Ակնհայտ է, որ սա տեղավորվում է այդ նույն շղթայի մեջ․ Լևոն Զուրաբյան

Ակնհայտ է, որ սա տեղավորվում է այդ նույն շղթայի մեջ․ Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցւոմ անդրադառնալով այսօր առավոտյան Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում կատարված խուզարկությանն ու նրանցից որոշների ձերբակալությանը, ասաց, որ ինքը նոր է իմանում այդ մասին և հիշեցրեց, որ Կոնգրեսը բազմիցս հայտարարությւոններ արել է «ռեժիմի» կողմից մարդկանց սահմանադրական իրավուքնների խախտման վերաբերյալ, այդ թվում՝ նար ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլ հարցերում խախտումների առնչությամբ։ Հայտարարություններ տարածել են նաև Հիմնադիր խորհրդարանի գործունեության վերաբերյալ։



«Հիմա, իհարկե, նոր եմ իմանում, և դժվար է ոտքի վրա գնահատական տալը, բայց ակնհայտ է, որ սա տեղավորվում է այդ նույն շղթայի մեջ՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման այդ շղթայի, իսկ մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո ավելի հստակ արդեն գնահատական կտանք»,-ասաց նա՝ չբացառելով, որ ծանոթանալուց հետո հնարավոր է՝ հայտարարություն էլ տարածեն ՀԱԿ-ի կողմից։



Հարցին, թե արդյոք Քննչական կոմիտեն իր լիազորությունները չի չարաշահել, երբ իր հայտարարության մեջ Հիմնադիր խորհրդարանի անդամենրի քայլերի վերաբերյալ գնահատական է տվել Ապրիլի 24-ի շրջանակներուկ առկա բարոյականության համատեքստում, պարոն Զուրաբյանն ասաց․ «Գիտե՞ք ինչ, եթե ոստիկանությունն իրեն թույլ է տալիս շտկումներ կատարել ցուցարարների կարգախոսների, ձեռքում բռնվաց էդ պլակատների վերաբերյալ, սա արդեն ցույց է տալիս նրանց իրավական մտածողության մակարդակը։ Նրանք իսկապես կարծում են, որ ոստիկանությունը կամ քննիչը կարող է բարոյական, քաղաքական դատողություններ անել կարգախոսների վերաբերյալ կամ ծրագրերի վերաբերյալ, որը, իհարկե, աբսուրդ է և ֆունդամենտալ սահմանադրական ազատությունների ոտնահարում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ