Ղարաբաղը՝ ընտրությունների շեմին

Ղարաբաղը՝ ընտրությունների շեմին

Ի տարբերություն Հայաստանի, Արցախի քաղաքական կյանքը եռում է, նախընտրական Արցախում մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվ վերադասավորումներ են ընթանում, քանի որ այդ ընտրությունները հաջորդ տարվա նախագահականի նախերգանքն են լինելու: Հատկապես ուշագրավ է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտնությունը, մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ժամանակին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար դատապարտված «կամանդույուշչին» խաղի մեջ է մտել, որպեսզի կանխի նորից իշխանության գալու Ղուկասյանի պլանները:



Ձեռքերը ծալած չի նստում նաեւ Արկադի Ղուկասյանը, երեկ տեղեկություն ստացանք, որ նա հանդիպել ու երկուսուկես ժամանոց առանձնազրույց է ունեցել ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ: Սա ուշագրավ է, քանի որ այս օրերին Ղարաբաղից բացակայում էր նախագահ Բակո Սահակյանը: Նա երեկ է վերադարձել: Նրա խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արցախի նախագահն արտերկրում մի շարք հանդիպումներ է ունեցել «Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի վերաբերյալ»: Արկադի Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ղուլյանի հետ հանդիպման փաստը: «Իսկ դա ինչ-որ արտառոց երեւո՞ւյթ է»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա, իսկ լսելով Սամվել Բաբայանի մասին մեր հաջորդ հարցը, ասաց. «Լավ, լավ, լավ, ժամանակ չունեմ»: