Սա աննախադեպ նշանակության կարևոր պատմական փաստ է․ Շարմազանով

Սա աննախադեպ նշանակության կարևոր պատմական փաստ է․ Շարմազանով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բանաձևի նախագիծ է ընդունել։



ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա աննախադեպ նշանակություն ունի և կարևոր պատմական փաստ է:



«Սա աննախադեպ է նախ նրա համար, որ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը, ինչը շատ կարևոր է»,-ասաց Շարմազանովը՝ կարևորելով այն հանգամանքը, որ ԵԺԿ-ն ընդունում է՝ որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1894-1923թթ. Է տեղի ունեցել: «Այսինքն, Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Աբդուլ Համիդ սուլթանի կառավարման, ինչպես նաև Օսմանյան Կայսրության տարիներին:



Ըստ նրա՝ կարևոր է նաև այն, որ այդ բանաձևում հստակ նշվում է, որ նույնքան դատապարտելի է նաև Ցեղասպանության ժխտումը։



«Շատ կարևոր եմ համարում ԵԺԿ-ի կոչը՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին՝ կատարել իրենց վրա դրված պարտավորությունները: Եվ, վերջապես, շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում եվրոպական կառույցներին՝ Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը, դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ այս բանաձև ընդունումը ողջ հայության հաղթանակն է, քանի որ դրանում ներառված են բոլոր այն դրույթները, որոնք տեղ են գտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում:



Շարմազանովը նշեց, որ այս բանաձևի ընդունումը ոչ թե սոսկ ՀՀԿ-ի, այլ ԵԺԿ-ի անդամ ՀՀ երեք քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» միասնական աշխատանքի արդյունք է։



«Կարծում եմ, որ սա նոր պայքարի սկիզբ կլինի, որին կհաջորդեն նոր բանաձևեր, որոնք կլինեն ոչ պակաս կարևոր: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մենք համահայկական հարցերում պետք է միասնական լինենք: Տեսնում եք, որ այնտեղ, որտեղ մենք միասնական ենք, հաղթանակ ենք գրանցում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ