«Ժառանգությունը» մի ուրիշ ձևի է հաճույք ստանում

«Ժառանգությունը» մի ուրիշ ձևի է հաճույք ստանում

Ճամփորդելը, առհասարակ, հաճելի զբաղմունք է: Իսկ երբ ճամփորդում ես դեպի ծնողներիդ գիրկը, դա արդեն կրկնակի հաճելի է: Չեմ ուզում խոսել ճանապարհի ապրումների մասին… Ծնողներից հեռու ապրողին դրանք քաջ հայտնի են…
Այսօր ուզում ենք խոսել ճամփորդել սիրող մեր գործիչներից մեկի` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Իսկը` անթեւ թռչուն: Մի երկու օր առաջ արեւմտյան կիսագնդում էր, այսօր դարձյալ մեր կողքին է, վաղը չգիտեմ որտեղ կլինի… Նույնիսկ մի անգամ Բաքու էր ճամփորդել ու այնտեղ կռիվ գցել միջազգային կոնֆերանսում… Հիշողություններ, կադրեր…



Կյանքի բոլոր հաճույքները, սակայն, ճամփորդությունների մեջ չեն: Հաճույքներ էլ կան, որ կարելի է զգալ տեղում` նախապատրաստվելով դրանց, ծրագրելով, երբեմն էլ՝ անակնկալ: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ այս հարցում է հաջողակ: Նա կարող է ինքզինքը հաճույք պատճառել, ինչպես ասում են` ուղիղ տեղում անգամ: Հա, նախազգուշացնեմ, որ խոսքն անձնական հաճույքի մասին չէ այս դեպքում, այլ ողջ կուսակցությունով հաճույք ստանալու, իսկ որտեղ «Ժառանգությունը», այնտեղ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը:



Սկսենք այնտեղից, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաթիռի մեջ է եղել, երբ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ երբ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄՆ-ում, Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանն արդեն հայտարարում էին, որ նախագահի հետ հանդիպումը քննարկվել է կուսակցությունում, եւ իրենք դաբրո են ունեցել: Այս բացատրությունից հետո, բնականաբար, ԶԼՄ-ները հանդարտվեցին, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չէր հասցրել օդանավակայանից հասնել մայրիկի մոտ, երբ լուր տարածվեց, որ Զարուհի Փոստանջյանը Վանաձորում Արմեն Մարտիրոսյանին եւ Ռուբիկ Հակոբյանին Սերժ Սարգսյանի «հաճախորդ» է անվանել եւ սպառնացել կուսակցությունից նրանց վտարման հարցը դնել:



Կրքերը «Ժառանգության» շուրջ սկսեցին բորբոքվել, բոլոր թերթերի ճակատներին նույն վերնագիրն էր` «Սկանդալ»: Բա սկանդալ չէր` ի՞նչ էր… Թվում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կընդհատի իր ամերիկյան այցն ու կվերադառնա Երեւան` կանխելու դավադրությունը: Բայց ոչ, նա նույնիսկ իր խոստացած հավաքին չբարեհաճեց ներկայանալ:



Ավելորդ է ասելը, որ մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնար, «Ժառանգության» մոտալուտ պառակտման մասին նյութերը չէին իջնում թերթերի առաջին էջերից, եւ այդպես` մոտ տասն օր: «Ժառանգականներին» երբ դիմում էիր, թե ինչ կա ձեզ մոտ, հարցը պարզաբանվե՞ց, «ուխոդ» էին անում. «Այ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնա, մենք մեր տղամարդու խոսքը կասենք»:



Ահա եւ Րաֆֆին վերադարձավ, բայց «Ժառանգությունից» ոչ ոք տղամարդու խոսք ասել չի պատրաստվում: Ինչպես ասում են` Րաֆֆիին են դեմ տվել մամուլին ու հասարակությանը: Իսկ ի՞նչ է ասում կուսակցապետը. «Մարտիրոսյանը եւ Հակոբյանը լիազորություններից դուրս չէին, ես ինքս չէի գնա նման հանդիպման, բայց նաեւ տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ այն կայացել է: Տեղյակ էի, որ այնտեղ կային խութեր, վտանգներ, շահարկման հնարավորություններ, բայց նաեւ մեզ մոտ կա կատարյալ ազատություն, միգուցե նաեւ ծայրահեղացրած ազատություն՝ տարբեր տեսակետներ արտահայտելու»: Ինչպես տեսնում եք` նա ոչինչ չի ասում, որովհետեւ, եթե մի կառույց կոչվում է կուսակցություն, ապա այնտեղ չեն կարող լինել ինքնագլուխ որոշումներ կայացնողներ: Բայց, մյուս կողմից էլ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` նրանք լիազորված էին: Շիլափլավ` բառիս բուն իմաստով: Իրավիճակը չի փրկում նաեւ նրա հետեւյալ խոսքը. «Այն ժամանակահատվածում տեղի ունեցավ այդ ամենը, երբ ես ինքնաթիռում էի, այդպես պատահում է մարդկային կյանքում, վերադարձին տեղեկացա դրա հնարավորության մասին, իմ առաջարկներն արեցի: Այնպես եղավ, ինչպես եղավ: Այդպես այլեւս չի կրկնվի, ես կփորձեմ կարեւոր պահերին չբացակայել: Բոլոր դեպքերում, կարծում եմ, լիազորման գերազանցում չի եղել, եղել է ներքին վեճ, հիմա արդեն՝ բաց վեճ»:



Ահա եւ հասանք մեր գլխավոր ասելիքին` ամբողջ կուսակցությունով հաճույք ստանալուն: Փաստորեն, այս ամենը նրա համար էր, որ բոլորը խոսեին «Ժառանգության» մասին, որ աղմուկ լիներ կուսակցության շուրջ, հետն էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը շատ չստվերեր կուսակցության ընդդիմադիր էությունը: Ամեն ինչ հրաշալի է` եւ կուսակցապետն է կուշտ, եւ կուսակցականներն են իրենց տեղում: Իսկ ոչ ոք չի պատժվելու, որովհետեւ «Ժառանգությունում» բոլորն ազատ են անելու` ինչ ուզում են, ասելու` ինչ ուզում են: Կարեւորն էլ այն է, որ «Ժառանգության» ընդդիմադիր կեցվածքին ոչինչ էլ չի սպառնում:



Նախանձել կարելի է…