Այսօր Մհեր Բեյլերյանի՝ «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսն է

Այսօր Մհեր Բեյլերյանի՝ «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսն է

«Լոֆթ» ինքնազարգացման և հանգստի կենտրոնում՝ հասցեն Մոսկովյան 3 շենք, այսօր ապրիլի 16-ին, ժամը 18:00- ին կկայանա արձակագիր Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսը: 



Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից XXI. մատենաշարով: 



Ժողովածուն ամփոփվում է՝ Եղեռնին առնչվող Մեղքի հարյուր տարին համանուն վիպակով և պատմվածքներով:



 



Ստորև ներկայացնում ենք Մհեր Բեյլերյանի պատմվածքներից.



 



ՄԱՅՈՐԸ



 



Մայորի աչքերը հազվադեպ են երևում հաստ հոնքերի տակից: Ընկերները նրան Ուղտ են ասում, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա կոտրատվելով քայլելը և մշտապես որոճալը, անկախ այն բանից` բերանը լի՞քն է, թե՞ դատարկ: Ընդհանուր առմամբ մայորը չափազանց անհետաքրքիր է` նրա մասին գրելու համար, բայց կա մի առանձնահատկություն, որը նրան տարբ երում է մյուսներից: Երբ մայորը խոսում է, ունկնդիրները հանկարծ արտասվելու ցանկություն են ունենում ` անկախ նրա ասածի



բովանդակությունից...
-Դու ինձ մի օր հասցնելու ես,-հեկեկալով ասաց վերադասը, այն բանից հետո, երբ մայորը զեկուցեց, որ հերթապահությունն անցել է առանց միջադեպերի:
-Հոգիս հանեցիր,-լացելով խոստովանեց կինը, երբ մայորը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով,-էլ ինձ հետ մի՛ խոսիր: Լացելուց հոգնել եմ:
Մայորը միայն թոթվեց ուսերը և հեռացավ: Աշխարհի բոլոր մայորների նման նա ևս թուլություն ուներ ամենայն խմիչքի և ուտելիքի նկատմամբ, և ես որոշեցի օգտագործել այդ թուլությունը և վերջապես բացահայտել նրա գաղտնիքը:
-Էսօր ի՞նչ ես անում. արի գնանք` մի քիչ նստենք:
Նա միայն թոթվեց ուսերն ու շարունակեց որոճալ, չնայած բերանում ոչինչ չկար:
Երբ զգացի, որ քեֆը տեղն է, առանց նախաբանի հարցրի.
-Լսիր, ինչի՞ց է, որ հետդ խոսելիս մի տեսակ հուզվում եմ:
Նա հոնքերն ավելի կիտեց, կոնծեց ու ասաց.
-Գիտե՞ս, պատերազմի ժամանակ ինչեր եմ տեսել: Կամ պիտի գժվես, կամ հոնգուրհոն
գուր լաց լինես: Բայց ո՞նց լացես, երբ զինվորներդ քեզ են նայում:
Նա երկար լռեց, հետո խմեց վերջին բաժակը, թոթվեց ուսերն ու հեռացավ:
Քիչ անց ինձ մոտեցավ մատուցողը: Նա բութ մատով մաքրեց աչքից ծորացող արցունքն ու ասաց.
-Ախպերս, մայորն ասավ հաշիվը դու ես փակելու:
Ես վճարեցի ու դուրս եկա: Մայորն արդեն հասել էր խաչմերուկին և հիմա փորձում էր անցնել փողոցը: Անցորդները չէին կռահում, որ նա խելագար է: Այդ մասին գիտեր միայն ինքը և ես: Նա չէր կարող արտասվել իր զինվորների մոտ և նախընտրել էր խելագարվել: Նա այնքան արցունք էր կուլ տվել, որ հիմա բոլորը լացում էին նրա փոխարեն: Բայց ոչ ոք չէր կռահում, որ նա խելագար է, քանի որ մայորը թաքցնում էր աչքերի ցնորքը թավ հոնքերի տակ:



 



ԽՈՒԱՆ ՄՈՐՏԵՍԻ ՍԽԱԼԸ



 



Պատմվածքի նկարագրված դեպքը տեղի է ունեցել իրականում: Խուան Մորտեսը ներկայումս պատիժ է կրում լատինամերիկյան բանտերից մեկում:



Կինը շարունակում էր խոսել: Նայելով նրա ճերմակ մազերին ու անատամ ժպիտին` Խուան Մորտեսը թերևս իր մորն էր հիշում կամ գուցե տատիկին: Ամեն դեպքում նրան սկզբում հաճելի էր լսել այդ կնոջը, որն անընդհատ ավելացնում էր իր բաժակի թեյը, որպեսզի զրուցակիցը չձանձրանա և մինչև վերջ լսի իրեն: Խուան Մորտեսն արդեն հորանջում էր, որովհետև կնոջ պատմությունների վերջը չէր երևում: Կինը մերթ պատմում էր Սուրբ Կատերինայի, մերթ հարբեցող տղայի մասին, որին արդեն հոգնել էր հանել տարբեր պատմություններից: Երբ կինն ասաց, որ տղան տարբեր կանանցից չորս զավակ ունի, Մորտեսը հենվեց բազմոցին` հասկանալով, որ պատմությունը միայն նոր է սկսվում: Նա արդեն մոռացել էր, թե ինչու էր եկել, տարեց կնոջ միալար ձայնը նրան արդեն թմրեցրել էր: Թմբիրի մեջ ինչ-որ ոստիկան մահակով հարվածում էր նրա երիկամ ներին ու կրկնում© «Ինչպե՞ս համարձակվեցիր մտնել այդ սուրբ կնոջ տունը»: Եվ Մորտեսը կռահեց, որ այդ կինը հենց Սուրբ Կատերինան է: Ուրիշ էլ ո՞վ կհյուրասիրեր իր տուն մտած գողին, կզրուցեր նրա հետ, կպատմեր իր մասին: Երբեք Խուան Մորտեսը նման ջերմություն չէր զգացել: Մայրը շուտ մահացավ, իսկ լուսահոգի տատը, երբ հարբում էր, սկսում էր ծեծել նրան ձեռնափայտով: Ժիր տատիկ էր, իսկը վհուկ: Մի օր փոքրիկ Խուանը դանակով սպառնաց տատին, և տանը նրան այլևս չէին հարվածում: Փոխարենը շան ծեծ էին տալիս բակում: Արդեն 15 տարեկանում հայտնի գող էր, հասցրել էր երեք անգամ դատապարտվել: Նույնիսկ ընկերներն էին նրանից վախենում, իսկ ոստիկանները պարզապես հրեշ էին համարում: Ճիշտ է դաժանություններ էլ է արել, բայց մի՞թե ստիպված չի եղել, մի՞թե երբևէ առաջինն է հարձակվել: Խուան Մորտեսի թշնամիները երկար չէին ապրում, և դա նրա ընտրությունը չէր: Եվ ահա տանից փախչելուց հետո առաջին անգամ նրան դիմավորում են հարազատի պես: Տարեց կինն, իհարկե, սկզբում վախեցավ, բայց երբ Մորտեսն ասաց, որ նրան ձեռք չի տա, կինը
միանգամից հավատաց: Նա չփորձեց փախչել կամ ճչալ, այլ երկար նայեց Խուանի հյուծված դեմքին և առաջարկեց իր հետ ճաշել: Կնոջը հավանաբար ոչ ոք չէր այցելում: Նա այնքան միայնակ էր, որ ուրախ էր նույնիսկ գողին: Նախքան ննջելը, Մորտեսը որոշեց, որ մի լավ կքոթակի այդ պառավի տղային, իսկ հետո պառավին կպահի, ինչպես ժամանակին իր տատիկին էր պահում...
Նա արթնացավ երիկամ ների սուր ցավից: Ոստիկանը մահակով հարվածում էր ու կրկնում. «Ինչո՞ւ մտար այդ սուրբ կնոջ տունը, այ...»: Նրան նստեցրին ոստիկանության մեքենան: Դեռ լրիվ չէր արթնացել և լավ չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում: «Քո մասին է»,-ասաց ոստիկանը և բարձրացրեց ռադիոյի ձայնը:
«...Երբ նա հասել է թոռներին, գողը վերջապես քնել է, և հնարամիտ տատիկը զանգել է ոստիկանություն: Գողի անունն է Խուան Մորտես»: