Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանն այսօր ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին, մասնավորապես՝ հատվածը, որով «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արվում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում է ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն այս առթիվ հայտարարություն է տարածել և ողջունել Եվրոպական խորհրդարանի զեկույցը:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդեպ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:

Ի հավելումն, Եվրոպական խորհրդարանի ընդունած տեքստը մասնավորապես ուշադրության տակ է վերցնում մարդու իրավունքների խնդիրը ԵՄ գործընկերների հետ հարեբերությունների համատեքստում: Իսկապես, զեկույցի առաջին պարբերության մեջ նշվում է, որ «Եվրոպական միության հիմնարար իրավունքների կանոնադրության նախաբանը հաստատում է, որ ԵՄ-ի գործունեության առանցքում գտնվում է անհատը և մարդկային արժանապատվությունը»: Զեկույցի մեջ ասվում է նաև, որ կատարողականի վրա հիմնված ավելին ավելինի դիմաց սկզբունքը պետք է լինի ԵՄ-ի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների հիմքում, համաձայն որի ԵՄ-ն գործընկեր երկրներին պետք է համագործակցության առավել բարձր կարգավիճակ շնորհի բացառապես մարդու իրավունքները և ժողովրդավարության նորմերը բավարարելու դեպքում: ԵՄ-ն նաև չպետք է վարանի այդ կարգավիճակը սառեցնել նշված պահանջների չբավարարման դեպքում»:

«Գործնականում սա նշանակում է, որ Եվրոպական խորհրդարանը չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս ԵՄ-ն զիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ իր դիրքորոշումները,- մեկնաբանում է պարոն Լորենցո Օչոան: «Այս երկու պարբերությունները հստակեցնում են, թե ինչու են զեկույցում պնդում, որ մարդու իրավունքների դրույթները ներառվեն ԵՄ միջազգային համաձայնագրերում, ներառյալ՝ առևտրի համաձայնագրերը: Այն նաև բացատրում է, թե ինչու է 215 պարբերությամբ հաշվետվությունն առավել ծավալուն՝ նույն հարցի վերաբերյալ անցյալ տարվա հաշվետվության համեմատ: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ-ն վերահաստատում է իր՝ արժեքների վրա հիմնված հեղինակությունը այս ծավալուն, սակայն հստակ հաշվետվությամբ»:

Ընդունված փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Այս պարբերություններով Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ՝ կաթոլիկները, առաքելական հայերը, ղպտիները, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»:

Հաշվետվությունը կազմել է ԵԽ պատգամավոր Պիեր Անտոնիո Պանզերին (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Իտալիա): Փետրվարի 9-ին այն ընդունվել է հանձնաժողովի մակարդակով և կհրատարակվի Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկա օրերին»: