Ծառուկյանը կհրաժարվի մանդատից և ԲՀԿ ղեկավարի պաշտոնից

Ծառուկյանը կհրաժարվի մանդատից և ԲՀԿ ղեկավարի պաշտոնից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցութան առաջիկա համագումարում կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից, և նույն համագումարի ժամանակ էլ կընտրվի նոր նախագահ:
«Մենք քննարկել ենք կուսակցության նոր ղեկավարի հարցը: Այլ թեկնածու, բացի Նաիրա Զոհրաբյանից, չկա: Ես կարծում եմ, որ Զոհրաբյանի թեկնածությունն անպայման կպաշտպանվի: Համագումարից հետո կլինի նաև քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի նաև կուսակցության ղեկավարի տեղակալի հարցը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։



Մելքումյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը նաև վայր կդնի պատգամավորական մանդատն ու առժամանակ կհեռանա քաղաքականությունից: Հարցին, թե կուսակցությունից նոր արտահոսք չի՞ սպասվում՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից, Մելքումյանն ընդգծեց, որ չի կարծում, թե Ծառուկյանը շահագրգռված է, որ կուսակցությունից կամ խմբակցությունից մարդիկ դուրս գան:
«Մենք այս երկրում ճանապարհ անցած մարդիկ ենք և գիտենք, թե ինչ քայլերով կարելի է առաջ գնալ: Մարդ պետք է հավատարիմ մնա իր քաղաքական թիմին, ինձ համար անընդունելի է այստեղից այնտեղ ցատկելը»,- նշեց Մելքումյանը:
Մելքումյանը հայտնեց, որ փոխվելու է նաև կուսակցության գրասենյակի վայրը․ այլևս հայտնի «Կանյաչնիում» չի լինի։



Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 15:00-ին նախատեսված է ԲՀԿ 8-րդ համագումարը։



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ