Թույլտվությունից հետո ինչքան ուզում ես եռագույնը ծածանի

Թույլտվությունից հետո ինչքան ուզում ես եռագույնը ծածանի

Նախօրեին Կասկադի տարածքում միջադեպ գրանցվեց, որն ուղղակիորեն կպավ հայրենասերների «թույլ» տեղին` եռագույնին: Տեսանյութը կարճ ժամանակ անց հայտնվեց նաեւ սոցիալական ցանցերում եւ կայքերում: Ազատամարտիկ, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գեւորգյանը վիճաբանության եւ քաշքշուկի մեջ էր հայտնվել Կասկադի անվտանգության աշխատակիցների հետ` մի քանի երիտասարդի Կասկադի տարածքում եռագույնով լուսանկարելու համար: Հրապարակված երկու րոպեանոց տեսանյութում երեւում է, թե ինչպես են իրար գլխի հավաքված ոստիկանները պահանջում թույլտվություն լուսանկարելու համար, բացատրելով. «Ստեղի կարգուկանոնին տեղյակ չե՞ք, սա մասնավոր տարածք ա»:



Սոցիալական ցանցերում քննարկումները կատարվածի շուրջ այնքան թեժացան, որ հաջորդ օրը մի քանի տասնյակ քաղաքացիներ` եռագույններով, տեսախցիկներով, այդ թվում՝ միջադեպի մասնակից Սրապիոն Գեւորգյանը, նորից հավաքվեցին Կասկադի տարածքում եւ այս անգամ անվտանգության աշխատակիցների լուռ հայացքների ներքո, արդեն անարգել, միասնական ծածանեցին եռագույնը, ապա երգեցին ՀՀ օրհներգը:
Հետաքրքիր է, որ վաղ առավոտյան կատարվածի շուրջ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը լայնածավալ հաղորդագրություն տարածեց կատարվածի շուրջ` գրելով, որ կենտրոնը երբեք դեմ չի եղել իր տարածքում եռագույնի ծածանմանը, պարզապես «Կենտրոնի անվտանգության աշխատակիցը ճշտել է՝ ի՞նչ նպատակով են արվում նկարահանումները: Տեղեկանալով, որ նկարահանվող կադրերը նախատեսված են հայ մեծանուն ազատամարտիկ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող փաստագրական ֆիլմի համար, աշխատակիցը տեղեկացրել է, որ նման նկարահանումը պետք է նախօրոք գրանցվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գրասենյակում, ու քանի որ աշխատանքային օր չէր, անվտանգության աշխատակիցը խնդրել է գալ հաջորդ օրը՝ երկուշաբթի, հունվարի 19-ին:



Իրավիճակը թեժացել է, որովհետեւ մարդիկ չեն ցանկացել լսել ընթացակարգի մասին, արդյունքում նկարահանող խմբի անդամ Սրապիոն Գեւորգյանն անտեղի ափերից դուրս է եկել, եւ դա կարելի է նաեւ լսել այդ տեսանյութում: Ավելորդ լարվածության արդյունքում, անվտանգության աշխատակիցներից մեկը կտրուկ արձագանքեց հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան, ինչը եւս, ընդունում ենք, անտեղի է եղել, եւ այդ աշխատակիցն ստացել է նկատողություն Կենտրոնի տարածքում անվտանգություն իրականացնող համապատասխան կազմակերպության կողմից: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայցում է բոլորի ներողամտությունը այդ պահնորդի կտրուկ պահվածքի համար»: Կասկադում իրականացված եռագույնների ֆլեշ մոբին ներկա Գաֆեսճյան կենտրոնի մամլո պատասխանատու Մարիա Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած քաղաքացի Կասկադի տարածքում կարող է եռագույնով եւ լուսանկարվել, եւ տեսանկարվել, բայց եթե դա այլ նպատակի համար է արվում, պետք է տեղեկացնեն կենտրոնի ադմինիստրացիային:



Այն հարցին, թե հսկայական տարածքում, ուր տեղացիներից բացի ամեն օր բազմաթիվ տուրիստներ են այցելում, ինչպե՞ս են հասկանում եւ իրենց համար ճշտում, թե ով է իր անձնական արխիվի համար տեսալուսանկարում եւ ով՝ այլ նպատակների համար: Վերջինս նշեց, որ դա վերահսկելը դժվար է, բայց, այնուամենայնիվ, անվտանգության աշխատակիցները հերթով մոտենում են բոլորին, որոնց ձեռքին տեսախցիկներ կան, եւ հարցնում տեսանկարահանումների նպատակների մասին: Նա նաեւ նշեց, որ նախկինում նման դեպք էլի է եղել: Ինչ վերաբերում է համապատասխան գրություններով ցուցանակների բացակայությանը, ապա, ըստ նրա, կենտրոնի տարածքը մեծ է, եւ երաշխիք չկա, որ ցուցանակների առկայության դեպքում բոլորը կկարդան այդ նախազգուշացումները:



Մեզ հետ զրույցում Սրապիոն Գեւորգյանն էլ նշեց, որ իրենք տեսաֆիլմի անուն չեն տվել, այլ ասել են, որ Մուշում, Անիում, Կարսում, Վանում, Արարատի գագաթին բարձրացրած եռագույն դրոշն ուզում են մի հատ նկարել եւ ուղարկել Ամերիկա, որը պետք է ապրիլի 24-ին ծածանվի նաեւ այնտեղ:
Ֆլեշ մոբից 20 րոպե անց մեծ փութկոտությամբ մի քանի մեքենայով Կասկադ հասան նաեւ միտինգ ցրող ոստիկանները եւ բաժանվեցին մի քանի խմբերի՝ հսկելու, թե ով եւ ինչպես է եռագույնը ծածանում Կասկադում: Այնպիսի տպավորություն էր, ասես մի խումբ մարդիկ որոշել են ոչ թե Հայաստանի դրոշը ծածանել, այլ՝ Ադրբեջանի, ու դրանով սասանել են մեր երկրի հիմքերը: