Կրքոտ կրկես

Կրքոտ կրկես

Պայծառ, գերպայծառ լույսերի ներքո դուրս են գալիս հայաստանյան կրքոտ կրկեսի աճպարարները՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան… Նրանց մենամարտը մի քիչ նման է Դոն Կիխոտի ու Սանչո Պանսայի կիսախարխուլ հարաբերությունների ժամանակին կամ Գուստավ Ֆլոբերի զավեշտալի հերոսներին՝ Բուվարին եւ Պեկյուշեին, որոնք հանդիպել էին իրար ինչ-որ հերոսական մի բան մոգոնելու, սակայն մոգոնածն ավելին էր, քան իրենց ունակությունները: Բուվարը եւ Պեկյուշեն դեռ իրենց մեջ պահպանում էին մանկական միամտության փշուրներից, նույնը չես կարող ասել Սարգսյան-Ծառուկյանի մասին: Բայց մենք գրականությունը չենք ապրում, քանզի գրականության մեջ ինչը հնարավոր է, կյանքում անհնարին է թվում: Եվ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն իրականում վեպի հերոսներ չեն, եւ մեր ծանր կեցությունը, որոնց համար նրանք են պատասխանատու, ֆանտասմագորիկ երեւակայություն չէ:



Այս հակահերոսների անմիջական ջանքերով է Հայաստանն ապրում իր ամենախավար ժամանակաշրջաններից մեկը: Կշեռքի նժարին դնելով պետականությունը, ազգային անվտանգությունը, վերջապես ժողովրդի լինելիության հարցը: Մարդիկ խոսափողից խոսափող, լրիվ փողոցային ավանդույթներով, իրար երեսի միմյանց անցյալ են հիշեցնում… եւ ինչպիսի անցյալ՝ մականուններից սկսած, վերջացրած Բադեն Բադեններով… Սերժն ու Գագիկն այլեւս կոմպլեքսներ չունեն, վերջապես ազատագրել են իրենց: Էթիկապես ու էսթետիկապես այնքան են վճիտացել, որ վճիտորեն միմյանց հուղարկավորությամբ ու հիշատակագրությամբ են զբաղված: Նրանք ասում են՝ ով հայ ժողովուրդ, այսու մենք քո առաջ մերկ ենք ներկայանում եւ քեզ ենք պարզում մինչ օրս չասված, չարտաբերված ճշմարտությունը, որ մենք հանցագործություններ ենք կատարել, որ չենք վճարել հարկերը, որ տգետ ենք, որ երկիրը տանուլ ենք տվել, որ կաշառակեր ենք, գող ենք, դուրսպրծուկ, դավաճան ենք, որ այլեւս վտանգում ենք Հայաստանի գոյությունը…



Մենք ականատես ենք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան քավարանի՞ն… թե՞ կրքոտ, հեշտանքից թպրտող կրկեսի ունկնդիր ենք: Բայց լավ, ամեն ինչ մի կողմ… Հիմա այս երկուսի հարցով արդարադատության ո՞ր մարմինը պիտի զբաղվի, ո՞ր օրգանը պիտի ծանր հանցագործությունների մասին Սերժի ու Գագիկի տված հայտարարություններին ընթացք տա…