Ոչ մի բան չի բացառվում

Ոչ մի բան չի բացառվում

ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի եւ Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի հորից՝ Մուրադ Գուլոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կասի որդու մարզպետ նշանակվելու վերաբերյալ, ինչպե՞ս է գնահատում, եւ ինչպե՞ս եղավ, որ հենց նրան նշանակեցին:



«Ձեր բոլոր հարցերի պատասխանը կգնաք Աբովյան քաղաք, կայցելեք, կնայեք, Դուք ինքներդ կհամոզվեք, որ ինքն իր աշխատանքով ապացուցեց, որ կարող է նաեւ մարզպետ աշխատել»,-ասաց նա՝ միանգամից առաջ անցնելով ու նշելով, որ քաղաքական ոչինչ չկա այդ նշանակման մեջ: «Ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ»,-վստահեցրեց ԲՀԿ նախկին առաջնորդի խնամին: Իսկ կկարողանա՞ իր երիտասարդ որդին հաջողությամբ կառավարել մարզը: «Ժամանակը ցույց կտա»: Հարցին, թե ում է պատկերացնում որպես Աբովյանի քաղաքապետի թեկնածու, պարոն Գուլոյանն ասաց. «Չեմ կարող ասել»: Իսկ կպաշտպանի՞ որեւէ մեկի թեկնածությունը: «Առայժմ՝ ոչ»:



Գուլոյանին մեր զրույցի ընթացքում ուղեկցում էր ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Մելիք Մանուկյանը, ով հասարակության շրջանում առավել հայտնի է Շշի Մելո անունով, քանի որ նրան է պատկանում Աբովյանի մոտակայքում գտնվող շշերի արտադրամասը: Հենց նրա եղբոր անունն է շրջանառվում Աբովյանի քաղաքապետի թեկնածուների շարքում: Փորձեցինք այս թեմայով մի քանի հարց ուղղել նաեւ նրան:



- Պարո՛ն Մանուկյան, Ձեր եղբոր անունն է շրջանառվում, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ճի՞շտ է:



- Ընտրությունների օրը թող մոտիկանա, երբ որ կմոտիկանա օրը, էն վախտ կիմանանք:



- Ձեր եղբայրը որեւէ կուսակցական պատկանելություն ունի՞, որեւէ կուսակցության անդամակցո՞ւմ է:



- Ոչ, ոչ:



- Իսկ հնարավո՞ր է, առաջադրման դեպքում, իշխանությունները կամ որեւէ կուսակցություն սատարեն նրան:



- Հնարավոր է, ինչ ասես՝ հնարավոր է:



- Ի՞նչ կասեք այն մասին, որ Աբովյանը մինչեւ վերջերս գտնվում էր Գագիկ Ծառուկյանի իշխանության տակ, եւ հիմա, փաստորեն, Գուլոյանին տեղափոխելով, իշխանությունները կարծես փորձում են Ծառուկյանի ձեռքից «խլել» այդ իշխանությունը, որ ունի Աբովյանի տարածքում:



- Ծառուկյանի ձեռից ոչ մի բան էլ չեն խլի, ու էդ խոսակցություններն ավելորդ խոսակցություններ են, դա քաղաքական դիտողություն ա… ընտրություն ա, կմասնակցեն, թեկնածուներ կլինեն, կընտրվեն՝ շատ լավ, չեն ընտրվի՝ իրանց գործն ա, Ծառուկյանն ի՞նչ կապ ունի:



- Այդուհանդերձ, չեք բացառում, որ Ձեր եղբայրը կառաջադրվի:



- Ոչ մի բան էլ չի բացառվում:



- Իսկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) առաջադրման վերաբերյալ ի՞նչ կասեք, քանի որ նա ՀՀԿ անդամ է, եւ չի բացառվում, որ իշխանությունները հենց նրա թեկնածությունը պաշտպանեն: Այդ դեպքում Ձեր եղբոր շանսերը չե՞ն նվազի:



- Արի «եթե»-ներով չխոսենք, էլի: