Օսկանյանը կհրաժարվի մանդատից, ԲՀԿ-ն էլ կդառնա ընդդիմություն․ Միքայել Մելքումյան

Օսկանյանը կհրաժարվի մանդատից, ԲՀԿ-ն էլ կդառնա ընդդիմություն․ Միքայել Մելքումյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը ցանկանում է լքել ԲՀԿ-ն:
«Ես որքան տեղյակ եմ, Վարդան Օսկանյանը կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել: Նա ընդամենը ցանկանում է պատգամավորական մանդատը վայր դնել, սակայն կուսակցությունը լքելու մասին նա դեռ չի հայտարարել»,- ԲՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանն այդ քայլով ցանկանում է որոշակիորեն վերաիմաստավորել իր հետագա գործունեության բնույթը: «Նա, հավանաբար, ինչ-որ որոշումներ ունի ապագայի հետ կապված, որովհետև հենց այնպես նման որոշումներ չեն կայացնում: Նա կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել, նշանակում է, որ նա իր գործունեությունը շարունակելու է կուսակցությունում և իրականացնելու է իր խնդիրները»,- հայտարարեց Մելքումյանը՝ վստահեցնելով, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:



Հարցին, թե արդյոք այսքանից հետո ԲՀԿ-ն չի՞ կորցնի հանրության վստահությունը, Մելքումյանըն ասաց․ «Մենք պետք է կարողանանք այդ հարցերում էլ ճիշտ, պարզ ճակատով ժողովրդի հետ խոսել, ասել, թե որն է մեր նման որոշման պատճառը: Մենք պետք է կարողանանք այս թիմը պահպանել, մենք ունենք մեր ծրագիրը և այդ ճանապարհով գնալու ենք: Ընթացքում կարող են լինել որոշակի շեղումներ, տակտիկական փոփոխություններ, սակայն այսօր մենք պետք է փորձենք ամեն ինչ անել մեր պետությանն օգտակար լինելու համար»։
Նա նաև ընդգծեց, որ իրենք դեմ են ցնցումներին, մայդաններին: «Մենք նման շռայլության գնալու իրավունք չունենք, իրավունք չունենք երկիրը տասնյակ տարիներով հետ շպրտելու: Սրա հետ էր կապված Գագիկ Ծառուկյանի հայտնի որոշումը, ինչի մասին, կարծսւմ եմ, գիտի նաև ժողովուրդը»։



Մելքումյանը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ն համագումարի ընթացքում կքննարկի իր հետագա անելիքները՝ կարծիք հայտնելով, որ իրենք այլևս այլընտրանք չեն մնա և կհայտարարեն ընդդիմություն լինելու մասին:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ