Րաֆֆի Գյոզալյանը՝ իր չկայացած ասուլիսի և ԲՀԿ-ն լքելու շարժառիթների մասին

Րաֆֆի Գյոզալյանը՝ իր չկայացած ասուլիսի և ԲՀԿ-ն լքելու շարժառիթների մասին

Սիրելի հայրենակիցներ,



Ինչպես տեղյակ եք, այսօր տեղի էր ունենալու իմ մամլո ասուլիսը <<Ազդակ>> մամուլի ակումբում, որի ընթացքում խոսելու էի իմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Օրվա թեմային պատրաստված` արդեն շենքի մուտքի մոտ էի, երբ ինձ «Ազդակ» ակումբից, հեռախոսազանգի միջոցով ծանուցեցին, որ ասուլիս չի լինելու, որովհետև իրենց ասուլիսավար աշխատակցուհին վատառողջության պատճառով բացակայում է աշխատանքից:



Առաջին անգամը չէ, որ ես ունենում եմ ասուլիսներ ու գիտեմ` նման դեպքերում ընդունված պրակտիկա է ասուլիսը հետաձգելը, բայց ոչ երբեք ուղղակի ասուլիսի չեղարկումը: Սակայն որևէ կերպ չառարկեցի: Արդեն օրվա երկրորդ կեսին հեռախոսազանգ ստացա օրաթերթերից մեկի լրագրողից, ով ցանկանում էր հարցազրույց վերցնել նույն թեմայի հետ կապված: Մեծ եղավ զարմանքս, երբ վերջինս հարցրեց ինձ, թե ինչո՞ւ չեմ ներկայացել ասուլիսին, քանի որ, ասուլիսին հավաքված լրագրողներին իրազեկել են, որ ես չեմ ներկայանալու և այդ պատճառով ասուլիսը չեղյալ է հայտարարվում:



Այս պահին ունեցածս տեղեկատվությունը բավարար չէ պնդելու համար, թե արդյոք ասուլիսի չեղարկման հարցում ինչ-որ կանխամտածված քայլ կա, սակայն ամեն դեպքում, իրավունք ունեմ դա ենթադրելու: Եզրակացությունները թողնելով հանրությանը՝ այնուահանդերձ այս եղանակով կխոսեմ չկայացած ասուլիսիս թեմայի վերաբերյալ:



Սիրելի հայրենակիցներ, հանդիսանալով մի շարք երիտասարդական ծրագրերի ղեկավար, ինչպես նաև` «Մենք» երիտասարդական շարժման նախագահ, դեռ Երևան քաղաքի ընտրությունների նախընտրական փուլում իմ թիմակիցների հետ միասին հանրային հանդիպում ունեցա կուսակցության նախկին նախագահ պրն. Ծառուկյանի հետ: Հանդիպման ժամանակ հայտարարեցինք , որ սատարելու ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Հանդիպելով մեր երիտասարդներին և տեսնե;ով մեր աշխատանքը` պրն. Ծառուկյանը մեզ վստահեց Երևանի ավագանու մեկ մանդատ:



Ես ինքս 2011թ.-ից հանդիսացել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ , 2013թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և պետք է ասեմ, որ կուսակցության շարքերն եմ համալրել` վստահելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքին և գործին: Հետևաբար` առաջնային պատճառը իմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու, նախկին նախագահ պրն. Ծառուկյանի` նախագահի պաշտոնից հրաժարվելն է:



Րաֆֆի Գյոզալյան



Հ.Գ. Հպարտ եմ, որ ունեցել եմ պրն. Ծառուկյանի նման ղեկավար և ինձ համարում եմ վառ օրինակը պրն Ծառուկյանի այն խոսքերի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «ծանոթ-բարեկամի» կուսակցություն չի եղել: