Կոչեր անելով չէ

Կոչեր անելով չէ

Իմ լավ բարեկամներից մեկը, անունը չեմ տալիս, որովհետեւ նրան շատ-շատերն են ճանաչում, իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր նամակ է գրել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին:
«Ոչ մեքենա ունեմ, ոչ էլ բանկից վարկ եմ վերցրել:
Բա ես հիմա քաղաքացիական անհնազանդությանը ո՞նց մասնակցեմ:
Հարգելի Ժիրայր Սեֆիլյան, խնդրում եմ ինձ համար հատուկ մի ձեւ մտածել, որ կարողանամ ես էլ մասնակցել քաղաքացիական անհնազանդությանը...
Հա, ի դեպ, այսօր հեռախոսիս քաղաքապետարանն «ուղերձ» էր հղել՝
Վճարե՛ք գույքահարկը, հողի հարկը, աղբահանության գումարը, թե չէ....
Կարո՞ղ եմ չվճարել, Ժիրայր ջան, դու Տարոնին կասես, էլի, որ Կ.-ն անհնազանդության մեջ է ու երկար ժամանակ մնալու է դրա մեջ....»:



Ահա, այսպիսի մի կարճ նամակ, որով, սակայն, ըստ մեզ, ի ցույց է դրել ռեժիմի կատաղի հակառակորդների` վարկերը չմարելու եւ տուգանքները չվճարելու կոչերի ողջ սնանկությունը: Բարեկամս բողոքում է, որ չի կարող միանալ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հռչակած անհնազանդությանը, որովհետեւ վարկ չի վերցրել ու չգիտի ինչը չմարել: Այսինքն, Ժիրայր Սեֆիլյանն առնվազն արդեն գլխի ընկավ, որ իր կոչով հասարակությանը բաժանեց առնվազն երկու մասի` վարկ ունեցողների եւ չունեցողների: Բայց սրանով Սեֆիլյանի էլեկտորատի փոշիացումը չի ավարտվում: Վարկ ունեցողներն էլ իրենց հերթին են տարբեր: Նրանց էլ կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը` որ բիզնես ու աշխատանք ունի եւ կարողանում է վարկերը փակել, եւ երկրորդը` որ դժվարանում է կամ չի կարողանում: Ժիրայրը, փաստորեն, աշխատում է այս վերջին խմբի վրա: Հասկանալի է, որ այս խմբում տրամադրություններն այնքան էլ պոզիտիվ չեն, կա ներքին բողոք, կռիվ բանկային տոկոսների շուրջ: Բայց նույնիսկ այս խմբում կան մարդիկ, որոնց համար բանկից վերցրած վարկը մարելը որոշակի ստիմուլ է հանդիսանում աշխատելու, վաստակելու համար: Ժիրայրը, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի նաեւ այս հանգամանքի հետ: Արդյունքում` նրա դրոշի տակ լավագույն դեպքում կհավաքվի մի քանի հազար մարդ, ովքեր վարկեր ունեն եւ հույս չունեն, թե կկարողանան մարել:



Հիմա մի հարց եմ ուզում տալ Ժիրայր Սեֆիլյանին` տե՞ր ես այդ մի քանի հազար հոգու ճակատագրին: Այո, այո, հարցնում եմ` տե՞ր ես, եթե դատական կատարածուները նրանց ընտանիքները շպրտեն փողոց ու բանկերին նվիրեն գրավադրված գույքը:
Տեր չես, պարոն Սեֆիլյան: Եվ գիտե՞ս ինչու եմ այսպես մտածում: Տառապանքս փորձ ունի: Երկու հատ քոթակեցին` Բերձորից փախաք, երկու հատ քֆուր տվեցին` վախեցաք Գյումրի մտնել, իսկ որ մի հատ էլ բանկերը փըխկ անեն` լեղապատառ Արազն էն կողմը կփախչեք: Մի՞թե սա չէ Ձեր շարժման ողջ պատմությունը:



Ախր, կոչեր անելով չէ: Ես ավելի ռադիկալ կոչ կարող եմ անել, այնպիսի կոչ, որ նույնիսկ վարկ չունեցողները միանան: Օրինակ` բոլորով մտնում ենք բանկ, դարակների վրա ինչ կա-չկա՝ հավաքում ենք ու երջանիկ ապրում: Կարծում եմ` շատերը կմիանան: Թե չէ այդ ի՞նչ քնձռոտ կոչ է` վարկերը չմարել կամ 5000 դրամի տուգանքը չվճարել:



Մի ուրիշ շատ կարեւոր նրբություն էլ հաշվի չի առել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարը: Բանն այն է, որ վարկերի առյուծի բաժինը ոչ թե ժողովրդի մոտ է, այլ մեծահարուստ բիզնեսմենների: Հիմա պատկերացրեք, որ նրանք էլ միանան Սեֆիլյանի կոչին ու հրաժարվեն փակել 100 միլիոնավոր դոլարների վարկերը… Կարծում եմ` Ժիրայր Սեֆիլյանը չի կարող տեր կանգնել հետագա իրավիճակին: