Ոչ իշխանականները չեն շտապում հաղթանակի դափնին հանձնել Հովիկ Աբրահամյանին

Ոչ իշխանականները չեն շտապում հաղթանակի դափնին հանձնել Հովիկ Աբրահամյանին

«Շրջանառության հարկի մասին» բազմաչարչար, մի քանի անգամ տարած-հետ բերած օրենքը իշխանության ու «ոչ իշխանության» ամիսների համատեղ աշխատանքների արդյունքում կրկին չբերվեց այն տեսքի, որից գոհ կլինեին բոլոր կողմերը: Վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Հովիկ Աբրահամյանի առաջին «հաջողությունը» պետք է լիներ շրջանառության հարկի նվազեցումը 3,5-ից՝ 1 տոկոսի: Բայց, չգիտես ինչու, այս բարի գործը փչացրին՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջ մտցնելով, ՓՄՁ-ներին ստիպելով յուրաքանչյուր ապրանքի համար հաշիվ-ապրանքագրեր ներկայացնել, ավելին՝ կառավարությունն օրենքը հռչակեց ստվերի դեմ պայքարի միջոց: Բացատրությունն այն էր, որ փոքրերի միջոցով փորձում են խոշորներին բերել հարկային դաշտ՝ պարզել դրանց շրջանառության իրական ծավալները, ինչը խիստ բացասական ընկալվեց ՓՄՁ-ների կողմից, քանի որ խոշորները ոչ միշտ են հաշիվ ապրանքագրեր տրամադրում:



Անցած տարվա հուլիսին օրենքն ուժի մեջ մտնելուն պես խոշորների ստվերային աջակցությամբ ՓՄՁ-ները փողոց դուրս եկան, նրանց միացան նաեւ ոչ իշխանական քաղաքական ուժերը, որոնց մի մասը կողմ էր քվեարկել այս օրենքին՝ կամ չհասկանալու, կամ անտարբերության պատճառով: Արդյունքում կառավարությունը մի քանի անգամ ստիպված եղավ կասեցնել օրենքի վիճահարույց պարտադիր փաստաթղթավորման դրույթը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ՝ «հաղթանակի» դափնին նվաճելու մոլուցքով, մի քանի անգամ շնչակտուր հասնել խորհրդարան, հանդիպել ու առաջարկել ոչ իշխանականներին՝ սեփական առաջարկներով հանդես գալ:



Ամիսների բանակցությունների արդյունքում նոր օրինագծով առաջարկվում է ՓՄՁ-ների համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամի, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով: Ոչ իշխանական կուսակցությունների առաջարկների մեծ մասը կառավարությունը հաշվի է առել, բայց նրանք երեկ չշտապեցին հաղթանակի դափնին հանձնել կառավարությանը, միայն ԲՀԿ-ն էր այդ հարցում պատրաստակամ, բայց ոտքը կախ գցեց՝ սպասելով առեւտրականների արձագանքին, որից հետո գնահատական կտա: ՕԵԿ-ական պատգամավոր Լեւոն Դոխոլյանն ասաց, որ փոփոխությունները կարելի է դրական որակել, սակայն դրանք չեն լուծում բոլոր խնդիրները:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նույնպես դրական որակեց փոփոխությունները, բայց հանդես եկավ առաջարկներով՝ օրենքում ավելացնել մի հոդված, որի համաձայն, ապրանքաշրջանառության 113,4 մլն դրամի շեմը չի նվազի առնվազն 3 տարի, բայց կարող է ավելանալ: Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, որ փոփոխություններն ավելի շահեկան են, քան նախորդ օրինագիծն էր, ասաց, որ զգացվում է կառավարության ցանկությունը՝ պայքարել ստվերի դեմ, սակայն պայքարը ոչ թե սկզբունքային է, այլ կրում է մոտավոր բնույթ: Ռ. Հակոբյանը վերլուծեց, թե որ դեպքում է, որ տնտեսվարողը կնախընտրի 5 տոկոս շրջանառության հարկ. միայն այն դեպքում, երբ 5 տոկոսի դեպքում տնտեսվարողների շահույթն ավելի բարձր կլինի, այսինքն` երբ տնտեսական գործառույթները լինում են ստվերում: Օրինագծի քաղաքական նշանակությունը, մասնավորապես այն, որ օրենքը լեգիտիմացնում է, որ տնտեսական գործառույթները մնան ստվերում, Հակոբյանին կպարտադրեն դեմ քվեարկել օրինագծին:



ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկած գաղափարը նախագծի լրամշակված տարբերակում իրացվել է, բայց նախագծում բազում թերություններ կան: ՀՅԴ-ականն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախագծում նշված չէ, թե ինչ փաստաթղթեր ինչ ժամկետում պետք է ներկայացվեն հարկային մարմիններ: Բացի դրանից, շրջանառության հարկի սահմանված չափերը, պատգամավորի խոսքով, թեեւ առաջին հայացքից ներկայացվում են որպես խթանիչ, այնինչ իրականում ունեն ներքին շատ մեծ ռիսկ, քանի որ ներքին եւ վերին շեմի տարբերությունը հսկայական է, որը կարող է վնասներ պատճառել այն սուբյեկտներին, որին ցանկանում են աջակցել, ուստի մի շարք նկատառումներով ՀՅԴ-ն ձեռնպահ կքվեարկի:



Մինասյանն ասաց նաեւ, որ օրենքը 2016թ. հունվարի 1-ից շուտ ուժի մեջ չի կարող մտնել, քանի որ հարկի դրույքաչափի հստակ բարձրացում է գնում եւ ավելի շուտ ուժի մեջ մտնելու դեպքում կհակասի օրենքին: Մինչդեռ ՀՀԿ-ականները հակադարձեցին, որ հարկային բեռի փոփոխություն տեղի չի ունեցել, փաստաթղթավորման պարագայում 1 տոկոս է եղել, նույնքան էլ մնացել է: «Տարվա սկզբում ամրագրվել է 1 տոկոսը՝ փաստաթղթավորված, 3,5-ը չի ամրագրվել, չէ՞, որ փոփոխվի»,- հակադարձեց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը:
Հրանտ Բագրատյանի կարծիքով, մասնակի լուծումներ են տրվել: Նախկին վարչապետը ներկայացրեց Հայաստանի տնտեսության իր մոդելը՝ ՓՄՁ հարկման շեմը մինչեւ 115 մլն դրամ եւ 5-6% շրջանառության հարկ, իսկ խոշորների համար՝ 10-12%, ընդ որում՝ խոշորի դեպքում էլ, մինչեւ ՓՄՁ շեմը, խոշորը նույնպես պետք է հարկվի նույնկերպ, ինչ փոքրը: Ըստ Բագրատյանի, սա 4-5 անգամ կփոքրացնի հարկային ծառայությունը:



Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոստովանեց, որ իրենց առաջարկները սկզբունքորեն ընդունվել են, սակայն կա մի մեծ «բայց», որը 5 տոկոս շրջանառության հարկային բեռի ավելացմանն էր վերաբերում: Զուրաբյանը սա զուտ իրադրային լուծում համարեց, որը կարելի է համարել նաեւ կառավարության պարտություն: Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունները պետք է խոստովանեն, որ իրենց չհաջողվեց որեւէ քայլ կատարել ստվերի բացահայտման ուղղությամբ: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը դրական գնահատեց փոփոխությունները, ԲՀԿ-ի առաջարկներն էլ են հաշվի առնվել: Նա էլ կրկնեց իր գործընկերներին եւ դժգոհեց հարկային բեռի բարձրացումից, այդուհանդերձ, ԲՀԿ-ն այսօր՝ օրինագծի քվեարկությունից առաջ, կհայտնի իր դիրքորոշումը՝ սպասելով ՓՄՁ ներկայացուցիչների արձագանքին:



Եթե վերջինները նորից դուրս գան փողոց եւ բողոքեն օրենքի նոր լրամշակումից, ապա ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, հակառակ դեպքում խմբակցությունը որեւէ խնդիր չի տեսնում նախագծին աջակցելու գործում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զարմանք հայտնեց գործընկերների ելույթներից՝ համարելով, որ սեղանին դրվածն ընդհանրական նախագիծ է, նա հիշեցրեց, որ հենց ոչ իշխանականներն էին փաստաթղթավորման բացակայության դեպքում 7-10% դրույքաչափի տարբերակներ առաջարկում: «Տնտեսվարողներին որ խոսեցնես, կասեն՝ ավելի լավ է հարկ չտանք, տուրք չտանք, աշխատենք, ընտանիք պահենք: Սա այն միջին տարբերակն է, որ դուք էլ պետք է կողմ լինեք: Կգա ժամանակ, որ բոլորը կգնան օրինական դաշտ»: