Աբովյանի ընտրություններում ՀՀԿ-ի՝ սկզբունքները պարզ են, քայլերը՝ դեռ ոչ

Աբովյանի ընտրություններում ՀՀԿ-ի՝ սկզբունքները պարզ են, քայլերը՝ դեռ ոչ

ՀՀԿ-ն իր այսօրվա Գործադիր մարմնի նիստում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, մասնավորապես՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիա կատարած այցին, Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագին, քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նիստում նաև անդրադարձ է եղել հանրապետական նշանակության հարցերին։



Այս մասին քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ահնդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Մասնավորապես՝ Գործադիր մարմինը քննարկեց ՀՀԿ-ի մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին ինչպես ավագանու, այնպես էլ համայնքապետերի մակարդակով»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրույթւոններում ՀՀԿ-ն ինչպե՞ս է մասնակցելու, թեկնածու առաջադրելու կամ որևէ մեկին սատարելու՞ է, թե՞ ոչ, Աշոտյանն ասաց․«Որևէ անվանական հարց այս ընթացքում չի քննարկվել, քննարկվել են սկզբունքներ, իսկ սկզբունքը հետևյալն է՝ ՀՀԿ-ն առավելագույնս մասնակցում է բոլոր այն ընտրություններին, որտեղ իր թեկնածուներն ունեն հաղթելու հնարավորություն, իսկ Հանրապետական կուսակցության տեղական կառույցները կարող են օգտակար լինել տվյալ համայնքի ազգաբնակչությանը։ Ինչպես գիտեք, մեր վիճակագրությունն այնպիսին է, որ դա՝ իմ ասած բանաձևը, աշխատում է Հայաստանի Հանրապետության համայնքների մոտավորապես 2/3-ում։ Գալիք ընտրությունները հունիս ամսին են, և մինչ այդ մենք, բնականաբար, ավելի կկոնկրետացնենք այն ձևաչափը, որով կմասնակցենք այդ ընտրություններին»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ