Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:



Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:



Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպան Միլսը, կարևորելով Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:



«Միաժամանակ, ԱՄՆ դեսպանը նշել է, որ պայմանավորված միջազգային տարբեր հիմնախնդիրներով՝ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական պետություններում և Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ դա որևէ կերպ պայմանավորված չէ համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա», - նշված է հաղորդագրության մեջ: