Տարոն Մարգարյանը պատրաստ է ավագանու անդամներին բնակարաններ նվիրել

Տարոն Մարգարյանը պատրաստ է ավագանու անդամներին բնակարաններ նվիրել

Երեւան քաղաքի ավագանու նիստում Տարոն Մարգարյանը եւ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը երեկ բանավեճի բռնվեցին օրակարգի այն հարցի շուրջ, որով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի միջնորդությամբ ավագանին պետք է բնակարաններ անհատույց օտարեր սուրբ Սարգիս եկեղեցու 29-ամյա սարկավագին եւ նրա հասակակից մեկ այլ աշխատակցուհու: Արմեն Մարտիրոսյանը վրդովվեց, թե տակավին երիտասարդները երբ դարձան վաստակավոր ու որ արժանիքի համար է նրանց անհատույց սեփականության իրավունքով տրվում բնակարաններ մայրաքաղաքում, այն դեպքում, որ հազարավոր ազատամարտիկներ, հաշմանդամներ, վաստակավորներ, իրական կարիքավորներ անտեսված են նույն քաղաքապետարանի կողմից:



Մարտիրոսյանը իր օրինակը բերեց, թե ինքը 20 տարվա դասախոսական գործունեությամբ է զբաղված է, ի՞նչ է, ուրեմն վաստակավո՞ր է եւ ի՞նքն էլ պիտի դիմի բնակարանի համար: Տարոն Մարգարյանն ու իր համախոհները չընկալեցին Մարտիրոսյանի օրինակը, եւ հեգնանքի ալիք բարձրացավ, թե տուն է ուզում:



Այնինչ, Մարտիրոսյանը իր օրինակով ուզում էր ասել, որ մասնագիտական գործունեությամբ զբաղվելը դեռ տուն ուզելու նախադրյալ չէ: Գիտությունների թեկնածու քաղաքապետն էլ փոխանակ հետեւոթյուն աներ Մարտիրոսյանի հարցադրումներից ու վերանայեր իր անարդար որոշումը, հեգնեց. «Պարոն Մարտիրոսյան, Եթե Դուք էլ բնակարանի կարիք ունեք, մի դիմում գրեք ներկայացրեք, կքննարկենք»: Մարտիրոսյանն էլ հանդարտեցրեց. « Ես իմ համար չեմ ասում, ես բնակարանի կարիք չունեմ»: