների խորհուրդ, եւ համապատասխան պետական քաղաքականությունը նման կառույցների կողմից է մշակվում ու ներկայացվում»:
Բանախոսները նշեցին, որ այդ հանձնաժողովի ստեղծման համար դիմել են կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, բայց մի քանի տարի է արդեն՝ սայլը տեղից չի շարժվում: