Պուտինը չի կարող միաժամանակ լինել Երևանում և Անկարայում

Պուտինը չի կարող միաժամանակ լինել Երևանում և Անկարայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված հանդիսությանը Ռուսաստանը ներկայացված կլինի «բարձր մակարդակով»: Ապրիլի 24-ին Պուտինի՝ Երևան այցի մասին հարցին Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցը դեռ քննարկվում է և կլինի հայտարարություն:



«Ռուսաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- իր հերթին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:



Ի՞նչ է այս ամենը նշանակում: Սա նշանակում է՝ Պուտինի համար պայքարը Սերժ Սարգսյանի և Ռեջեփ Էրդողանի միջև դեռ շարունակվում է: Ըստ էության՝ Տիգրան Բալայանը ոչ մի կերպ չի հերքել Պեսկովի հայտարարությունը, որ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը Ռուսաստանը ներկա կլինի բարձր մակարդակով: Իսկ թե ինչ է նշանակում «բարձր մակարդակով» ասվածը դիվանագիտական շրջանակներում, ինքնին հասկանալի է՝ Պուտինը կգնա Թուրքիա:



Մյուս կողմից էլ Բալայանը հաստատել է Պեսկովի հայտարարությունն այն մասին, որ ապրիլի 24-ին Պոիտինի այցը Հայաստան դեռ քննարկվում է: Բալայանը պնդել է, որ այդ հարցը եղել է արտգործնախարարներ Նալբանդյանի և Լավրովի բանակցությունների առանցքային հարցը:



Առայժմ հստակ բան չեն ասում՝ ինչպե՞ս է Պուտինը միաժամանակ ներկա լինելու Երևանում և Անկարայում: Դա իրոք շատ հետարքիր կլինի, սակայն, ինչպես ասում են, հրաշքների գրքից է: Մնում է մտածել, որ Հայաստան կգա Պուտինի կրկնօրինակը կամ մինչև ապրիլի 24-ը Նալբանդյանը կհայտարարի, որ մոսկովյան բանակցություններում Պուտինի գալու հաշվով խոչընդոտներ են ծագել, ինչն ինքը անհարմար է զգացել խոստովանել:



Մենք մի առիթով ասել էինք, որ խանդը քաղաքական կատեգորիա չէ, իսկ Հայոց ցեղասպանությունն ու Գալիպոլիի տոնակատարությունն էլ համեմատության եզրեր չունեն: Հետևաբար՝ այս մրցակցության կարիքը չկա: Որոշ հայկական պարբերականներ, նկատի ունենալով Պեսկովի հայտարարությունը, գրել էին՝ ապտակ Հայաստանին, Պուտինը գնում է Թուրքիա: Նախ՝ ապտակն այդպիսի բան գրողին և հետո՝ գնո՞ւմ է, թող գնա, ուրեմն՝ խելքն այդքան է հասնում, կամ այդքան կախվածություն ունի Թուրքիայից, որ գնում է օճառվելու: Սա լրիվ քաղաքական հաշվարկ է, և մեզ պատիվ չի բերում նրա փեշերից կախվել, թե վայ, Վալոդ ձյաձա, արի Հայաստան:



ՀՀ ԱԳՆ-ն որքան շուտ հայտարարի Պուտինի գալ-չգալու մասին, այնքան լավ թե մեր, թե Պուտինի և թե բոլոր այն առաջնորդների համար, ովքեր կգան Հայաստան, եթե Պուտինը չգա: