Ովքե՞ր են մեկնելու Բաքու

Ովքե՞ր են մեկնելու Բաքու

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեցինք. ի վերջո, ովքե՞ր են մեկնելու Բաքու հայ պատվիրակության կազմում՝ մասնակցելու Եվրոպայի մարզական առաջին խաղերին: Նախարարն ասաց, որ դեռ հայտնի չէ պատվիրակության կազմը, վերջնական ժամկետն ապրիլի վերջն է, այսինքն՝ մինչեւ ամսվա վերջ նոր պարզ կդառնա: Նա դժվարացավ ասել նաեւ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմեկնի՞, թե՞ ոչ: Նախարարին հայտնի չէր նաեւ անձամբ իր մեկնելու հարցը: Ինքն էլ է սպասում ապրիլի վերջին: Ինչպե՞ս է վերաբերվում նախարարը հայ մարզիկների՝ Բաքու մեկնելուն դեմ կարծիքների առնչությամբ հասարակական վերաբերմունքին, որ չարժե գնալ հակառակորդ երկիր, որ անվտանգության խնդիր կա, դատավորների անաչառության խնդիր կա եւ այլն: Պարոն Ղազարյանն ասաց.



«Հայաստանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին, եւ իրենք էլ համապատասխան կտրամադրեն մի հանձնաժողով, որը կոնկրետ զբաղվի Հայաստանից մեկնած մարզիկների` այդ մրցավարության հետ կապված հարցերով»: Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, Գ. Ղազարյանն ասաց, որ Օլիմպիական կոմիտեն ոչ թե երաշխիք է տվել, այլ խոստացել է, որ հետամուտ կլինի այդ հարցում: Հիշեցնենք, որ Եվրոպայի մարզական առաջին խաղերը կանցկացվեն հունիսի 15-23-ը, Հայաստանից կմասնակցեն 6 մարզաձեւերի ներկայացուցիչներ: Դրանք մենապայքարային մարզաձեւեր են՝ բռնցքամարտ, ըմբշամարտ (ազատ եւ հունահռոմեական ոճի), ձյուդո, սամբո, թեքվանդո, հրաձգություն:



Հայաստանի օլիմպիական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այս պահին ինտենսիվ մարզումներ են իրականացնում մեր մարզիկները: Իսկ մեր հարցին, թե ովքեր են մեկնելու Բաքու մեր պատվիրակության կազմում, եւ արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմեկնի, թե ոչ, ՀԱՕԿ մամուլի խոսնակ Յուրա Ալեքսանյանն ասաց, որ իրենց եւս դեռ ոչինչ այս պահին հայտնի չէ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ